Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք առողջապահական համակարգն այսօր ունի կանխատեսում, և ըստ այդմ՝ բավարար ռեսուրսներ։
Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Կանխատեսումները՝ տեսական, կան, իհարկե։ Բայց դրանք ամեն օր կարող են փոխվել։ Եվ մենք տեսական կանխատեսումները պետք է փորձենք վերածել պրակտիկ կանխատեսումների և իրականության։ Այսինքն, երբ մենք կտեսնենք՝ այդ կանխատեսումը իրականացա՞վ, թե՞ չէ։ Այս իմաստով ուզում եմ անդրադառնալ մեր առաջին պացիենտին, երբ ունեինք մեկ պացիենտ և իր շփման շրջանակը՝ շատ փոքր, մենք ըստ այդմ էինք կանխատեսումներ անում և պատրաստվում՝ մեր մտքում ունենալով վատագույն սցենարները»։
Նա հավելեց, որ այս պահին իրենք գիտեն՝ որ ուղղություններով իրավիճակը կարող է զարգանալ. «Եթե հանկարծ տեսնենք, որ թվերն աճում են արդեն երկրաչափական պրոգրեսիայով, և անկառավարելի են, այդտեղ ուրիշ սցենար է գործում։ Օրինակ, որ թեթև դեպքերն ընդհանրապես չհոսպիտալացվեն։ Այսինքն՝ հիմա մենք բոլորին ենք հոսպիտալացնում, նույնիսկ 36.6 ջերմությունով, ում մոտ հաստատված է կորոնավիրուսը։ Բայց եթե գա մի սցենար, որ նման քաղաքացիների թիվը հարյուրներ-հազարներ լինի, ինչը այս պահին մենք փորձում ենք թույլ չտալ, ապա մենք նրանց նույնիսկ չենք էլ հոսպիտալացնի, որովհետև նրանք կարիք չունեն հոսպիտալացման»։
Անդրադառնալով առողջապահական համակարգի ունեցած ռեսուրսներին՝ Արսեն Թորոսյանն ասաց. «Դժվար է ապահովել, օրինակ, մի քանի հարյուր ազատ թոքերի արհեստական օդափոխության սարքեր, բայց հեշտ է այդ մի քանի հարյուր դեպքերը տարածել ժամանակի մեջ՝ երկարությամբ։ Այսինքն՝ բոլոր այն համակարգերը, որոնք կարողացել են այս հիվանդության դեպքերը տարածել ժամանակի մեջ, հիմնականում հաջողել են, և հիմնականում կրիտիկական խնդիր չունեն, օրինակ՝ Հարավային Կորեան։ Այնտեղ, ի դեպ, հիմնական տարածվածությունը երիտասարդներն են եղել, դրա համար շատ ցածր մահացության տոկոս ունեն, ի տարբերություն Իրանի և Իտալիայի, որոնք որ չեն կարողացել տարածել ժամանակի մեջ, և փաստորեն, բաց են թողել այդ պիկերը հարթելու հնարավորությունը։ Եվ երբ որ ունենում ես պիկ, ու հատկապես ծեր մարդկանցով պիկ, առողջապահական որևէ համակարգ դրան պարզապես չի կարող դիմանալ։ Եվ այդ ժամանակ գործում են պատերազմական օրենքները»։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ իրենք ամեն ինչ անում են, որ Հայաստանում այդ պիկերը չլինեն. «Մենք պիկ չունենք։ Եվ եթե նույնիսկ հաշվի առնենք մեր ունեցած թվերը, դա պիկ չէ։ Պիկը՝ հազարներն ու տասնյակ հազարներն է պացիենտների։ Օրինակ, Իտալիան, եթե չեմ սխալվում 30 000-ն անցավ, և մահերի թվով երեք հազարին է մոտենում. թվերն արագ փոխվում են։ Եվ եթե Իտալիան պիկը հարթեցներ, ինքն էլ խնդիր չէր ունենա։ Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ այդ պիկերը հարթեցնենք և չունենանք ծանր դեպքեր։ Եվ այս մեր կոչերը և սոցիալական պատասխանատվությունը հենց դրա համար է, որ ժողովուրդ, հիվանդությունը՝ հիվանդություն, բայց մենք հիմնականում պետք է պաշտպանենք այն խոցելի խավին, խոցելի մեր ընկերներին, հարազատներին, բարեկամներին որոնք որ հնարավոր է չդիմանան այդ հիվանդությանը, ինչպես շատ հիվանդությունների ժամանակ»։
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ