Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կորոնավիրուսի ժամանակ «չկտրել» կապը գիտելիքի հետ

Մարտ 19,2020 13:30

Microsoft-ի փորձագետը՝ առցանց դասընթացների կազմակերպման գործիքների ու հարթակների մասին

Microsoft-ի նորարար փորձագետ, Ա. Նավասարդյանի անվան հ.196 հիմնական դպրոցի ուսուցիչ Ռուզաննա Ստեփանյանը «Առավոտի» հետ զրույցում խոսեց  այն ծառայություններից, որոնց միջոցով կարելի է առցանց հեռավար դասընթացներ անցկացնել, երբ կորոնավիրուսի վտանգով պայմանավորված դադարեցված են դասերը կրթական հաստատություններում: Մասնավորապես, ինչպես տիկին Ստեփանյանն է նշում,  zoom.us-ը ծառայություն  է՝ վիդեոկոնֆերանսների եւ վեբինարների համար:

Ազատ տարբերակում կարելի է դասընթացներ անցկացնել 100 աշակերտների համար, մինչեւ 40 րոպե տեւողությամբ:

www.wiziq.com-ը եւս առցանց դասընթացներ կազմակերպելու ծառայություն է:

Ստեղծվում է դաս, որին աշակերտները միանում են։ Նրանք պետք է նախապես հաշիվ ստեղծեն այս միջավայրում: Այստեղ հնարավոր է անցկացնել առցանց հանդիպումներ, շփվել, հրապարակել առաջադրանքներ եւ հայտարարություններ: Անվճար տարբերակում դասընթացին եւ տեսահանդիպմանը կարող են միանալ 10 աշակերտ:

Google Classroom-ի միջոցով ուսուցիչները կարող են ստեղծել առցանց դասարաններ, որը մասնավոր է եւ փակ ուսուցչի եւ նրա աշակերտների համար, սովորողների հետ կիսվել էլեկտրոնային կրթական ռեսուրսներով, մեկնաբանել սովորողների աշխատանքները եւ այլն: Ինչ վերաբերում է Moodle համակարգին, այն հնարավորություն է տալիս կազմակերպել արդյունավետ առցանց հեռավար ուսումնական գործընթաց, դասավանդողին թույլ է տալիս ստեղծել դասընթացներ, դասացուցակներ, հայտարարություններ, թեստեր:

Facebook Live ծառայության օգնությամբ հնարավոր է հեռարձակել դասընթացի տեսանյութը անմիջապես Facebook-ից: Ուսուցիչները կարող են ստեղծել փակ խումբ տվյալ դասարանի համար, որտեղ կարող են կազմակերպել ուղիղ հեռարձակում եւ անցկացնել առցանց դասեր: Instagram Live ծառայության օգնությամբ հնարավոր է հեռարձակել տեսանյութը Instagram-ից: Ուսուցիչները կարող են հեռարձակել ուղիղ եթերը իրենց հաշվից, եւ եթե աշակերտները բաժանորդագրված են իրենց հաշվին, ապա նրանք ծանուցում կստանան հեռարձակման վերաբերյալ: Կամ՝ ուսուցիչները կարող են ստեղծել մասնավոր դասարանի հաշիվ եւ անցկացնել այնտեղ առցանց դասընթացներ:

Periscope հավելվածը ուղիղ հեռարձակումներ անցկացնելու համար է:

Որպեսզի աշակերտները կարողանան դիտել ուսուցիչների հեռարձակումները, նրանք պետք է տեղադրեն այս ծրագիրը իրենց հեռախոսում եւ ստեղծեն հաշիվ:

«Առաջին մտահոգությունը, որ ստացա ուսուցիչներից, այն էր, որ իրենք անհանգստություններ ունեն նախապես պլանավորելու հետ կապված: Ասում են, որ եթե մեկ շաբաթ հետո պետք է դաս անցկացնեն, ապա դրա համար պետք է առնվազն մեկ շաբաթ պատրաստվել, պլանավորել: Ուսուցիչն ինքն իրեն պետք է հարց տա, թե ինչ է ուզում սովորեցնել իր աշակերտներին, ինչ կրթական արդյունքներ ակնկալել դասընթացի արդյունքում, ինչ կայքեր եւ գործիքներ են օգտագործվելու եւ ինչպես է աջակցելու, որ աշակերտները կարողանան այդ արդյունքին հասնել:

Այս պատասխանից ելնելով՝ ուսուցիչը կամ դասախոսը պետք է աշխատանքային պլան կազմի, իսկ առցանց շփումների դեպքում պետք է նաեւ մուտքի կետեր լինեն, որտեղ հանդիպումները կայանան: Դրանք կարող են լինել բլոգ, կայք, որեւէ փակ խումբ: Իսկ այդ ամենի համար նախ պետք է ուսումնական նյութեր ստեղծել հեռակա կարգով ուսումնական աշխատանքը կազմակերպելու համար, նաեւ օգնել ուսանողներին, որպեսզի իրենք էլ ուսումնական աշխատանքին մասնակցեն: Հետեւաբար աշակերտը եւս պետք է մուտք ունենա այդ համակարգին»,-ասաց մեր զրուցակիցը:

Տիկին Ստեփանյանի խոսքերով, մի քանի մարտահրավերներ կան ուսուցիչների առաջ ծառացած՝ հեռավար ուսուցումը կազմակերպելիս. «Ուսուցիչների մի փոքր խումբ կա, որ սովորական դասին էլ առանձնապես ոչինչ չի անում: Եվ եթե այժմ պետք է հեռավար ուսուցում կազմակերպի, ստիպված է պատրաստվել, այսինքն՝ ինքը չգիտի՝ որտեղից սկսել: Բարեբախտաբար, դա ամենաքիչ հանդիպող մարտահրավերն եմ համարում, որովհետեւ մեր ուսուցիչները շատ պատրաստված են եւ բարեխիղճ;

Հաջորդ մարտահրավերն այն է, ու դասընթացի նյութը ստեղծելու համար ժամանակ է պահանջվում եւ տեխնիկական պատրաստվածություն, օրինակ՝ գործիքների տիրապետել եւ այլն: Իսկ երրորդ մարտահրավերը համարում եմ  երեխաներին հանձնարարվող աշխատանքների որակը: Ընդհանրապես թվային ծառայություններ պետք է օգտագործվեն»: Ռուզաննա Ստեփանյանը նշեց, որ ինքն անձամբ մի քանի տարի է՝ օգտագործում է zoom.us ծրագիրը, շեշտեց, որ այն հարմար է հատկապես շաբաթական երկու-երեք դաս ունեցող ուսուցչի համար:

Ի թիվս այլնի, Instagram Live ծրագրի մասին խոսելիս, մեր զրուցակիցը հայտնեց, որ այն հարմար է այնքանով, որ երեխաները շատ են օգտվում Instagram-ից, Instagram Live-ը փայլուն միջոց է միջին տարիքի համար եւս: Սքայփին ու հայկական Բարեւ գործիքին էլ անդրադարձ եղավ, ասաց, որ նախընտրում է Google Classroom-ը եւ Moodle-ը: Վերջինիս վերաբերյալ Ռուզաննա Ստեփանյանը ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ձեռնարկ ունի գրած:

Մասնագետը խորհուրդ տվեց Screencast-O-Matic ծրագրից օգտվել, նաեւ Google-ի առցանց գործիքներից. «Օրինակ, Google Docs-ը կարելի է օգտագործել համաժամանակյա ստուգումների համար, առաջադրանք տալ եւ այդ պահին տեսնել, թե ուսանողը կամ աշակերտն ինչպես է աշխատանքը կատարում»: Հավելեց, որ հարմար գործիք է LearningApps-ը, Classtime-ը: Հետադարձ կապի համար էլ առանձնացրեց DirectPoll-ը, google form-ը, Kahoot-ը: Այլ գործիքների մասին տիկին Ստեփանյանը խոստացավ մանրամասն խոսել առաջիկայում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031