Արսեն Մանուկյանը՝ պաշտոնյաների վերցրած կաշառքի, մաղարիչների մասին
«Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, եւ ես կարող եմ երաշխավորել, որ քանի այս քաղաքական իրողությունները գոյություն ունեն, դուք աջակցում եք այս քաղաքական իրողություններին, համակարգային կոռուպցիա չի լինելու: Բայց արդյոք ես կասե՞մ, որ այսօր պաշտոնյաները կաշառք չեն վերցնում: Իհարկե, չեմ ասի, որովհետեւ մենք ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա», – Ջերմուկում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առավոտը» փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Արսեն Մանուկյանին հարցրեց՝ ինչո՞վ եք բացատրում այն, որ անգամ հեղափոխությունից հետո կառավարության անդամներ, պաշտոնյաներ կաշառք են վերցնում: Ի պատասխան՝ Մանուկյանը հորդորեց այդ նույն հարցն ուղղել վարչապետին: Ըստ նրա, շատ ցավալի ու ամոթալի է, որ, օրինակ, կրթության ու գիտության փոխնախարարի հետ կապված կաշառքի գործ է հարուցվում. «Ինչպես վարչապետը նշել է, հին ու նոր կոռուպցիոներներ չկան, պայքարը պետք է հավասար լինի, պատասխան պետք է ստանան բոլոր կոռուպցիոներները, ովքեր առ այսօր շարունակում են նման վարքագիծ դրսեւորել: Կարելի է ասել, որ ցավոք, կան դեռեւս այդպիսի մարդիկ, որ մինչեւ վերջ չեն հասկացել»:
Հարցրեցինք՝ դուք նախարարի առաջին տեղակալն եք նաեւ եղել, ձեզ այսքան ժամանակ կաշառք չե՞ն առաջարկել, մաղարիչ չե՞ն տվել, ոսկեղենով ձեր կաբինետ չե՞ն եկել, ինչպես վարչապետն էր պատմում, Արսեն Մանուկյանը պատասխանեց. «Երբեւէ նման առիթ չեմ ունեցել, նման ակնարկ չեմ ունեցել, թերեւս միգուցե պատճառը եղել է այն, որ ես նման տպավորություն չեմ թողել: Վստահաբար, եթե լիներ, համարժեք պատասխան կստանար: Ոչ առաջարկել են, նույնիսկ ակնարկ չի եղել: Միգուցե իմ պահվածքը կամ վարքագիծը արդեն հուշել է, որ պետք չի նման առաջարկ անել»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք՝ նույնիսկ «քաղցրո՞վ» էլ չեն եկել ձեր աշխատասենյակ, որը կաշառք չի համարվում, բայց էլի շնորհակալություն է՝ Մանուկյանը պատասխանեց. «Ես ուզում եմ հիշել՝ երբեւէ քաղցր նման բան եղե՞լ է, խմիչք հաստատ չի եղել, որ հիմա ասեմ քաղցր էլ չի եղել, կարող է մտածեք սուտ եմ ասում, ուզում եմ հիշել: Լավ, որ նոր էի նշանակվել, իմ ընկերներից մեկը մի շատ փոքր կոնֆետով եկել էր շնորհավորելու: Մոտավորապես 1500 դրամի շրջանակում էր այդ կոնֆետը, սառնարանում էր, երկար ժամանակ օգտագործում էի ցերեկային ժամերին սուրճի հետ: Անկեղծ եմ ասում, ուզում եմ հիշել, թե ինչ էի ստացել ես, երբ այդ պաշտոնում էի: Մեկ էլ ՀԿ-ների հետ հանդիպումներ են եղել իմ գրասենյակում կամ իրենց մոտ, բլոկնոտներ են նվիրել կամ իրենց գրիչների հավաքածուն, որն ավելի շատ խորհրդանշում էր իրենց կազմակերպությունը: Օրինակ, հիշում եմ, «Հայկական Կարիտասն» այդպիսի մի պայուսակ ուներ…PR էլեմենտներ էին ավելի շատ, որտեղ օրացույց էր, գրիչ էր, գրչատուփ էր, այդպիսի բաներ եղել է թերեւս մի երեք անգամ: «ՍՕՍ- մանկական գյուղերն» էր մեկ էլ, էլի իրենց օրացույցներն էր ինչ-որ տոպրակի մեջ»: Քանի որ փոխվարչապետի խորհրդականը միայն մանր-մունր նվերների մասին էր պատմում՝ ճշտեցինք՝ ծրարի տեսքով նվերներ, նպաստի դիմաց ինչ-որ ծառայություններ, նման բաներ չե՞ն եղել՝ Արսեն Մանուկյանը պատասխանեց. «Բացարձակ: Նման ակնարկ էլ երբեւէ չի եղել, իմ վարքագիծն իրենց հուշել է, որ անիմաստ է դա անել»:
«Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը հետազոտություն էր արել, ըստ որի հանրային ընկալմամբ, ԶԼՄ-ներն ավելի կոռումպացված են, քան մաքսայինը, հարկայինը եւ պետական այլ կառույցներ: Թե ինչո՞վ է սա բացատրվում՝ Արսեն Մանուկյանն ասաց. «Ենթադրություններ կարող եմ անել: Ենթադրություններից մեկը, որն իրավունք ունի գոյություն ունենալ, այն է, ԶԼՄ-ները չգիտենք ովքեր են ֆինանսավորում, սեփականատերերն ովքեր են ու թերեւս այդ տեղեկատվության փակ լինելը հիմքեր է տալիս մարդկանց նման եզրահանգման գալու: Դա կարեւորագույն հարցերից մեկն է, թե իրականում ովքեր են ֆինանսավորում ԶԼՄ-ները ու արդյոք նրանք որեւէ պատվեր կատարո՞ւմ են, թե՞ չէ»:
Վարչապետն ասել էր, որ Հայաստանում երկու հեռուստաընկերություններ կոպուպցիոներների են պատկանում ու իրենց լոգոյի փոխարեն հանգիստ կարելի է գրել կոռուպցիա, ուստի հարցին՝ բա եթե գիտեք, որ կոռուպցիոներ է, ինչո՞ւ չեք բռնում, Արսեն Մանուկյանը պատասխանեց, որ հիմա գործընթացներ ընթանում են քննչական մարմիններում, իսկ այն, որ բռնում-բաց են թողնում, այդ հարցի հասցեատերը ոստիկանությունն է. «Մենք, իհարկե, կուզենայինք, որ այդ բոլոր հարցերը մեկ ամսում կամ գուցե մեկ տարում լուծված լինեին, բայց իրական կյանքը այլ է: Այն ցանկությունները, որ մենք կուզենայինք, ցավոք աստիճանաբար են լինում: Այն խնդիրները, որ կան, քայլ առ քայլ իրենց արձագանքը գտնում են: Միգուցե ժողովուրդն ակնկալիք ուներ, որ ավելի շուտ լինեին փոփոխությունները»:
Հարցին՝ բավարա՞ր է կոռուպցիայի դեմ պայքարը՝ Արսեն Մանուկյանը պատասխանեց. «Պայքարն ընթանում է: Իհարկե, լավ կլիներ, որ ավելի մեծ արդունքներ ունենայինք, բայց միեւնույն ժամանակ տեսնում ենք, որ կան ընթացակարգեր, կա օրենսդրություն ու տարբեր իրավական սողանցքներ կան: Պրոցեսները պետք է ընթանան սահմանված նախաքննությամբ: Բայց, կարծում եմ, փոփոխություններն ակնառու են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.03.2020