Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ կարիքը չեմ զգում ասեղների վրա նստել»

Մարտ 19,2020 12:30

Հայտարարում է մոդել, հայաստանյան եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից Ալլա Գրիգորյանը

«Առավոտը» հյուրընկալել էր մոդել, հայաստանյան եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից Ալլա Գրիգորյանին:

Հայուհին  ծնվել է Երեւանում եւ ինչ-ինչ հանգամանքների բերումով ընտանիքը անմիջապես տեղափոխվել է Սիբիր՝ Կեմերովո քաղաք: Հանրակրթական ուսմանը զուգահեռ հաճախել է նաեւ պարի դասընթացների: Հետո ձեռք է բերել  ստոմատոլոգի եւ արվեստաբանի մասնագիտություններ:

Նրա մայրը՝ Ռոզա Միխայլովնան, ղեկավարում էր կարի ֆաբրիկա, աղջկան նկատում է Կեմերովոյի մոդելային գործակալությունը (ղեկավար՝ Մարինա Մելքոնյան) եւ հրավիրում ցուցադրությունների: Այսինքն՝ եվրոպական շուկայի օրենքներով Ռուսաստանում մոդելների աշխատանքը նույնպես սկսվում է 13-14 տարեկանից: Իսկ մեր հայրենակիցը ընդամենը մի քանի տարի անց հանդիսանում է տեղի հայկական համայնքի մշակույթի գծով գեղարվեստական ղեկավար, կազմակերպում է հայ երեխաների ու պատանիների մասնակցությամբ թատերական ներկայացումներ, համերգներ, մասնակցություն ունենում ռուսաստանյան տարբեր փառատոների:

«Առավոտի» հետ զրույցում Ալլան հիշեց, որ որեւէ առիթ, նաեւ ամառային արձակուրդները, բաց չէր թողնում հայրենիք գալու համար:  Ավելի ուշ ամուսնանում է, լույս աշխարհ բերում որդուն՝ Արկադիին եւ 2000թ. ընդմիշտ տեղափոխվում Երեւան: «2002 թվականն էր, որ TV-ով հանդիպեցի գովազդի՝ միջազգային մրցույթին հայ մոդելների մասնակցության մասին: Մինչ այդ՝ 1-2 ամիս առաջ հասցրել էի մասնակցել հայաստանյան Golden model մրցույթին ու հաղթող ճանաչվել: Այդ ընթացքում առաջարկների տարափ եղավ. հիշում եմ «Շարմի» կազմակերպած շոուն Զվարթնոցում, Ջորջ Արմանիի հագուստների ցուցադրությունը Հայաստանում Իտալիայի դեսպանատանը, եւ այլն, եւ այլն:

Մեծ հաճույքով էի մասնակցում մեր դիզայներների՝ Արեւիկ Սիմոնյանի, Արամ Նիկոլյանի, Միկա Դանիելյանի ցուցադրություններին: Տարափ թափվեց նաեւ արտասահմանյան մոդելային գործակալություններից: Կանարյան կղզիներում  2010թ. մասնակցեցի  «Միսիս տիեզերք» մրցույթին, հայտնվեցի լավագույն եռյակում: Նկարահանվեցի նաեւ գովազդային բազմաթիվ տեսահոլովակներում…»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հետաքրքրությանը, թե՝ շանս չկա՞ր լինել առաջինը, Ալլան պատասխանեց. «Մրցույթին մասնակցում էին 25 երկրի ներկայացուցիչներ, օնլայն քվեարկության արդյունքում մինչեւ վերջին պահը առաջին հորիզոնականում էի, բայց… թույլ տվեք չմանրամասնել: Մի խոսքով՝ գեղեցկուհու տիտղոսը գրավեց Ֆինլանդիայի ներկայացուցիչը»:

Ափսոսանքով հայտնեց, թե 2011թ. հրավեր էր ստացել Ֆիլադելֆիայում կայացած «Միսիս Աշխարհ» մրցույթից, բայց ՀՀ-ում Ամերիկայի դեսպանատունը վիզա չի տրամադրել, թեեւ մրցույթի բուկլետում տեղադրված է եղել նաեւ հայ գեղեցկուհուն ներկայացնող տվյալներ:

Զրույցի ընթացքում քանիցս նշեց, թե գոհ է իր անցած ուղուց: Ռեպլիկին՝ իսկ այսօ՞ր…, Ալլան ասաց. «Վերջին շրջանում ճանապարհորդում եմ, 3-4 օր առաջ եմ վերադարձել Դուբայից: Անկեղծ ասած՝ փոքր-ինչ պասիվ եմ մոդելային բիզնեսում, բայց ի վերջո ես մայր եմ, կարճ ասած՝ հետաքրքրված եմ 23-ամյա որդուս ճակատագրով, որը մասնագիտությամբ տնտեսագետ է եւ հոգ եմ տանում մայրիկիս մասին»: Մոդելային բիզնեսի որոշ կայացած ներկայացուցիչներ  այսօր էլ ոչ բաց տեքստով, բայց, մեղմ ասած՝ անհանգստություն են ապրում, առանց չակերտներ բացելու, թե Երեւանում ամեն քայլի կարելի է հանդիպել ուսումնական կենտրոններ, որտեղ պատրաստում են մոդելներ, մինչդեռ մոդել պատրաստելը այդքան հեշտ չէ: Կամ՝ ասում են, թե գեղեցիկ ոտքերը բավարար չեն մոդել դառնալու համար, ի վերջո, չկան գեղեցիկ եւ ոչ գեղեցիկ կանայք, կան խնամված եւ ոչ խնամված կանայք: Մի առիթով «Հարմոնիա» նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար, նկարիչ, մոդելավորող, դիզայներ Միկա Դանիելյանը հետեւյալ միտքն է արտահայտել, թե մեր ազգին այսքան մոդելներ, դիզայներներ պետք չեն: Իսկ, նրա խոսքով՝ մոդել դառնալու համար նախեւառաջ գումարներ են պետք ու դեռ հայտնի էլ չէ, թե մոդել դառնալուց հետո երբ կկարողանաս վերադարձնել այդ գումարները: Ասվածին ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց, թե՝  իհարկե, մոդելային բիզնեսում ժամանակին Հայաստանում իր վաստակած գումարը չես համեմատի նույնիսկ ռուսաստանյան «գնացուցակի» հետ, բայց ինքը շատ գոհ է:

Ալլային հիշեցրինք, որ մեր օրերում համաշխարհային մոդելային   բիզնեսում կան տարեց ներկայացուցիչներ, օրինակ՝ 65-ամյա Լինդա  Ռոդինը, ամենատարեց՝ 85-ամյա  Դաֆնա Սելֆը կամ 80-ը բոլորած Չինա Մաչադոն, որը երիտասարդ տարիներին եղել է Ժիվանշիի եւ Ավեդոնի մուսան, Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկարամյա կարիերա ունեցած Կարմեն Դելլ Օրեֆայսը եւ այլն: Դիմեցինք մեր զրուցակցին, թե ինքն այսօր հիանալի «մարզավիճակում» է եւ հետաքրքրվեցինք, թե երբեւէ բժշկական էսթետիկ միջամտության ենթարկվե՞լ է: Ալլան հավաստիացրեց. «Առայժմ ոչ, բայց ես չգիտեմ, թե 20 կամ ավելի տարիներ անց ինչպես կվարվեմ… Ավելին, չեմ ուզում կամ, ավելի ճիշտ՝ դեռ կարիքը չեմ զգում ասեղների վրա նստել»: Հարցին էլ՝ երբեւէ չի՞ ցանկացել դասավանդել, Ալլան պատասխանեց. «Շուրջ երեք տարի դասավանդել եմ մոդելային դպրոցում: Հպարտանում եմ այսօր կարիերա սկսած իմ սաներով, հպարտանում եմ նաեւ, երբ միջազգային մրցելույթներում հանդիպում եմ հայ կնոջ, որը ոչ միայն իրեն, այլեւ իր երկիրն է պատվով ներկայացնում: Կարեւոր չէ, թե տասնամյակներ շարունակ ապրել եմ Ռուսաստանում, գուցե դա էլ իր դերն է խաղացել, որ ես այսքան սիրում եմ իմ երկիրն ու հայրենասեր եմ: Եթե կուզեք իմանալ, Ռուսաստանում բնակվելու տարիներին էլ էի լսում Կոմիտասից  մինչեւ Խաչատրյան, նաեւ հետաքրքրվում տարբեր երկրների մշակույթով: Ես իմ էությամբ մշակույթ եմ…»: Այս ոլորտում բավական երկար ճանապարհ անցած մեր զրուցակցին հարցրինք՝ ի վերջո, ի՞նչ է շահել եւ ի՞նչ է կորցրել: «Նշեցի, որ գոհ եմ իմ անցած ճանապարհից, ոչինչ չեմ կորցրել, շահել եմ հետաքրքիր ծանոթություններ: Մեծ բան է անընդհատ շփվել գեղեցկության ու գեղեցիկի հետ: Եթե ճիշտ եմ ակնկալում ձեր հաջորդ հետաքրքրական հարցը, ապա միանգամից պատասխանեմ. ոչ, բացարձակ չեմ հեռացել մոդելային բիզնեսից, դրսում ժամանակ առ ժամանակ ունենում եմ ցուցադրություններ, նաեւ հրավերներ տարբեր ձեւաչափերով անցկացվող մրցույթներից»:

Այսօր հայազգի 5 կանայք են, որ մեծ հաշվով ներկայանում են միջազգային մոդելային շուկայում, առաջինը բազմաթիվ աստղային տիտղոսակիր Քիմ Քարդաշյանն է, երկրորդը՝ 2019-ին աշխարհահռչակ Գուչիին ցնցած երիտասարդ Արմինե Հարությունյանը, հետո գեղեցկուհի, կանադացի աստղ Ալիսա Փանիկյանն է, որը հիմնականում մասնակցում է ներքնազգեստների ցուցադրությունների, 4-րդ հորիզոնականում է, ինչպես նրան են անվանում՝ հայ-հնդկական աստղ Թուլիփ Ջոշին, ով ցանկալի մոդել է խոշորագույն ապրանքանիշների գովազդային արշավներում եւ Էլիզա Մուրադյանը, որն, ի դեպ, մասնակցել է «Միսս տիեզերք-2018»-ին՝ ներկայացնելով Հայաստանը, որտեղ նրա մասին հետեւյալ արտահայտությունն են արել՝ հայուհին դասական գեղեցկուհի է, շքեղ բարեմասնություններով: Կեսկատակ-կեսլուրջ Ալլայից ուղիղ հետաքրքրվեցինք՝ արդյոք իր մոտ նախանձ չկա թվարկածների նկատմամբ: «Բացարձակ: Ես չգիտեմ՝ ինչ ասել է նախանձ: Թեեւ, ճիշտն ասած՝ դրա հետ առնչվել եմ մրցույթների ժամանակ: Յուրաքանչյուր կին, մեր դեպքում՝ մոդել կամ գեղեցկուհի, իր կյանքն ունի եւ իր ճանապարհը…»:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031