Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Եղոյանը վիրուսները ոչնչացնող սարք է ստեղծել

Մարտ 19,2020 14:30

Ճարտարագետն առաջարկում է պարզ լուծումներով մեր շրջապատն ու կենցաղը մանրէազերծել

Այս օրերին, երբ կորոնավիրուսը հասել է աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներ եւ փոխանցվում է մարդուց մարդուն, կառավարություններն էլ վարակին հակազդելու մի շարք միջոցառումներ են իրականացնում, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի ավագ ճարտարագետ Վլադիմիր Եղոյանը մանրէներին, վիրուսներին ոչնչացնող մի պարզ մեթոդ է առաջարկում, որն աշխարհում կիրառվում է, սակայն Հայաստանում, հատկապես՝ կենցաղում՝ ոչ: Նրա խոսքով, հնարավոր է խուսափել նման կարգի վարակիչ մանրէներից, եթե օդը, միջավայրը, անկողնային պարագաները, երեխաների խաղալիքները հագուստները, տան այլ կենցաղային իրերը մանրէազերծես: Ճարտարագետի խոսքով, մեր երկրում անդրամանուշակագույն ճառագայթների օգտագործման մշակույթը չկա, մինչդեռ աշխարհի շատ երկրներում դրանք օգտագործում են կանխարգելիչ նպատակներով:

«Գոյություն ունեն բազմաբնույթ, տարբեր տեխնիկական բնութագրերով մանրէազերծող ճառագայթիչներ, որոնք նախատեսված են տարբեր կիրառությունների համար: Բակտերիցիդային ճառագայթիչների սերիայի շնորհիվ մանրէազերծվում են գորգերի, բազմոցների, վարագույրների, փափուկ ծածկույթով իրերի մակերեսները: Նման մակերեսների վրա կուտակվում են մեծ քանակությամբ վնասակար միկրոբներ, որոնցից ազատվելը գործնականում, ոչ միշտ է հնարավոր, ինչն էլ պատճառ է հանդիսանում տարբեր վարակիչ հիվանդությունների առաջացման եւ նրանց տարածման»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Վլադիմիր Եղոյանը: Ճարտարագետ Եղոյանը կոնստրուկտիվ լուծումներով մի այնպիսի սարք է պատրաստել, որը թույլ է տալիս իրականացնել բակտերիցիդային ճառագայթների ներթափանցումը ծածկույթի ներքին շերտերը եւ, շնորհիվ ճառագայթների բարձր ինտենսիվության, բակտերիազերծումը կարելի է իրականացնել շատ կարճ ժամանակահատվածում:

Սարքի հեղինակը նշում է, որ այն պետք չէ թողնել առանց հսկողության եւ պետք է հեռու պահել երեխաներից՝ ինչպես օրինակ արդուկը: Սարքը նախատեսված չէ նաեւ տնային կենդանիներին մանրէազերծելու համար: Զգուշավորություն է պետք երեխաների ներկայությամբ օգտագործելիս: Ուղղակի կերպով չի կարելի նայել սարքի լուսավորությանը եւ այն չի կարելի ուղղել մարմնի այլ մասեր:

Վլադիմիր Եղոյանի խոսքով, այդպիսի լամպեր Հայաստանում առկա են եւ իր հեղինակած սարքի կոնստրուկտիվ լուծումը թույլ է տալիս ճառագայթի ինտենսիվ թափանցումը դեպի ծածկույթի խորը շերտերը, որպեսզի շատ արագ ձեւով կարողանան վերացնել այդ մանրէները:  Բացի այդ,  նշյալ լուծումների շնորհիվ մանրէազերծելու ժամանակը մի քանի անգամ կրճատում է:

«Իմ կողմից ստեղծած սարքը թույլ է տալիս ձեւափոխել ճառագայթի տարածական բաշխումը: Այնպես՝ որ նա ուղղորդված լինի կոնկրետ ուղղությամբ եւ այդ ուղղությամբ էլ մի քանի անգամ բարձրացնում եմ ճառագայթի ինտենսիվությունը:Եվ այդ ինտենսիվության բարձրացման հաշվին ես կրճատում եմ այն ժամանակը, որ դուք պետք է ծախսեք այս կամ այն միջավայրը մանրէազերծելիս: Դա ստանալու համար պետք է որոշակի կոնստրուկտիվ փոփոխություններ կատարել, ինչն էլ իմ կողմից արվել է»:

Նրա խոսքով, օրինակ՝ սարքը շատ արդյունավետ է, հատկապես՝ երբ տանը փոքր երեխաներ կան. «Երեխան որ քնում է իր անկողնում, օրինակ՝ փռշտում է, բարձը, վերմակը բազմաթիվ մանրէներով է պատվում, դրանք մաքրելու համար սարքը պետք է սահուն կերպով մակերեւույթի վրայով անցկացնել եւ այդ միջավայրը կմանրէազերծվի: Եթե քո հագուստով մտնում ես բնակարան, հետդ բերում ես բազմաթիվ մանրէներ, մի ճառագայթով կարելի է դրանցից ազատվել:  Լոգասենյակները, համակարգիչները, դռների բռնակները, գեղեցկության սրահներում օգտագործվող վարսահարդարման գործիքները եւ այլն, այդ բոլորը կարելի է այդ ճառագայթներով մանրէազերծել»:

Պարոն Եղոյանը հաշվարկել եւ պարզել է, որ այսպիսի արտադրություն սկսելու համար մեծ ներդրումներ անհրաժեշտ չեն, պարզապես պետք է լինի մի գործարար, որը ցանկություն կհայտնի համագործակցել եւ սարքի արտադրությունը սկսել, որը էականորեն կբարձրացնի միջավայրի նկատմամբ անվտանգությունը եւ մարդկանց կենցաղը կմաքրի ոչ պիտանի  մանրէներից ու վիրուսներից:

«Կարիք չկա մեծ ներդրումներ կատարել, նոր սարքավորումներ ու նոր տեխնոլոգիական գծեր հիմնել, ինքը շատ պարզ լուծումներ ունի»,-ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, սարքի առավելություններից մեկն էլ այն է, որ կարիքը չի լինի միջավայրը դեղորայքով ախտազերծել. «Այստեղ չկա ոչ մի քիմիա եւ ամբողջ առավելությունը նաեւ դրանում է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen says:

    Միթե Կարելի է այսպիսի անհեթւթյւն գրել և տարածել։ Անցյալից դասեր չեք քաղել։ Հիշեք արմենիկւմը։ Վստահելի լրատվամիջոցին հարիր չէ։

  2. Մհեր says:

    Բակտերիցիդ նշանակում է հակաբակտերիալ կամ մանրէներին սպանող։ Վիրուսը բոլորովին այլ բան է, և այլ հետազոտություններում բազմիցս շեշտվել է, որ այդ բակտերիցիդ լամպերը արդյունավետ են մանրէների, բայց ոչ վիրուսների դեմ։ Լավ կլինի, որ նման հոդվածները հեղինակները նախապես խորհրդակցեն ոլորտի մասնագետների հետ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031