Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է․
Ստեփանակերտում այսօր ժամը 18:05-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի:
Հարուցվել է վարչական վարույթ ճանապարհը փակելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները ճանապարհի երթևեկելի մասում կայանելու միջոցով:
Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում զերծ մնալ հասարակական կարգի ցանկացած բնույթի խախտումներ կատարելուց, որոնցով անհամաչափորեն սահմանափակվում են նաև այլոց իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, այլապես ոստիկանության կողմից կխափանվեն նման իրավախախտումները, իսկ կարգազանց անձինք կենթարկվեն պատասխանատվության։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/ArtsakhPolice/photos/a.601688323531049/1046886045677939/?type=3&theater
Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպին արձագանքել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, որի ֆեյսբուքյան էջում կարդում ենք․
Քիչ առաջ դուրս եկա ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից, որտեղ վարչական ձերբակալման էին ենթարկվել 13 քաղաքացիներ, որոնք փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը՝ քաղաքական բնույթի կոչերի զուգորդմամբ:
Զրույցներ եմ ունեցել վարչական ձերբակալման ենթարկված անձանց և ոստիկանության ծառայողների հետ, ճշտել եմ ազատազրկելու հիմքերը, ստուգել իրականացվող վարույթների ընթացքը և ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման հետ կապված այլ ընթացակարգեր ու պայմաններ: Երեք ժամվա ընթացքում վարչական ձերբակալման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել:
Ավելի ուշ հեռախոսազրույց եմ ունեցել առողջապահության նախարարի հետ, ով տեղեկացրել է, որ վարչական ձերբակալման ենթարկելու ընթացքում հիվանդանոց տեղափոխված քաղաքացին անցել է ռենտգենային հետազոտություն, և ոչ մի մեխանիկական վնասվածք չի արձանագրվել: Ըստ հետազոտող բժշկի՝ քաղաքացին գրավոր կերպով հրաժարվել է լրացուցիչ հետազոտություններից և լքել հիվանդանոցը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այժմ կատարում է մանրամասն ուսումնասիրություն մեզ հասանելի տեսանյութերի հիման վրա, որպեսզի ավելի հստակորեն պատկերացում կազմենք ոստիկանության կողմից կիրառված միջոցների ու մեթոդների մասին: Միջադեպի ու ոստիկանության միջամտության վերաբերյալ գնահատականները կհնչեցնեմ հավանաբար վաղը:
https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3029493147088902
Երբ ազատությունը շփոթում են ամենաթողության հետ, դա նշանակում է, որ վտանգվում են մնացած քաղաքացիների ազատությունները, օրինակ՝ հասարակական վայրերում և իրենց պատուհանների տակ շաբաթներ շարունակ զզվելի ձայնով գոռգռոցներ չլսելու, հիստերիկ պահվածքի ականատես չլինելու ազատությունները․ թե՞ քաղաքացիների ազատությունները ոտնահարելու փաստն արդեն էական չէ, եթե առջևում կա «գերնպատակ»։ Եթե դու խախտում ես օրենքով սահմանված կարմիր գծերը, ուրեմն պատրաստ եղիր ադեկվատ հակահարվածի։ Կարծում եմ, տվյալ դեպքում աղմկողները հենց դա էլ ցանկանում էին անել, որպեսզի հետո տեսանյութեր տարածեն և այսպես կոչված լիբերալ-ազատամիտ շրջանակների կողմից արժանանան բուռն և երկարատև ծափահարությունների։ Իսկ գուցե նաև՝ գրանտների։