ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հետեւյալ հարցը հղվեց՝ «վարչապետը հայտարարեց, որ երեւանյան արտադրամասերից մեկում կորոնավիրուսի բռնկումը կապված է այն փաստի հետ, որ Իտալիայից ժամանած ինստրուկտորը ջերմիջեցնող դեղեր է ընդունել: Նման պարագայում որքանո՞վ է արդյունավետ տեսչական մարմնի աշխատանքն օդանավակայանում»:
Հակոբ Ավագյանը պատասխանեց. «Հնարավոր է, որ նման դեպքեր լինեն, եւ մեր հեռահար ջերմաչափերն այդ պահին չարձանագրեն ջերմող ուղեւորին: Ժամերի հարց է, պարետի բանավոր ցուցումը կա՝ ավելի խիստ միջոցառումների մասին: Անկախ ջերմություն ունենալուց կամ չունենալուց, ախտանշան ունենալուց կամ չունենալուց, ժամանողը ենթարկվում է 14-օրյա մեկուսացման: Նման դեպքում ոչ թե ասում ենք տուն գնա եւ մեկուսացիր, այլ սահմանային հսկիչ կետից անմիջապես մեկուսացնում ենք: Այսինքն, հիմա բացի ջերմաչափումից, Իտալիայից ժամանողներն անմիջապես մեկուսացվում են»:
Ավագյանը նաեւ կարծիք հայտնեց, որ արտադրամասի անունը հրապարակելը ճիշտ չէ, իսկ եթե աշխատակիցներն ահազանգեն արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերը չպահպանելու մասին, տեսչական մարմինը վարույթ եւ վերահսկողություն կիրականացնի. «Մենք տեղեկություն չունենք, թե որ արտադրամասն է, եւ ովքեր են վարակվածները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ