ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ եթե նախկինում ասում էին, որ տնտեսական հեղափոխություն են անելու ու 7-8 տոկոս տնտեսական աճը լավ է հեղափոխության համար, հիմա ասում են՝ այդ թվերը դնենք մի կողմ. «Համաշխարհային տնտեսության փլուզում է կանխատեսվում ու այդ փլուզումն իր ազդեցությունն ունենալու է նաեւ Հայաստանի վրա: Հիմա իսկապես տնտեսական հեղափոխության ժամանակն է: Մենք պետք է մաքսիմումն անենք, որ մեր մոտ կորոնավիրուսից կամ մահվան դեպքեր չարձանագրենք, կամ արձանագրենք հնարավորինս քիչ: Մնացածին նայենք՝ որպես հնարավորություն»:
Փաշինյանն ասաց, որ անհատական վարկի հեղափոխության հնարավորություն էլ է սա բացում. «Մենք մեր թերթերում հազարավոր հոդվածներ ենք գրել այն մասին,թե այդ ինչ տարօրինակ բան է, երբ Հայաստան գալիս են դրսից ու տեսնում են, որ տղամարդիկ բարեւում են, մի հատ էլ իրար պաչում են: Հիմա այդտեղ էլ է հնարավորություն ստեղծվում: Հնարավորություն է, որ մարդիկ հասկանան կանոնի, օրենքի կարեւորությունը: Երբ կարմիրի տակով անցնում են, դա դիտում են առավելություն, բայց երբ այս կորոնավիրուսի կարմիրի տակով անցնում են եւ մեր ամենամերձավոր հարազատների համար պրոբլեմ ստեղծում, մեր հարաբերությունը փչացնում, պետք է փոխվի մեր վերաբերմունքը կանոնի, օրենքի նկատմամբ, դիմացինի իրավունքի նկատմամբ, որովհետեւ, այո, ես փռշտալու իրավունք ունեմ, բայց դիմացինն իրավունք ունի պաշտպանված լինել իմ փռշտալուց»:
Վարչապետը հորդորեց փոխել վերաբերմունքը իրար, մեր հայրենիքի, հանրության, հարաբերություների նկատմամբ: Նա հայտարարեց նաեւ, որ նախաձեռնել է ու Հայաստանում առաջին կորոնավիրուսով վարակված քաղաքացուն անպայման պարգեւատրելու է. «Նա կարողացավ այնպես անել, որ վարակը երեք հոգուց այն կողմ չտարածվի: Այլ դեպքում մենք դա չունեցանք: Նույնիսկ կորոնավիրուսը ապացուցում է մեր գաղափարախոսությունը՝ անհատական ջանքի մասին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ