Այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ փակագծեր բացեց, թե կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները մեղմելու համար ինչ փաթեթներ են առաջարկելու. «Մենք փաթեթ ենք մշակել, մի քանի օրվա մեջ կգործարկվի, գործնականում հնարավոր կլինի կիրառել: Մենք ուզում ենք միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցենք, այլեւ կոնկրետ մարդկանց՝ համոզված լինելով, որ մեր աջակցությունը կհասնի կոնկրետ մարդկանց: Առաջին փուլով մենք 25 մլրդ դրամ կհատկացնենք ու կասենք, որ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ հայաստանյան բանկերից դրամական արտահայտությամբ, իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, իրենց հարկային պարտավորությունները վճարելու համար, կոմունալ պարտավորությունները վճարելու, հումք ձեռք բերելու եւ էլի կետեր կլինեն, կհրապարակվի, մենք այդ վարկի 50 տոկոսը կհամաֆինանսավորենք 0 տոկոսով, այսինքն, վարկի 50 տոկոսը կառավարությունը կհամաֆինանսավորի, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որ նույնպես լինի 0 տոկոսով»:
Վարչապետն ասաց, որ մի բան հստակ է՝ մարդիկ սնվելու են ինչպես համաճարակից առաջ, այնպես էլ համաճարակից հետո, ու սա շատ լավ հնարավորություն է, որ գյուղատնտեսությանը մեծ ուշադրություն դարձվի: Կառավարությունը խնդիր է դրել, որ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորեն այնքան, որ դառնա 0 տոկոս: Դրանով կքաջալերեն շատ մարդկանց՝ զբաղվելու գյուղատնտեսությամբ, սա շղթայական ռեակցիայով այլ ոլորտների զարգացմանը կբերի: Վստահաբար, գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ կարելի է ներդրում անել: Երկրորդ փաթեթն այն է, որ կառավարությունը 30 մլրդ դրամ է նախատեսել՝ զուտ սոցիալական աջակցության համար: Դա հնարավոր սոցիալական հրդեհը մարելու համար է: Երբ հիշեցրին՝ բա ասում էր նպաստ, բան պետք է թարգել՝ վարչապետը պատասխանեց, որ եթե քաղաքացին պետք է սոված լինի, չենք կարող դա թույլ տալ, բնականաբար, պետք է նպաստ տան:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն քաղաքացիները, ովքեր կհիմնավորեն, որ իրենք կորոնավիրուսի օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում վարկի տոկոսը փակել, բանկերն ընդառաջ կգնան, բայց անպայման հիմնավորում է պետք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ