Հունվարի սկզբին, երբ կորոնավիրուսի մասին լուրերը տարածվեցին, կառավարությունը, մենք բոլորս չե՞նք թերագնահատել վտանգը՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոչ, որովհետեւ հունվարի 30-ին ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: Եվ դա նշանակում է, որ իրենք պատկերացրել են ու գնահատել են, որ որոշակի վտանգներ կրող ենք. «Մենք հույս ունեինք լավ զարգացումների եւ պատրաստվում էինք վատագույնի»:
Վարչապետն ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված բամբասանքներ չկան, որովհետեւ հանրությունը վստահում է ու վստահ է, որ կառավարությունը տեղեկատվությունը կհաղորդի ճշգրիտ:
Խոսելով տնտեսական հետեւանքների մասին՝ վարչապետն ասաց, որ հստակ է մի բան՝ այն աշխարհը, որը կար հունվարին, այդ աշխարհն այլեւս չի լինելու, բայց առավել անորոշ է հիմա սպառողի վարքագիծը. «Մարդիկ հունվարին նախընտրում էին կոնյակ, պաղպաղակ եւ, ասենք, պիցցա, ենթադրենք, դրա շուրջ կառուցվում էր ամբողջ արտադրական, սպառողական տրամաբանությունը: Իսկ ի՞նչ է լինելու կորոնավիրուսից հետո, մարդիկ ի՞նչ ապրանքներ են նախընտրելու սպառել ու ինչի՞ վրա փող ծախսել ու ինչի՞ միջոցով են փող աշխատելու: Սա ամենամեծ անորոշությունն է: Սա մեզ համար բացելու է նոր հնարավորություններ ու մենք այս ամենին պետք է նայենք ոչ թե որպես ողբերգություն, փառք Աստծո, մենք կորոնավիրուսից դեռ ոչ մի զոհ չունեն ու հույս ունեմ, չենք ունենա, այս ամեն ինչին պետք է նայենք հնարավորություն՝ Հայաստանի տնտեսական, քաղաքական, բոլոր առումներով դիրքերն աշխարհում ուժեղացնելու համար»:
Վարչապետն ասաց, որ տնտեսական հեղափոխությունը, որի մասին ասում էին, սա դիտում են որպես զրոյական կետ ու որպես ազդակ, որ տնտեսական հեղափոխության ժամանակն, իրոք, եկել է: Ըստ Նիկոլ Փաշինյանի, առաջ, եթե զգուշավոր էին, մտածում էին ինչ-որ բան չփլուզեն, հիմա ամեն ինչ փլուզվում է ու ստեղծվում է նոր շինհրապարակ ու մենք պետք է մտածենք, թե ինչպես կառուցենք մեր կյանքը, մտածենք նոր տնտեսություն կառուցելու մասին: Սա չի նշանակում, որ մենք նախկինում եղած ամեն ինչից պետք է հրաժարվենք, բայց պարզ է, որ ՀՆԱ-ի 2 տրիլիոն դոլարի թափուր տեղ է ստեղծվելու, փլատակներ, որը հնարավորություն կա լցնելու:
Կարդացեք նաև
Օրինակ, հունվարին ոչ ոք չէր մտածում, որ «ալկոգելը» այսքան սպառում կունենա, ուստի հիմա պետք է որոշել, ճիշտ կռահել, թե որ արտադրության մեջ պետք է ներդրում անել. «Մենք կիսափակ պայմաններում ապրող ժողովուրդ ենք, համաճարակի բերումով մեր բոլոր սահմանները փակվել են, սա վատ է մի կողմից, բայց կարող է սա լավ է, գուցե մենք ամենապատրաստն ենք փակ սահմաններով ապրելու, մենք գուցե ավելի մեծ ուշադրություն դարձնենք հայկական ապրանքների սպառմանը՝ հայկական հագուստ, ուտելիք: Դրանով մենք ոչ միայն սպառենք, այլեւ արտադրենք: Մեր ներքին սպառումն ու արտադրումը բերենք ճիշտ բալանսի, որի արդյունքում մենք կուժեղանանք, երբ սահմանները բացվեն, աշխարհում հսկայական պահանջարկ է լինելու»:
Հարցին՝ ռուբլու արժեզրկումը արտահանողների վրա մեծ ազդեցություն չի՞ թողնելու՝ վարչապետը պատասխանեց՝ իսկ ո՞վ է ասել, որ մենք արտահանելու ենք, կարող է պարզվի, որ արտադրում ենք, մենք այդ մթերքի ներքին պահանջարկը հազիվ ենք բավարարում, ո՞վ ասաց, որ մենք չպետք է օգտվենք առիթից ու արտահանման ուղիները դիվերսիֆիկացնենք: Նախկինում մենք էինք խնդրում, որ ապրանք արտահանենք, կարող է պարզվի, որ բազում երկրներում են խնդրելու, որ մենք արտահանենք:
Առաջիկայում կառավարությունը առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի տնտեսությանը, բայց թե ո՞ր ճյուղերին ու ինչպե՞ս՝ դա կորոշեն հետո:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ