Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դա ուղղակի աբսուրդ սահմանափակում է». Բորիս Նավասարդյանը զգուշացնում է՝ տեղեկության պակասն էլ է առաջացնում խուճապ

Մարտ 18,2020 19:06

Հայաստանի մի շարք լրատվամիջոցների խմբագիրները դիմել են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ 16.03.2020թ. 298-Ն որոշման հետ կապված պարզաբանումներ ստանալու:

Այդ որոշումը մի շարք անհասկանալի խոչընդոտներ է ներառում լրատվամիջոցների աշխատանքի համար ու կարող է կամայականորեն կիրառվել՝ ԶԼՄ-ներին պատժելու համար:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց. «Արտակարգ դրության ժամանակ լիազորված անձը կարող է որոշել, թե ինչպիսի խստությունների անհրաժեշտություն կա: Կոնկրետ իմ գնահատմամբ, այս իրավիճակում այդ կարգի խիստ սահմանափակումները հիմնավորված չեն, կարելի էր բավարարվել մեղմ միջոցներով: Երկու կետ անհրաժեշտ կգտնեի ներառել: Առաջինը՝ անպայման հստակ նշել, որ հիվանդների որեւէ նույնականացում չի կարելի թույլ տալ, որովհետեւ մասնավոր կյանք է՝ հասցե, վայր, նույնիսկ միջոցառում, որի շնորհիվ հնարավոր կլինի անձին նույնականացնել, չպետք է հրապարակվի, բայց ընդհանրապես նույնիսկ ոչ արտակարգ դրության ժամանակ, այլ ցանկացած իրավիճակում դա չի կարելի: Երկրորդը՝ ոչ թե պետք է սահմանափակեն այլ աղբյուրներից օգտվելը, այլ պարտադիր դարձնեն, որպեսզի պաշտոնական աղբյուրի հետ համաձայնեցնեն կամ գոնե ստանան մեկնաբանությունը պաշտոնական ատյանից: Այսինքն, տան այն տեղեկությունը, որ այլ միջոցներից են ստացել ու դրա հետ մեկտեղ տան պաշտոնական կառույցի մեկնաբանությունը: Երրորդը՝ խորհուրդ կտամ բացառել այն աղբյուրները, որոնք որոշակի չեն, այսինքն, եթե չկա անուն, կազմակերպություն, այդ կարգի տեղեկությունների տարածումը պետք է սահմանափակել»:

Ինչ վերաբերում է արտակարգ դրության մասին որոշմանը, մասնավորապես՝ ԶԼՄ գործունեության հետ կապված դրույթներին, պետք է հստակեցվեր, թե որ կառույցներն են լիազորված իրականացնել դրույթները, որպեսզի ցանկացած հարցի ճշտում հասցեագրված լինի»:

Հարցին՝ երբ գրում են, որ հրապարակումը չպետք է առաջացնի խուճապ, խուճապային տրամադրություն, դա կամայական որոշումների տեղիք չի՞ կարող տալ՝ Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Բնականաբար, նույնականացվող բան չի դա, թե որն է առաջացնում խուճապ, որը չի առաջացնում: Ի վերջո, տեղեկության պակասն էլ է առաջացնում խուճապ, ոչ միայն տեղեկության տարածումը: Այնպես որ, դրանք հիմք չեն կարող ծառայել որեւէ պատասխանատվության ենթարկելու, ուստի պետք է խոսել մեխանիզմների մասին: Եթե իմ թվարկած մեխանիզմները կան, պետք չի հատուկ որոշել՝ այս կամ այն տեղեկության տարածումը խուճապ առաջացրե՞լ է, թե՞ չէ: Հստակ գործողության սահմանափակում պետք է լինի, ոչ թե ընտրովի կամայական մեկնաբանություններ: Նյութերը շատ են ու ամեն մեկի մասին այդ կարգի հետեւություն չի կարող անել որեւէ պաշտոնական անձ, դա ուղղակի հնարավոր չէ անել այս հոսքի պայմաններում»:

Հարցրեցինք՝ երբ ասում են, որ պետք է կորոնավիրուսի մասին միայն պաշտոնական տեղեկատվությունը տարածել, այդ դեպքում լրագրողի անելիքը ո՞րն է, նա ինչպե՞ս է իրականացնելու իր առաքելությունը՝ Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Այո, մանավանդ, որ պաշտոնական ատյաններն էլ շատ դեպքերում չեն տիրապետում անհրաժեշտ ինֆորմացիայի, որը հանրության համար կարեւոր է: ԶԼՄ-ները կարող են լրացուցիչ աղբյուրներ ունենալ, որոնք հանրային իրազեկման համար կարեւոր են: Ուղղակի պետք է լինի մեկնաբանությունը պաշտոնական անձի, որը կասի՝ համապատասխանում է իրականությանը, չի համապատասխանում, մենք այդպիսի տեղեկություններ չունենք…: Առավել եւս, դա պետք է վերաբերի տեղեկություններին, որոնք այլ երկրներից են գալիս: Պարզ է, որ մեր իշխանությունը չի կարող տիրապետել ինֆորմացիային այլ երկրներից, որպեսզի ասի՝ դա պաշտոնակա՞ն է, թե՞ ոչ: Այն տեղեկություններին, որոնց տիրապետում են, դրանց վերաբերյալ կարող են տալ պարզաբանում: Եթե չգիտեն, պիտի ասեն՝ տեղեկությունները չեն հաստատվում, մենք նման տեղեկություն չունենք: Բազմաթիվ ձեւեր կան, որ լսարանը կարողանա որոշել՝ որքանո՞վ են վստահում տեղեկությանը»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ երբ ՀՀ կառավարությունն արգելում է անգամ, ասենք, Ֆրանսիայի դատարկ խանութների լուսանկարները հրապարակել, սա չի՞ նշանակում, որ իրենք պարզապես որոշել են ամեն ինչ արգելել՝ գլխացավանքից խուսափելու համար՝ Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Էլի չեն խուսափելու գլխացավանքից, որովհետեւ այդ նույն լուսանկարները կարող են մարդիկ տեսնել օտարերկրյա կայքերում, ի՞նչ տարբերություն, դա հայկակա՞ն ԶԼՄ է տարածել, թե՞ օտարերկրյա, որովհետեւ այդ օտարերկրյա կայքերը միեւնույն է, բոլորի համար հասանելի են, դա ուղղակի աբսուրդ սահմանափակում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031