ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի, Վարազդատ Կարապետյանի, Լենա Նազարյանի կողմից ներկայացրած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը:
Զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանին պատգամավորները մի շարք հարցեր հղեցին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը նշեց՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կան քաղաքներ, որոնք հանքարդյունաբերությամբ են ապրում, հետևաբար նրա՞նց ինչ անել, տնտեսական ռիսկայնությունը գնահատվե՞լ է նախագիծը բերելիս: Մերի Գալստյանը պատասխանեց. «Նախագիծը դադար է սահմանում բոլորովին նոր, զրոյից սկսվող բացառապես մետաղական օգտագործման հանածոյի արդյունահանման թույլտվությունների հայտադիմումների թույլտվության համար: Դա կանխատեսումային տրամաբանության մեջ է, որը վերաբերում է նորերին: Գործողներին նույնիսկ ճգնաժամային իրավիճակում որևէ ձևով նախագիծը չի անդրադառնում»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հարցրեց՝ ինչո՞ւ է հրատապ այս օրենքը, քանի որ ըստ նրա՝ ակնհայտ է, որ դրանում հրատապություն չկա և չի էլ սպասվում, իսկ վերջին իրադարձություններից հետո դրա մասին անգամ խոսել անիմաստ է, քանի որ բոլոր ոլորներում կտրուկ նվազումներ են լինում, մարդիկ իրենց աշխատողներին չեն կարողանում աշխատանքի հրավիրել անգամ: Պատգամավորը հետաքրքրվեց՝ գուցե հե՞տ կանչեն օրենքը: Մերի Գալստյանը բացառեց, որ հետ կկանչեն օրենքը և պարզաբանեց. «Հրատապությունն այն է, որ ներկայիս ընդերքի օրենսդրությունը չի բխում պետության շահերից, պետությանը խոցելի է դարձնում ցանկացած իրավիճակում: Ցանկացած նոր ստեղծվող իրավահարաբերությունների համատեքստում պետությունը դառնում է խոցելի: Եթե ոչ այս պահին, ապա ինչ-որ մի փուլ գալու է, որտեղ պետության առաջ ծառանալու են այն նույն խնդիրները, ինչին ականատես եղանք անցյալ տարվա ընթացքում: Ցանկացած նոր թույլտվություն մեծ ռիսկ է պետության համար»: Հայկ Սարգսյանը շեշտեց, որ ինքը դեմ է քվեարկելու օրենքին, և ընդհանուր տրամաբանությունն էլ այն է, որ դեմ են քվեարկելու, հետևաբար ճիշտ կլիներ, որ հետ կանչեին օրենքը, Մերի Գալստյանն արձագանքեց. «Կխնդրեի՝ ցուցումներ չանեիք՝ ինչ ճիշտ կլիներ, որ ես անեի նախորդ ամիսների ընթացքում: Ոչ ես, ոչ էլ օրենքի համահեղինակները նախագիծը հետ չեն կանչելու: Այն ժամկետը, որի համար առաջարկում ենք դադար սահմանել, տրամաբանված է»:
Տնտեսական հանձնաժողովի նիստում նախաձեռնությունը ստացավ բացասական եզրակացություն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ