Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհավասար պայմաններ եք ստեղծում». պատգամավորները՝ Հանրայինին գովազդի իրավունք վերադարձնելու մասին

Մարտ 18,2020 17:56

Ինչպես հայտնել էինք, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում այսօր քննարկվում է կառավարության հեղինակած՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը, որով Հանրային հեռուստաընկերությանը վերադարձվում է գովազդի իրավունքը, որը հեռուստաընկերությունը չուներ 2015թ.-ից:

«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը բարձրաձայնեց՝ շատ հեռուստաընկերություններ, այս օրինագիծը տեսնելով, մտածում են, թե սա իշխանության ճնշումն է, որովհետեւ իրենց գովազդի մի մասը «կգնա» Հանրայինին:

Օրինագծի զեկուցող, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն արձագանքեց. «Իհարկե, ճնշման մասին խոսք լինել չի կարող: Պարզապես հավասար պայմաններ են ստեղծվում: Եթե հավասար պայմանի ստեղծումը ճնշում է համարվում, ուրեմն չհիմնավորված արտոնություն են ունեցել»:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Հարություն Բաբայանը նկատեց՝ Հանրայինին գովազդի իրավունքը վերադարձնելու պարագայում գովազդատուն կգնահատի, որ գովազդ պետք է վաճառի ավելի մեծ լսարան ունեցողին, հետեւաբար՝ ստացվում է, որ մյուս հեռուստաընկերությունների գովազդը խլում են. «Սա իսկապես անհավասար պայմաններ է ստեղծում»:

Վահե Դանիելյանը նշեց. «Հանրայինի համար հինգ րոպեանոց գովազդ է սահմանված մեկ ժամում, իսկ մասնավոր հեռուստաընկերությունների համար՝ 14: Ստացվում է, որ մասնավորի համար ավելի լավ պայմաններ են, մասնավորի եկամուտներն ավելի լավը կարող են լինել»:

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ համաձայն չէր փոխնախարարի դիտարկման հետ, թե պետբյուջեից ֆինանսավորման ներկայիս ծավալը Հանրայինին չի բավականացնում: Տոնոյանը հիշեցրեց, որ 2018թ.-ին դատախազությունը 2 միլիարդ դրամի չարաշահումներ էր արձանագրել Հանրայինում: Բացի այդ, Տոնոյանի խոսքով, մասնավոր հեռուստաընկերություններն ամեն ամիս մեկ միլիոն դոլարից ավելի պետական ֆինանսավորում չեն ստանում, ինչպես Հանրայինը:

«Պետբյուջեից Հանրայինի ֆինանսավորման չափի վերանայում չի լինելո՞ւ»,-հարցրեց նա: Փոխնախարար Վահե Դանիելյանը պատասխանեց. «Այս պահին նման քննարկում չի եղել: Գովազդի չափից է կախված»:

Պատգամավորների մի մասը համոզմունք հայտնեց, որ Հանրայինին գովազդի հնարավորություն տալով՝ իրականում պայմաններն անհավասար են դառնում, քանի որ Հանրայինը, ի տարբերություն մասնավոր հեռուստաընկերությունների, պետբյուջեից է ֆինանսավորվում: Վահե Դանիելյանը համաձայն չէր. «եթե պետությունը գումար է տալիս, ուրեմն եթերն անգովա՞զդ պետք է լինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031