Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանից կլինկերի ներկրման հարցում խնդիրներ կան, այս նախագծի իմաստը ո՞րն է». ցեմենտի հարցով քննարկում՝ ԱԺ-ում

Մարտ 18,2020 16:00

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում մարտի 18-ին քննարկվեց «ՀՀ պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու՝ ՀՀ կառավարության նախագիծը:  Կառավարությունն առաջարկում է ցեմենտի արտադրության պետական տուրքը մեկ տոննայի դիմաց պահպանել 14.000 դրամի սահմաններում մինչև հունիսի 1-ը։

Նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց. «Ցեմենտի տուրքին վերաբերող նախագիծն ընդունեցինք, ներկայացվեց պետտուրք սահմանելու հարցը՝ 14 հազար դրամ մեկ տոննայի համար: Պայմանավորվեցինք, որ այդ սահմանափակումը կգործի մեկ տարի ժամկետով: Ապրիլին ժամկետը լրանում է: Հիմա կառավարությունն առաջարկում է այդ ժամկետը ևս երեք ամսով՝ մինչև հունիսի 1-ը երկարացնել»:

Ավագ Ավանեսյանն ասաց՝ խնդիրն այն է, որ ներկայումս Իրանի Հանրապետությունից և մի շարք այլ երկրներից եկող ցեմենտի գներն անբնական ցածր են և շարունակեց. «Դա պայմանավորված է մի քանի հանգամանքով: Ռեալի՝ վերջին երկու տարվա ընթացքում արժեզրկումն է, երկրորդ՝ որոշակի սանկցիաների արդյունքում Իրանի տնտեսական մոդելի փոփոխությունն էր, որի արդյունքում էներգակիրների արժեքն իջել է, Իրանի տնտեսությունն անկում է ապրում, որի արդյունքում ներքին պահանջարկը ցեմենտի ընկնում է, դրա արդյունքում մենք խնդիր ենք ունենում. գինը ներքին շուկայում ընկել է: Բայց սա կարճաժամկետ երևույթ է: Ըստ այդմ՝ այդ ժամկետում մեր կառուցվածքը պաշտպանելու նպատակով որոշակիորեն կբալանսավորենք մեր տնտեսական մրցունակությունը հենց այս տուրքի ներմուծմամբ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ կլինկեր նոր արտադրող ի հայտ եկե՞լ է, Ավագ Ավանեսյանը պատասխանեց. «Մենք ունեցել ենք ցեմենտի ներկրման դանդաղում, կլինկեր ավելի շատ են բերել: Նոր կլինկեր արտադրողներ չեն ավելացել: Ցեմենտի ընդհանուր արտադրման ծավալներն աճել են 6.5 տոկոսով»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը փաստեց՝ Իրանի սահմանը փակ է լինելու մոտավորապես 2 ամիս և հարցրեց. «Շուկայում չկա՞ արդյոք տուրբուլենտ վիճակ ցեմենտի մասով: Ինձ զանգում են, ասում, որ Իրանից կլինկերի ներկրման հարցով խնդիր կա: Ստացվում է՝ այս ամենից դուրս, այս օրենքի իմաստը չի լինում: Դուք փաստացի վիճակագրություն չեք ունենալու, հիմնվելու եք նախկին վիճակագրության վրա, հետևաբար ո՞րն է այս օրենքի իմաստը»:

Ավագ Ավանեսյանը պատասխանեց. «Նման խնդիր լինելու է: Հենց դրա համար էլ օրենքի երկարացումն ավելի երկար պիտի լիներ: Բանակցություններ ընթանում են, որ Իրանից բերվող ապրանքներն ավելի հեշտ գան, բայց ներկայիս պայմաններում անվտանգության կանոնները պահպանելն ավելի բարձր տեղում է գտնվում»:

Պատգամավորները նաև մտահոգություն հայտնեցին, որ իրավիճակային բնույթի որոշումներ են ընդունվում: Փոխնախարարն էլ հակադարձեց, որ նման փոփոխությունը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ:

Առաջարկ հնչեց ցեմենտի արտադրության պետական տուրքը մեկ տոննայի դիմաց պահպանել 14.000 դրամի սահմաններում ոչ թե մինչև հունիսի 1-ը, այլ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, Բաբկեն Թունյանն ասաց. «Դուք մեզնից ժամանակ եք ուզում, մենք ձեզ ավելի շատ ժամանակ ենք տալիս»: Նախագիծը միաձայն ընդունվեց: Պատգամավորները նաև կողմ քվեարկեցին այս նախագիծը 24-ժամյա ռեժիմով քննարկելու հարցին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031