Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբան. «Երեխաների առողջական և կրթական միջոցառումների իրականացումն իրականացվելու է ընդհանուր կարգավորումներով»

Մարտ 18,2020 15:21

Կառավարության որոշմամբ մարտի 16-ից ժամը 18։30-ից սկսած մինչև ապրիլի 14-ը 17։00-ն Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն:

Ըստ որոշման` արտակարգ դրության ժամանակ ոչ միայն ուսանողները և աշակերտներն են անցել հեռավար ուսուցման համակարգին, այլև շատ աշխատողներ, որոնք հիվանդության խոցելի խմբում են, կաշխատեն տնից, այսինքն, կանցնեն հեռավար աշխատանքի:

Փորձեցինք պարզել, թե աշխատանքի վայրում ինչ պայմաններ են ստեղծվել մինչև 10 տարեկան երեխաների ծնողների և այն մարդկանց համար, որոնք խնամում են անկողնային հիվանդի, քանի որ տարբեր գերատեսչությունների ու կառույցների աշխատակիցների մտահոգում է այս հարցը։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասուլիսում ասել էր, որ իրենց աշխատակիցները նման խնդրի առաջ չեն կանգնի, քանի որ չի եղել նման մի իրավիճակ, երբ իրենց աշխատակիցը նման դեպք է ունեցել եւ հնարավորություն չի ունեցել տնից աշխատելու:

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք իրավաբաններ Մարինե Ֆարմանյանի եւ Նաիրա Ալավերդյանի հետ: Նախ փորձեցինք հասկանալ, թե ինչ իրավունքներ ունեն մինչև 10 տարեկան երեխաների ծնողները արտակարգ իրավիճակում:

Նաիրա Ալավերդյան

Իրավաբան Նաիրա Ալավերդյանը մեր զրույցում ասաց. «Հայ իրականության մեջ միշտ էլ ընտանիքը եղել և մնում է որպես պետության հենարան և մշտապես գտնվել է հասարակության ուշադրության և հոգածության կենտրոնում: Երկրում տիրող իրավիճակը ևս բացառություն չէ, որի պայմաններում շատ ծնողներ և երեխաներ օգտվում են օրենսդրությամբ ամրագրված մի շարք իրավունքներից: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը համարվում է բարձրագույն օրենք, ստորև նշված իրավակարգավորումներով հնարավորություն է տալիս, թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին օգտվել հետևյալ իրավունքներից. ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

Իրավաբանն անդրադառնալով արտակարգ իրավիճակին՝ նշեց. «ՀՀ Սահմանադրության 77-րդ հոդվածը սահմանում է՝ Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում: Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքի հոդված 28-ի համաձայն՝ Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է անհապաղ և անվճար օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար: Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը` հոգալով նրա առաջնահերթ կարիքները: Ընտանեկան օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք։

Արտակարգ իրադրության մեջ գտնվող (ձերբակալված, կալանավորված, բժշկական կազմակերպությունում գտնվելու և այլ դեպքերում) երեխան իր ծնողների և մերձավոր ազգականների, ինչպես նաև արտակարգ իրադրության մեջ գտնվող ծնողն իր երեխայի հետ շփվելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով։

Հարցին թե ի՞նչ իրավունքներ ունեն նրանք, ովքեր խնամում են անկողնային հիվանդներին, արդյոք իրենց տրամադրվո՞ւմ է բյուլետեն կամ հեռավար աշխատելու հնարավորություն, եթե իրենք 60 և ավելի տարեկան չեն ։ Իրավաբանն ասաց. «Ինչպես մինչև տասը տարեկան երեխա ունեցող ծնողները, այնպես էլ՝ այն անձինք, ովքեր խնամում են անկողնային հիվանդներին, որոնք 60 և ավելի տարեկան չեն ևս ունեն մի շարք իրավունքներ։ Պետք է նշեմ, որոնց ևս տրվում է հեռավար աշխատելու հնարավորություն: Այն ամրագրված է, ինչպես՝ օրենքներում, այնպես էլ՝ Կառավարության որոշմամբ և ներքին իրավական ակտերով»:

Մարինե Ֆարմանյան

Այս նույն թեմայով իրավաբան Մարինե Ֆարմանյանն ասաց. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներով և «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 17.03.2020թ. որոշմամբ ձեր նշած անձանց մասով հատուկ սահմանափակումներ և արտոնություններ չկան: Այսինքն, ըստ կառավարության որոշման հավելվածի` երեխաների տարիքային տարբերություններ սահմանված չեն, հետևաբար երեխաների առողջական և կրթական միջոցառումների իրականացումն իրականացվելու է ընդհանուր կարգավորումներով»:

Ինչ վերաբերում է անկողնային հիվանդ խնամողներին, ապա այս դեպքում էլ տարանջատում չկա և ըստ Պարետի ցուցումների` հեռավար կաշխատեն նման հնարավորություն և գործիքակազմ ունեցող կազմակերպության աշխատակիցները :

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արեւիկ ՓԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031