Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարար. «Խնդիրներում նույնական ենք լավագույն հեռավար կրթական համակարգեր ունեցող երկրների հետ»

Մարտ 18,2020 13:20

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ասուլիսում տեղեկացրեց արտակարգ դրության պայմաններում եւ արտակարգ իրավիճակներում կրթական գործընթացը կազմակերպելու ՝ գերատեսչության պատկերացումների մասին:

«Մենք խնդիր ունենք՝ կապված կրթական պրոցեսի անընդհատության ապահովման հետ եւ արդեն կարող ենք փաստել, որ բուհական համակարգի առումով կարողացել ենք գտնել համապատասխան լուծումներ, բուհերը հաստատել են, որ այս ընթացքում տեխնիկական տարբեր միջոցներով հանձն են առել եւ սկսել են իրականացնել հեռավար ուսուցում»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում մշտադիտարկում կանցկացնեն:

Նրա ձեւակերպմամբ, սնոբիստական կարծիքներ կան, որ հեռավար ուսուցման բոլոր բաղադրիչները պետք է ապահովել, որ այն իսկապես հեռավար ուսուցում համարվի, ինչն այդպես չէ:

Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին, ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ առանց իրենց միջամտության էլ շատ դպրոցներ, ուսուցիչներ սկսել են առցանց հարթակները կիրառել կրթության գործընթացի անընդհատությունն ապահովելու համար. «Ես նրանց ողջունում եմ, ասում եմ՝ դուք մեր գործընկերներն եք, եւ մենք ենք ձեր գործընկերը, միասին պետք է անցնենք այս փուլը եւ օգնենք բոլոր այն կրթական հաստատություններին, որոնք մինչեւ հիմա հնարավորություն չեն ունեցել հեռավար ուսուցման գործիքներ կիրառել»:

Նախարարն ասաց, որ աշխարհում հատկապես վերջին շաբաթներին, 700-800 միլիոն աշակերտներ զրկված են առկա ուսուցումից, հանրակրթության մեջ ներգրավված մարդիկ սկսել են օգտվել առցանց հարթակներից: «Սա դառնում է հեռավար ուսուցման համազգային պիլոտային ծրագիր, մենք կոչ ենք անում, որ ուսուցիչները, աշակերտները, ծնողները ջանքեր գործադրեն, որ այս պիլոտում ունենանք հաջողություն»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը; Ասաց, որ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել որպես հնարավորություն՝ նոր կրթական տեխնոլոգիաները զարգացնելու համար

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ ԿՏԱԿ-ի կայքում ստեղծել են պորտալ, որտեղ նման ծրագրեր իրականացնող հաստատությունների եւ գործիքների մասին տեղեկատվություն է հավաքված:

Հայտնեց նաեւ, որ Հանրայինի եթերում ամեն առավոտ կլինեն դասեր, Յուքոմից եւս առաջարկ են ստացել՝ նման դասերի համար առանձին ալիք տրամադրելու վերաբերյալ: «Ունենալու ենք առանձին յութուբյան ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, որը Յուքոմ ընկերության հաճախորդների համար կլինեն անվճար: Հույս ունեմ, որ մյուս օպերատորները եւս կմիանան այս նախաձեռնությանը»,-ասաց նախարարը:

Լրագրողի հարցին՝ որ ուսանողները խնդիրներ ունեն գրականության հետ կապված, քանի որ այս օրերին գրախանութները փակ են, նախարարը պատասխանեց, ռեկտորների հետ քննարկում է կայացել, եւ նրանք պատրաստակամություն են հայտնել արձագանքել առկա խնդիրներին:

Ինչ վերաբերում է դասախոսներին, նրանց մասին էլ նշեց. «Դասախոսները առցանց եւ հեռավար կրթություն իրականացնելիս պետք է նյութեր տրամադրեն, առաքեն ուսանողներին: Իհարկե, սրանք դժվարություններ են, բայց սա հնարավորություն է, որ մենք խնդիրները գույքագրենք»:

Aravot.am-ի հարցին՝ ինչպես են վերաբերվում իրենց այն աշխատակիցներին, որոնք ունեն մինչեւ տասը տարեկան երեխաներ կամ անկողնային հիվանդ հարազատներ, որոնց չեն կարող միայնակ թողնել, եւ իրենք էլ 60 եւ ավելի տարեկան չեն, որպեսզի տանը մնան, նախարարը պատասխանեց.

«Չգիտեմ նման մի իրավիճակ, երբ մեր աշխատակիցը նման դեպք է ունեցել եւ հնարավորություն չի ունեցել տանից աշխատելու: Գլխավոր պայման ենք դրել, որ ամբողջ աշխատանքը պետք է տանից իրականացնեն, հերթապահություն ենք սահմանել, խրոնիկ հիվանդությամբ, երեխա ունեցողները եւ 60 եւ ավելի տարեկանները կարող են աշխատանքը տանից անցկացնել»:

Ամառային զորակոչին բանակ գնացող շրջանավարտներին վերաբերող հարցի առնչությամբ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ խնդիրը միջգերատեսչական տիրույթում է, եւ պահանջվում են քննարկումներ Պաշտպանության նախարարության հետ, որից հետո միայն որոշում կկայացվի: «Ամեն ինչ պետք է անենք, որ զորահավաքային գործընթացներին չվնասենք»,-հավելեց Արայիկ Հարությունյանը:

«Արդյոք հեռավար ուսուցման համակարգն ամբողջությամբ լրացնելո՞ւ է առկային, մենք այս պահին չենք կարող այո կամ ոչ ասել…Մենք ուսուցիչներին ասում ենք, որ օգտագործեք ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ամեն ինչ պարզ կդառնա մշտադիտարկումից եւ խնդիրները գույքագրելուց հետո:

Ինչ վերաբերում է ներառական կրթություն ստացողներին եւ սահմանափակ տեխնիկական հնարավորություն ունեցող մարզային դպրոցներին, նախարարը հայտնեց, որ որեւէ մեկը դա դպրոցից չի իրականացնելու կամ աշակերտներին դպրոցներում չեն հավաքելու. «Փորձնական փուլը նրա համար է, որ ամբողջական պատկերացում փորձենք ունենալ այդ ամենի մասին»: Փոխնախարարն էլ կրկին վկայակոչեց Հանրայինի միջոցով կրթական ռեսուրսը հեռավոր համայնքներում բնակվողներին հասանելու դարձնելու մասին:

«Հատուկ կարիքներով երեխաների դեպքում գուցե հեռավար ուսուցումը,առցանց գործիքների օգտագործումը շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս»,-իր կարծիքը ներկայացրեց Ժաննա Անդրեասյանը:

«Մեր աշակերտներ մոտ տպավորություն կա, որ բջջային սարքերը միայն եւ սոցցանցերում զվարճալի նյութեր նայելու համար են, այժմ նրանք կհասկանան, որ դրանք կրթական գործընթացի անմիջական մաս կարող են կազմել»,- ասաց նախարարը;

Խոսեց նաեւ ուսումնական հաստատություններում իրականացվելիք լայնամասշտաբ ախտահանման մասին:

Ասուլիսի վերջում նախարարը լրագրողներին կոչ արեց գուգլ որոնողական համակարգում փնտրել, թե ինչ քննադատություններ կան աշխարհի լավագույն կրթական համակարգ ունեցող երկրների վերաբերյալ՝ հեռավար կրթության կազմակերպման հետ կապված. « Հիմա, որ դասերը դադարեցվել են, շատ լուրջ արձանագրումներ են անում, որ իրենք մեծ բացեր ունեն հեռավար կրթության հետ կապված, ինչը մեզ լրացուցիչ լավատեսություն է ներշնչում, որ խնդիրներում մենք նույնական ենք նույնիսկ լավագույն հեռավար կրթական համակարգեր ունեցող երկրների հետ, բայց սա մեզ մեր մոտիվացիայից հետ չի պահում »

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031