Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալկոգելի մասով խուճապային գնումներ ենք ունեցել. Փաշինյան

Մարտ 18,2020 12:45

«Այս պահին ունենք կորոնավիրուսով հաստատված 84 դեպք: Այս 84 դեպքն ունի որոշակի առանձնահատկություններ. մեր պայքարի մեթոդի մասին, որոշակի հետեւություններ անելու հնարավորություն է տալիս: Երեկ ես ասել էի, որ մեր 72 դեպքերից 70 տոկոսը Էջմիածնի եւ արտադրամասի դեպքերն են, այսօր արդեն այդ տոկոսն աճել է եւ հիմա արդեն դեպքերի 81 տոկոսն են արտադրամասի եւ Էջմիածնի դեպքերը եւ, ըստ էության, վերջին ախտորոշվածների խմբի մեջ 99 տոկոսն արտադրամասի դեպքերն են»,-այսօր այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, վիրուսի դեմ պայքարի մեթոդը հետեւյալն էր՝ դեպքն արձանագրել, նրա շրջանակը պարզել. «Նախ՝ քաղաքացիներին հաշվառել նրանց հետ աշխատել ինքնամեկուսացման տրամաբանության շուրջ, անընդհատ նրանց պահել հսկողության տակ, ախտորոշումը հաստատվելու դեպքում՝ նրան մեկուսացնել, նրա շփման շրջանակը»:

Ըստ Փաշինյանի, սկզբում ունեցանք Իրանի դեպքը, հիվանդն ինքը նախաձեռնություն էր ցուցաբերել եւ մեկուսացրել էին նրան ու նրա հնարավոր շփման շրջանակը: Եվ, ըստ էության, Փաշինյանի խոսքով, այդ ուղղությամբ կանգնեցրին հետագա զարգացումը. «Վերջին տասը օրվա մեջ այդ ուղղությամբ նոր ախտորոշումներ չենք ունեցել»:

Էջմիածնի դեպքում, վարչապետի խոսքով, ավելի լայն ընդգրկում եղավ, բայց այդ գործընթացն էլ դանդաղել է: Արտադրամասի դեպքի առնչությամբ էլ նշեց, որ հիմա նույնը այդ ուղղությամբ են աշխատանքներ տանում եւ հույս ունեն, որ արդյունավետ կլինի:

Փաշինյանի տվյալներով, այս պահին ունենք 444 մեկուսացված անձ եւ 799 մարդ, որոնց հորդորել են տներում ինքնամեկուսանալ եւ մեկուսացումը հնարավոր է շարունակեն. «Բայց եթե մեկուսացման ծավալները շատանան՝ այդ գործողությունը սկզբունքորեն կդառնա անիմաստ: Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ եւ հույս ունենք, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն արդյունավետ կգտնվի Էջմիածնի եւ արտադրամասի դեպքերի պարագայում: Մնացած դեպքերը լոկալ դեպքեր են: Չարենցավանում ում մոտ արձանագրվել է, նրանք շփում չեն ունեցել, պարզել ենք, որ Ֆրանսիայից ժամանած մեր հայրենակիցներն են եւ մեկուսացման խնդիր մենք չենք դնում»:

Երեկ դեղատներում շրջայցի ժամանակ վարչապետը պարզել էր, որ ալկոգելի պակասորդ կա: Վարչապետն ասաց, որ Հայաստանում օրական 11 հազար լիտր սպիրտ վերամշակվում, որի կեսը գնում է ալկոգելի արտադրությանը. «Այն, որ դեղատների մի մասում ալկոգել չկա, վկայում է այն մասին, որ մենք ալկոգելի մասով խուճապային գնումների հետ ենք գործ ունեցել եւ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր մեր սիրելի հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված: Հայաստանում ալկոգելի արտադրություն կա եւ այն ողջ ծավալով աշխատում է: Երեք ընկերություն կա, որ արտադրում է, տեղեկություն ունենք, որ չորրորդ ընկերությունն ուզում է միանալ»:

Քանի որ մեծահասակները խոցելի խումբ են համարվում, վարչապետն ասաց, որ թոշակների բաշխումը կկազմակերպեն այնպես, որ մեծահասակները ստիպված չլինեն գնալ եւ կուտակվել փոստային բաժանմունքներում. «Նրանք որոնք անկանխիկ են ստանում, անկանխիկ կստանան, իսկ որոնք կանխիկ են ստանում այնպես կանենք, որպեսզի նրանց հաճախեն թոշակ բաժանողները եւ թոշակները բաժանեն տներում՝ համապատասխան պաշտպանական դիմակներով»:

Վիրուսով վարակված քաղաքացիների վիճակի վերաբերյալ էլ ասաց, որ երկու հոգի թոքաբորբով է, երկուսի վիճակն էլ լավ է. «84 մեր հայրենակիցներից ընդամենը 26 հոգի ունեն 37-ից բարձր ջերմություն, ընդ որում նրանց մեծ մասը 37,2 ու 37,5 ջերմություն ունի: Ընդամենը 6 հոգի ունեն 38 եւ բարձր աստիճան ջերմություն: 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ մենք չունենք եւ այս առումով, իրավիճակը բավականին լավ է»:

Ըստ Փաշինյանի, այս ընթացքում 700-ից ավելի թեսթ են իրականացրել. «63 ընդհանարապես ոչ մի բողոք ու գանգատ չունեն: Եթե այսպես նայենք, ապա կարելի է ասել, որ կորոնովիրուսը մեզ մոտ անցնում է թեթեւ սցենարով»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1952895981520570/?notif_id=1584515990857226&notif_t=live_video_explicit

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031