Ճգնաժամային կառավարումը կառավարման արտակարգ իրադրությունների ժամանակ մշակված հայեցակարգային մոտեցումն է, որը պահանջում է կոնկրետ խնդիրների դեպքում շատ ավելի արագ արձագանք, այդ իրավիճակի շատ ավելի խորը գնահատում՝ պատճառների ու նաև հնարավոր հետևանքների տեսանկյունից: Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի դիտարկումն է, որի հետ զրույցում խոսել ենք ճգնաժամային կառավարման անհրաժեշտության ու մի քանի կարևոր կետերի մասին, որոնցով պետք է առաջնորդվի օրվա իշխանությունը:
«Այսօրվա վարակի պարագայում սկզբնական շրջանում գրեթե բոլոր երկրներում այդքան էլ լուրջ վերաբերմունք չկար: Վարակի խիստ տարածումից հետո միայն պետություններն սկսեցին ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները»,-նկատեց Է. Օրդուխանյանը:
Քաղաքագետը ճգնաժամային կառավարման արդյունավետության ապահովման մի քանի կետ առանձնացրեց. «Արդյունավետությունն ապահովելու համար նախևառաջ կառավարությունը պետք է կարողանա լիարժեքորեն վերահսկելի դարձնել իրավիճակը. արդյունավետությունն առաջին հերթին հենց այդ հանգամանքից է բխելու: Այսինքն, դեպքերի շուտ բացահայտում և կանխում. սա առաջին քայլն է, որը կառավարությունը պետք է անի: Երկրորդ՝ պետք է աշխատի վերահսկելի դարձնել մարդկային հոսքերը. խոսքն առևտրի, տրանսպորտի և բազմաթիվ նման խնդիրների մասին է, որոնք կարող են մարդկային կուտակումներ առաջացնել»:
Մինչ մյուս կետին անդրադառնալը՝ նա բերեց բանկոմատների օրինակը, որոնք նախօրեին չէին աշխատում. «Դրա հետևանքով մարդիկ դրամական միջոցները կանխիկացնելու խնդրի առաջ էին կանգնել: Բայց հարցն այն է, որ ճգնաժամը չի կարող այլ ճգնաժամ ստեղծել:
Կարդացեք նաև
Օրինակ՝ եթե խրախուսվում են օնլայն գործարքները, բանկային համակարգն անթերի պետք է աշխատի: Մեծ հաշվով, անպատրաստ վիճակ, որպես այդպիսին, չպետք է լինի: Պատասխանատուները երկու-երեք քայլ առաջ պետք է փորձեն հասկանալ ու հաշվարկել դրանից բխող հետևանքները. օրինակ՝ արտակարգ դրությունը հայտարարվեց, ի՞նչ հետևանքներ դա կարող է բերել: Մյուս կարևոր կետը կանխատեսելիությունն է, որը պետք է բարձր մակարդակի վրա լինի, ըստ որի՝ մի քայլից հետո կհասկանան, թե այն հաջորդական ինչ քայլերի կարող է հանգեցնել»:
Մյուս կարևոր կետը, ըստ քաղաքագետի, այն բոլոր հնարավոր քայլերն են, որոնք կբացառեն խուճապը. «Դրա համար ընտրված խոսնակները հանրությանը հնարավորինս պարզ, մատչելի ու թափանցիկ ձևով պետք է ներկայացնեն իրավիճակը, որ մութ ու անհասկանալի հարցեր չմնան, որովհետև անհասկանալի հարցերն ինքնին ենթադրությունների տեղիք են տալիս: Հաջորդ կետը խնդրի լուծում/հաղթահարումն է: Այս առումով նախ կարևոր է հետևել միջազգային փորձերին ու խնդրի հաղթահարման ճանապարհներին: Հաղթահարումն իր հերթին ենթադրում է թույլ չտալ վարակի տարածումը, և այս մասով կարևոր են կանխարգելիչ միջոցառումները: Իսկ հաջորդ քայլը, որը կբխի վերոնշյալից, սեփական փորձով այս ամենից «դասեր քաղելն» է, ինչպես նաև համապատասխան ճգնաժամային քաղաքականություններ մշակելը, որ եթե ապագայում կամ առաջիկայում նման դեպքեր լինեն, մենք կարողանանք շատ արագ դիմադրել դրան: Սկզբնական շրջանում փորձի բացակայությունը որոշակիորեն խորացրեց խնդիրը, թեպետ սա բնորոշ չէր միայն Հայաստանին»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում: