Երկուշաբթի օրը ռադիոյով լսեցի սահմանադրական հանրաքվեի քարոզչական գովազդը՝ տվյալ դեպքում կարեւոր չէ՝ գովազդվում էր «այո»-ն թե «ոչը»: Անկեղծ ասած՝ այդ գովազդն ականջիս լավ չնստեց, անպատեհ թվաց: Ճիշտ նույն ձեւով ես կարծում եմ իրավիճակին համահունչ չեն քաղաքում դեռեւս մնացած «Այո»-ի եւ «Ոչ»-ի պաստառները: Լավ կլինի, անկախ նրանից, թե պաշտոնապես ինչ որոշում է ընդունվել դրանց վերաբերյալ, քարոզչական կողմերն այդ պաստառները հանեն՝ որպես բարի կամքի դրսեւորում: Մարդիկ հիմա ապրում են բացարձակապես այլ հոգսերով:
ԿԸՀ-ն արդեն փաստացի հայտարարել է, որ ապրիլի 5-ին հանրաքվեն չի կայանալու: Արտակարգ դրության պայմաններում դա անօրինական կլինի: Եթե ես լինեի որոշում ընդունողը՝ ապա մոտակա ամիսներին մեծ թափ կհաղորդեի սահմանադրական փոփոխությունների ամբողջ փաթեթի աշխատանքներին եւ առանձին՝ «Հրայրի հարցով» հանրաքվե այլեւս չէի նշանակի, որպեսզի հետո անցկացվի մեկ հանրաքվե՝ նոր Սահմանադրության վերաբերյալ: Դա կապացուցեր, որ իշխանություններին իսկապես հետաքրքրում է դատական համակարգի փոփոխությունը եւ ոչ թե Թովմասյանին պատժելն այն բանի համար, որ ՍԴ-ն Քոչարյանի հարցով կայացրել է ոչ իշխանահաճո որոշում:
Իսկ դատական ողջ համակարգի բարեփոխման ուղղություններից մեկի մասին արդեն բազմիցս ասվել է՝ ստեղծել Գերագույն դատարան, որը կհամատեղի Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների գործառույթները: Վճռաբեկ դատարանը ըստ էության՝ պետք է հետեւեր միայն օրենքների միատեսակ կիրառմանը, բայց իրականում վերածվել է գործերը քննող եւս մի ատյանի: Այսօրվա Սահմանադրական դատարանի գործառույթները նկարագրված են այնպես, որ կարգավորումներն, այո, քաղաքական խաղերի հնարավորություն են ստեղծում: Հետեւաբար տրամաբանական է փոխել կարգավորումները, ոչ թե՝ մարդկանց: Ավելի ճիշտ՝ կարգավորումների փոփոխությունը անխուսափելիորեն կբերի դատարանների կազմի, դատավորների պաշտոնավարման ժամկետների եւ դատարանների անդամներին ներկայացվող պահանջների փոփոխությանը:
Սահմանադրական ամբողջական փոփոխությունների հանրաքվեն կարող է տեղի ունենալ, ասենք, մեկ տարուց: Մինչ այդ աշխարհը շուռ չի գա, Քոչարյանը բանտից չի փախչի, ՀՀԿ-ն ռեւանշի չի հասնի, գետերը վարից վեր չեն հոսի:
Կարդացեք նաև
Բայց մոտակա շաբաթներին անշուշտ պետք է կենտրոնանալ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա: Դա լավ ստուգատես է թե՛ պետության ամրության, թե՛ իշխանությունների կազմակերպչական ունակությունների եւ թե՛ հասարակության հասունության համար: Երբ համաճարակը նահանջի՝ հնարավոր կլինի ամփոփել արդյունքներն այդ երեք ուղղություններով:
…Պատկերացնում եմ, թե ինչ կլիներ, եթե արտակարգ դրություն չհայտարարվեր եւ քարոզչությունը շարունակվեր: «Հեղափոխության ֆեյսբուքյան պահապանները» կպնդեին հետեւյալը՝ քանի Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է, մենք չենք կարողանա հաղթահարել կորոնավիրուսը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ