Լրահոս
Օրվա լրահոսը

Մերուժանը՝ մարդկային երջանկության պատուհանի ու ցնորքի մասին

Մարտ 18,2020 13:00

Լույս է տեսել Մերուժանի հերթական գիրքը՝ «Մենաստան» վերնագրով, հերթական, բայց ոչ սովորական: Այս գրքում ասելիքի յուրատեսակ բյուրեղացում կա: Իբրեւ բնաբան է ընտրված Մերուժանի այս քառատողը.

Հիշողության սփռոցին

Դրեցի մորս հոգու հացը,

Որպեսզի վերստին ճաշակեմ

Արցունքներիս աղը…

Բանաստեղծությունների այս ժողովածուն ծաղկաքաղ է հեղինակի՝ անցյալում տպագրված գրքերից՝ լրացումներով: Մերուժանը գիրքը նվիրել է, իր ձեւակերպմամբ, խորհրդավոր խոսքի կարոտյալներին:

«Օրերը թանձրանում են, սիրելի ընթերցող, օրերը դառնում են դժվար, բարձրանում է նյութի արժեքը, արհամարհվում է հոգին, աճուրդի են հանվում հողը, լեզուն, բարքերն ու գաղափարները: Նման պայմանների առկայությամբ ծիծաղելի են խոսքի խորհուրդն ու երաժշտության եռանդը, գեղարվեստական պատկերացումներն ու քարակերտ հուշարձանների ազդեցությունները: Հրի ու սրի իշխանությունները պատկերամարտիկների աշխուժությամբ ամբոխավարություն են խաղում, իսկ անհասկանալի վիճակներում հայտնված ժողովուրդը պատմությանը ներկայանում է իբրեւ տխուր իրադարձությունների ակամա մասնակից եւ վկա:

Եվ այս մռայլ տեսարանների ֆոնի վրա ես արձանագրում եմ ցնորքի տողեր՝ երազելով մարդու ներաշխարհում վերածնել աստվածահաճո սիրո զգացմունք: Սերը մարդկային երջանկության պատուհանն է, որից հավիտենական լույս է թափանցում կարոտաբաղձ հոգիներում՝ նվիրագործում հավատը, բյուրեղացնում խիղճը, ազնվացնում խոսքը: Սիրով ապրելու կենսաշնորհը տրված է արեւամերձ հոգիներին…»,-գրքի առաջաբանում գրում է Մերուժանը: Նա շեշտում է, որ բանաստեղծը խորհրդավոր մարդ է եւ ծափահարությունների փափագ չունի, մանավանդ «բանաստեղծն աշխարհին կտակելու ոչինչ չունի, քան հոգեւոր կալվածքը՝ խոսքի հարստությամբ տարբեր հոգեվիճակների դրսեւորման միջոցով»,-գրել է նա առաջաբանում:

Գիրքը հետաքրքիր խորագրերով բաժիններ ունի՝ Ստեղներ, «Հայրենիքից դուրս», «Շնորհներ», «Հետգրություն», «Զարկերակ» եւ այլն: Ժողովածուն ամփոփվում է «Երեք նամակ» բանաստեղծությամբ, որը յուրատեսակ երանի է ապրածի ու զգացածի.

Երանի քեզ, որ ինձ հետ թափառում ես իմ երգերում

Ու կարոտ ես բաժանում անցորդներին փողոցի,

Եվ նրանց, որ չգիտեն տխուր օրորն իմ հոգու

Իմ հեկեկանքը թաքուն թարգմանում ես տողացի…

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շնորհակալություն և՛ բանաստեղծին, և՛ հրապարակման հեղինակին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031