Հարցազրույց պատմաբան, պահեստի փոխգնդապետ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի հետ:
-Ամեն անգամ Եռաբլուրում ծաղիկներ խոնարհելիս, տեղեկացվում է, որ երկրի ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Զորավար Անդրանիկին: Արդյոք, 21-րդ դարում արդարացվա՞ծ է «սպարապետ» կոչումը, եւ չի՞ «խեղճանում» «զորավար»-ը:
-Չեմ տեսնում որեւէ անակնկալ: Անդրանիկն ազգային հերոս է, ցանկացած հայ պաշտում է, միակ զորականն է, որ թուրքերի հետ առճակատման ժամանակ պարտություն չի կրել:
Վազգեն Սարգսյանը երկրի պաշտպանության նախարարն է եղել, վարչապետը, որին պետք է հարգ մատուցվի: Անդրանիկը ֆիդայի էր, հայդուկ, 1918թ. հունվարի 23-ին նրան շնորհվել է գեներալի կոչում: Գեներալը ռուսական կոչում է: Երբ Հայաստանը գտնվում էր Ռուսաստանի կազմում, այդտեղից էլ՝ կոչման «փոխառումը»: Գեներալը նախկին «դերակալն» է:
Կարդացեք նաև
Տարողունակ է հայոց զորավարական պատմությունը, այն ժամանակային ու աշխարհագրական սահմաններ չի ճանաչում մինչ օրս: Տարբեր ժամանակաշրջաններում մենք ունեցել ենք թագադիր իշխան, սպարապետ, իշխանաց իշխան, հազարապետ, զորավար, մելիք, զորական, աթաբեկ, սեպուհ, սատրապ, ասպետ, յուզբաշի, պատրիկ ու սարդար, ամիրա, բդեշխ, բեկ, խան, փաշա, ջանցլեր ու սեբատոս, վեստ ու սինեջալ, գեներալ, ծովակալ ու մարշալ:
20-րդ դարում՝ 1919թ. մարտի 25-ին հայ առաջին սպարապետը Թովմաս Նազարբեկյանն էր: Սպարապետների մեջ կարող ենք հիշել Կուռոյին՝ Սուրեն Թարխանյանին, Դրոյի օգնականին: Երբ Հայաստանում «Փրկության կոմիտե» ստեղծվեց, եւ նա նշանակվեց հայկական բանակի ընդհանուր պետ, նրան շնորհվեց սպարապետի զինվորական կոչում: Զինվորական կոչումները երեքից հինգ հազար տարեկան են, եւ կարծում եմ, որ առանց կոչումների չի կարելի պետական կառավարման համակարգը կառավարել:
«1000 հայազգի գեներալներ, ծավակալներ» գրքում, որի համահեղինակն եմ ես, ներկայացրել ենք բառարան, որտեղ մանրամասն նկարագրված են կոչումները: Ըստ էության, կոչումների հայրենիքը Ֆրանսիան է: Թուրքերը եւ պարսիկները մինչեւ անցյալ դարի հիսունականները, պահպանեցին խանի եւ փաշայի կոչումները, որոնք տրվում էին նաեւ դեսպաններին:
Երբ տպագրեցի «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը, նրանց թիվը 1006 էր, երբ թարգմանեցի՝ 1100, հիմա նրանք 1200-ն են:
-Բայց մենք կարծես գեներալների պակաս չենք զգում այսօր էլ: Շատ չե՞ն:
-Գեներալները չեն կարող շատ լինել: Նրանք բանակի համամասնությամբ են ստեղծվում: Կան, իհարկե, մաքսային համակարգի գեներալներ, արդարադատության, փրկարար ծառայության, այլ հարց է՝ «մաքուր» գեներալներինը, որոնց շնորհվածը զորավարական կոչումն է:
Հայաստանի Հանրապետությունը 1918-ից սկսած «մաքուր գեներալի» կոչում է տվել 36 մարդու, զորավարական կոչում՝ 60-ին: Կոչումներից հրաժարվել, փոխել գործող օրենքը, կարիքը չեմ տեսնում: Զինվորական կոչումներն անհատապես շնորհվում են զինված ուժերի ծառայողներին եւ զինապարտներին՝ համաձայն նրանց ծառայողական դրության, ռազմական եւ մասնագիտական պատրաստականության, զորատեսակի կամ ծառայության ձեւի պատկանելության, ինչպես նաեւ վաստակի եւ արժանիքների:
Այլ հարց է, որ մենք պետք է բարձրացնենք մեր գեներալների, զինվորականների մակարդակը, մի ամիս գնալ ՆԱՏՕ, մասնակցել դասընթացների, դա բավարար չէ: Գեներալը, հրամանատարը լուրջ կրթություն պետք է ստանա:
Ռուսաստանն առաջին հային, որին զինվորական կոչում է տվել, Սուվորովի մայրական կողմի պապն էր՝ Թեոդոսի Մանուկովն էր: Ռուսական բանակի գեներալ-մայորների մեջ հիշենք Հակոբ Բագրատունուն՝ ՀՀ Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (1919թ.), Մովսես Սիլիկյանին՝ Ռուսական բանակի գեներալ-մայոր (22.08.1917թ.), Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (28.05.1919թ.), Թովմաս Նազարբեկյանին՝ Ռուսական բանակի գեներալ-մայոր (1907թ.), Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (15.07.1919թ), Հայոց Սպարապետ (25.03.1919թ)…
Առ այսօր ռուսները 600 հայի են գեներալի կոչում շնորհել, այսօրվա Հայաստանում 200-ն են գեներալ: Ի դեպ, թուրքական ռազմական գործիչ Սինան փաշան աշխարհում առաջին հայազգի գեներալն է: 2019 թվականի նոյեմբերի 11-ին Փոլ Իգնատիուսը՝ Միացյալ Նահանգների հայազգի ամենաբարձրաստիճան զինվորականը, դարձավ 99 տարեկան: Նա ԱՄՆ-ի Նավատորմի նախկին հրամանատարն է, նրան եւ որդուն՝ Դեյվիդին, որը «The Washington Post»-ի սյունակագիրն էր, հանդիպել եմ երկրաշարժի տարիներին:
-Պարոն Պետրոսյանց, դիմում եմ ձեզ, իբրեւ արցախյան հերոսամարտի մասնակցի. ինչպե՞ս եք վերաբերվում պատմական իրադարձությունների խեղաթյուրմանը:
-Հաղթանակը չպետք է սեփականաշնորհվի: Կեղծիք է, երբ հայտարարում են, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Վազգեն Սարգսյանը տեղյակ չեն եղել Շուշիի ազատագրումից: Եթե չիմանար, որպես ղեկավար, ինչը բացառվում է, ապա մարդկային, զինական ուժը ինչպես էր շարժվելու առանց նրա կամ նրանց իմացության: Տեր-Պետրոսյանը Թեհրանում էր, երբ հայտնեցին, ի՞նչ պետք է ասեր: Ասաց այն, ինչ դիվանագիտություն է: Մինչ օրս մենք մի ճակատամարտ ենք շահել. պիտի գրավենք Բաքուն, որպեսզի պատերազմում հաղթենք: Օրեր առաջ լսեցի Ստեփան Զաքարյանին, հանրայինով, նա պնդում էր, որ Հյուսիսային Արցախը դա Ուտիքն է, եւ այնտեղ ուդի ժողովուրդ է ապրել: Արցախը Մռավով է ավարտվում, իսկ մնացյալը կեղծիք է:
-Դուք այս օրերին ավարտել եք Զաքարյաններին նվիրված ձեր գիրքը:
-Այո, պատրաստ է հրատարակման 17-րդ դարի ռազմական, պետական, դիվանագիտական գործիչ, հայ-վրացական բանակի առաջին ամիրսպասալարի որդուն՝ Զաքարեին նվիրված պատմական-քաղաքական գիրքը: Ի դեպ, պատահական չէ, որ այնտեղ ես փոխարքա եմ կոչում նրան, ներկայացնում որպես կողմնակալի՝ երկրի որեւէ կողմը կառավարողի, կառավարիչի:
Հարցազրույցը՝
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
17.03.2020