Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թռիչք կկվի բնի վրայով»՝ հայկական տարբերակով

Մարտ 18,2020 13:30

Չնայած կորոնավիրուսին՝ մարտի 14-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր. ոմանք բժշկական դիմակներով, ոմանք բաց դեմքերով եկել էին դիտելու «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը՝ ըստ հիփի սերնդի վառ ներկայացուցիչներից մեկի՝ Քեն Քիզիի համանուն աղմուկ հանած գործի, որը բեմադրել է Արմեն Էլբակյանը:

Բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Մերի Սարգսյանը, կոմպոզիտորը՝ Կարապետ Գարի Քյոսայանը: Հերոսներին մարմնավորել են Արմեն Մարգարյանը, Դավիթ Գասպարյանը, Անի Պետրոսյանը, Լուսինե Կոստանյանը,  Ռոման Բաբայանը, Սամվել Բաղինյանը, Մեսրոպ Աբտոյանը եւ Անդրանիկ Զաքարյանը:

Սովորական պատմություն՝ բանտից խուսափելու համար  խելագար ձեւացած եւ հոգեբուժարանում հայտնված Ռենդլ Պատրիկ Մաքմերֆիի մասին, ում զարմացնում է այն,  որ հիվանդները համակերպվում են հոգեբուժարանում տիրող կարգերի հետ: Սարսափելին այն է, սակայն,  որ շատերն իրենց կամքով են եկել հոգեբուժարան՝ արտաքին աշխարհից փախչելու համար:

Բնականաբար, Մաքմերֆին սկսում է ապստամբել: Նա ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բուժքրոջ՝ Ռեթչեդի սահմանած կանոնների դեմ եւ փորձում  է հեղափոխություն անել հիվանդների կյանքում: Ֆուտբոլի խաղերի դիտում հեռուստացույցով, սպորտային մրցումներ՝ հիվանդների միջեւ, ի վերջո կանայք, խմիչք, երիտասարդներից մեկի՝ կուսությանը հրաժեշտ տալու արարողություն, թղթախաղ: Անգամ Մերիլին Մոնրոյի հանրահայտ «թռչող զգեստի» իմիտացիան կա ներկայացման մեջ. հոգեբուժարանում փակված եւ միայն սպիտակ խալաթավորների տեսած հիվանդների համար կինը հենց այդպիսին է՝ գեղեցիկ, եթերային, համարյա  անհասանելի ու անչափ ցանկալի:

Ի դեպ, նույն գործի էկրանավորումից Քիզին, որը ժամանակին հիվանդանոցում հոգեբանի օգնական է աշխատել եւ ըստ որոշ լուրերի, հոգեմետ դեղերի մի մասն իր վրա փորձարկել, դժգոհ է մնացել, թեեւ Միլոշ Ֆորմանի նկարահանած «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը: Ասում են՝ պատճառն այն էր, որ ֆիլմում Առաջնորդը երկրորդ պլան է մղված, ինչը չես ասի գործի հայկական բեմադրության պարագայում: Նշենք, որ ինչպես ֆիլմի գլխավոր հերոսը, Քիզին եւս ժամանակին խնդիրներ է ունեցել օրենքի հետ՝ ձերբակալվել է մարիխուանայի համար, ինքնասպանություն ձեւացրել եւ այլն…

Հիմա դառնանք էլբակյանական բեմադրությանը. գրեթե երեք ժամ տեւած ներկայացումը դիտելիս ժամանակը չես զգում: Եվ ռեժիսորական աշխատանքը, եւ դերասանների հրաշալի խաղը, եւ երաժշտական ձեւավորումն ու մնացյալը թույլ չեն տալիս ձանձրանալ: Բեմադրության մեջ չկա որեւէ ավելորդ դետալ կամ  չպատճառաբանված դադար: Սկսած Արմեն Մարգարյանի վառ Մաքմերֆիից՝ ավարտած Դավիթ Գասպարյանի Առաջնորդով, ամեն ինչ հրաշալի էր:

Ի դեպ, Առաջնորդի մասին… Դերասանն իր մունջ խաղով բյուրեղացրել էր ներկայացման հիմնական ուղերձը, որն անընդհատ բարձրաձայնում էր տաքարյուն ու ընդվզող Մաքմերֆին: Մարդը պետք է մինչեւ վերջին շունչը փորձի դիմակայել համակարգի ակցաններին ու ջլատող ուժին, որովհետեւ միայն ինքնուրույն մտածող ու բանական մարդը կարող է հաղթող դուրս գալ այդ անհավասար պայքարից, իսկ համահարթեցումն ու ենթարկումը չեն կարող հավերժ լինել հենց նման մարդկանց գործած առկայծումների շնորհիվ:

Ներկայացման նյութը միշտ արդիական է, ինչ խոսք, այն փոքր-ինչ դժվարամարս է, գուցե ինչ-որ տեղ «դառը», բայց անհրաժեշտ բուժիչ դեղահաբի նման, իսկ Արմեն Էլբակյանի ընտրությունը հերթական անգամ ճիշտ գործի վրա է կանգնել: Ճանապարհ հարթող ըմբոստներին չեն ներում, բայց հետո նրանց բացած ճանապարհով քայլում են իրավազրկումից ազատագրվածները:

Պետք է շնորհավորել Գ. Սունդուկյանի անվան թատրոնին՝ այս ներկայացման համար, որովհետեւ ոչ բոլորին է հաջողվում հայտնի գործի հայտնի էկրանավորումից տարբերվել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031