Առցանց քննարկում՝ եվրոպական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի առնչությամբ
Եվրոպական ֆուտբոլում ստեղծված իրավիճակն այսօր առցանց հանդիպման ընթացքում քննարկել են ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմը և ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների նախագահները, գլխավոր քարտուղարները:
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը տեղեկացրել է, որ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ՈՒԵՖԱ-ն հետաձգում է իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը, ինչպես նաև տեղափոխում է ԵՎՐՈ-2020-ի անցկացումը 2021թ.: Քննարկման մասնակիցները ընդգծել են եվրագավաթները և ազգային առաջնությունները ավարտին հասցնելու կարևորությունը: ՈՒԵՖԱ-ի կողմից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մինչև մարտի 31-ը կքննարկի ակումբային մրցաշարերի անցկացման ժամկետները և ձևաչափը:
Ազգային ասոցիացիաները սերտորեն աշխատելու են եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի հետ՝ ի հայտ եկած խնդիրներին լուծում տալու նպատակով:
Կարդացեք նաև
Հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն առցանց կապ է հաստատել ՀՖՖ գործկոմի անդամների հետ՝ ներկայացնելով ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմի հետ քննարկման արդյունքները: ՀՖՖ նախագահը Գործկոմի անդամներին տեղեկացրել է, որ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշումը, մինչև ս.թ. ապրիլի 14-ը դադարեցվել են Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մյուս մրցաշարերը, ինչպես նաև ՀՖՖ ենթակայության տակ գտնվող բոլոր ենթակառուցվածքների գործունեությունը:
ՀՖՖ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գալիք 2 շաբաթների ընթացքում կապի մեջ կլինի ՈՒԵՖԱ-ում ստեղծված աշխատանքային խմբի հետ՝ ազգային առաջնության հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար: Որոշումները կկայացվեն՝ հաշվի առնելով ոչ միայն աշխատանքային խմբի քննարկումները, այլև նաև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը Հայաստանում և ՀՀ կառավարության որոշումները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա