Say cheese խանութի մարկետինգային տնօրեն Սերգեյ Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունից մեզ չհայտնեցին, թե արդյոք հայտնաբերել են ծեծի ենթարկողներին:
Սերգեյ Սարգսյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն արդեն պարզել է, որ իրեն ծեծողները Իտալիայից վերադարձած Էջմիածնի բնակչուհու ազգականներն են: Հիշեցնենք, որ այդ կինը կորոնավիրուսով վարակված Էջմիածնում նշանդրեքի էր մասնակցել ու մի շարք մարդկանց վարակել: Սերգեյ Սարգսյանն էլ տեսանյութ էր տարածել, որում շնորհակալություն էր հայտնում այդ կնոջը քաղաքի երթեւեկությունը բեռնաթափելու համար:
Սարգսյանի խոսքով՝ տեսահոլովակի հրապարակումից չորս ժամ անց, երբ գտնվում էր Say Cheese խանութի դիմաց, երեք անծանոթ, դիմակավորված անձիք մոտեցել են, հարցրել, թե արդյոք ինքն է այդ տեսահոլովակի հեղինակը և առանց որևէ բացատրության՝ խփել եւ գցելով գետնին՝ հարձակվել են իր վրա՝ հասցնելով հարվածներ ոտքերով և ձեռքերով:
Այդ ամենը տեսնելով, իր կինն ու անձնակազմի անդամները փորձել են կանխել հարձակումը, սակայն նույնպես ենթարկվել են հարձակման: Ծեծողները դիմել են փախուստի: Սարգսյանն ու կինը ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կարդացեք նաև
Սերգեյ Սարգսյանի խոսքով, իր համար հասկանալի չէ՝ ինչից են վրդովվել իրեն ծեծողները. «Կարծում եմ, որ վրդովմունք կարող էր առաջացնել պաչպչել բառի օգտագործումը, իմ ընկալմամբ, պաչպչել բառի մեջ չկա վիրավորական, սեռական կամ նմանատիպ հարաբերվելու երեւույթ, բայց եթե համարենք, որ դրան դիմացինը այլ եզրույթներ է տալիս, դրա մասին ինձ պետք էր զգուշացնել, որ փորձեի հասկանալ՝ արդյոք ինչ-որ մեկին վիրավորել եմ, թե՝ ոչ, հետեւություններ անեի եւ տեսահոլովակի հեռացման հետ կապված գործողություններ»:
Մեր զրուցակիցն ասաց՝ չի պատրաստվում տեսահոլովակը հեռացնել հիմա, ասաց՝ այն արդեն ունի հանրային մեծ հնչեղություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ