Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին մարդը, որ խախտեց արտակարգ ռեժիմը ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանն էր». Դանիել Իոաննիսյան

Մարտ 17,2020 23:23

Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն հաստատելուց հետո ժամանակավոր սահմանափակումներ են նախատեսվում նաև լրատվամիջոցների համար։ Մասնավորապես, Կառավարության 298-Ն որոշման 23-րդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից կարող է հրապարակվել բացառապես հղում կատարելով Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվությանը: Ըստ հայտարարության՝ նշված սահմանափակման միակ նպատակն է հանրությանը մոլորեցնող և խուճապ առաջացնող տեղեկատվության բացառումը և ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը կանխարգելելը։

Արտակարգ դրությամբ պայմանավորված խոսքի և մամուլի սահմանափակումների վերաբերյալ Մեդիա կենտրոնը Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք որոշման մեջ տեղ գտած ձևակերպումներով սահմանափակումները ԶԼՄ-ների նկատմամբ կարող են հանգեցնել գրաքննության։ Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ որոշումն ինքնին գրաքննություն է: «Առաջին մարդը, որ խախտեց արտակարգ ռեժիմը ԱԺ պատգամավոր, իմ լավ բարեկամ Հայկ Գևորգյանն էր: Կառավարության սահմանած արտակարգ դրության կանոններով արգելվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի դեպքերի մասին ոչ պաշտոնական տեղեկություն տարածելը: Երեկ խորհրդարանում Հայկ Գևորգյանն ասաց, թե ինքը համարում է, որ Թուրքիան և այլ երկրներ ստում են կորոնավիրուսի դեպքերի քանակի վերաբերյալ: Հիմա եթե ինչ-որ մեկը գրի, որ Ռուսաստանի իշխանությունները սուտ են ասում, ոչ թե 60 դեպք է, այլ ավելի, դա ևս փաստորեն ստացվում է, որ գրաքննության արգելքի տակ է»,- նշեց Դանիել Իոաննիսյանը: Ըստ նրա՝ տեղին կլիներ արգելել Հայաստանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ խուճապ առաջացնող ակնհայտ սուտ տեղեկությունների տարածումը:

Դանիել Իոննիսյանի կարծիքով կա նաև կառավարության պաշտոնական տեղեկատվության վստահելիության հարց: «Մեզ պետք է, որ հասարակությունը վստահի այդ տեղեկատվությանը, ոչ թե հանրությանը պարտադրվի վստահել դրան: Պարտադիր տեղեկությանը ոչ ոք չի վստահում: Երկու օրինակ բերեմ՝ մեկը 2008 թվականից, երբ մտցվեց գրաքննություն, և ամեն տեսակի ինֆորմացիա արգելվեց, մարդիկ sms-ով տարածում էին ապատեղեկատվություն, թե 55 զոհ է եղել ու հասարակությունը վստահում էր դրան, քանի որ կար գրաքննություն: Եթե չլիներ գրաքննություն, մարդիկ կլսեին անկախ լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունը և կիմանային, որ 55 զոհ չկա: Մարդիկ հավատում էին 55 զոհի մասին ակնհայտ կեղծ տեղեկատվությանը, քանի որ կար գրաքննություն»: Դանիել Իոաննիսյանն ընդգծեց, որ նույն մտավախությունն ունի հիմա. մարդիկ կասկածի տակ կդնեն կառավարության ասած իսկությունը, քանի որ չկան անկախ աղբյուրներ, որոնք կհաստատեն այդ տեղեկատվությունը: Իոաննիսյանը նաև հիշեցրեց 2015-ի ընթացքում Տավուշի սահմանին իրավիճակի թեժացումը: «Գործը հասավ մինչև Նոյեմբերյանի հրետանակոծություն, հայկական կողմում չկար խուճապ, ադրբեջանական կողմում կար: Կան բազմաթիվ լուրջ վերլուծություններ, որոնք պնդում են, որ դա պայմանավորված էր հենց նրանով, որ հայկական կողմում չկար գրաքննություն, իսկ ադրբեջանակում կար: Գրաքննությունն ինքնին խուճապին նպաստող հանգամանք կարող է լինել: Դրա համար պետք է շատ զգույշ օգտվել այդ գործիքից»:

Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեցինք՝ մինչ արտակարգ դրություն հայտարարելը որքանով էին լրագրողները ճիշտ տեղեկություն հաղորդում և որքանով էր իշխանությունը վստահելի ինֆորմացիա տարածում: «Մոնթե Մեքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շենքը կարանտինի վայր դարձնելու մասին լուրերը իշխանությունների կողմից հերքելը վառ օրինակ է, թե ինչ պետք չէ անել: Վարժարանը որպես կարանտինային վայր օգտագործելու վերաբերյալ տեղեկությունների հերքումը, խոցելի դարձրեց իշխանությանը՝ հանրության վստահելիության առումով, քանի որ հետո պարզվեց, որ իսկապես օգտագործվելու էր»: Իոաննիսյանն ընդգծեց, թե մեծ հաշվով չի նկատել, որ իշխանությունը Հայաստանում սուտ տեղեկություններ տարածի կորոնավիրուսի դեպքերի քանակի, դրանց տարածվածության մասին, բայց ըստ նրա՝ խնդիրը ոչ միայն այն է, որ իշխանությունը ճիշտ տեղեկություն տարածի, այլև այն, որ իշխանության տարածած տեղեկությունը հանրությությունը կասկածի տակ չդնի: Իսկ գրաքննությունն այդ առումով խնդրահարույց է:

Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ նաև այսօր Կառավարությունում հրավիրված ասուլիսում վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությանը, թե Վայքում աշխատած լրագրողների հետ կապ են հաստատել Առողջապահության նախարարությունից: «Մենք տվել ենք ցուցակները, կապը հաստատվել է, բոլորից հետաքրքրվել են իրենց առողջական վիճակի մասին, ախտանիշների մասին են հարցրել, և առաջարկվել է, որ եթե ունեն համապատասխան ախտանիշները, իրենք գնան և անցնեն թեստավորումը: Գրեթե բոլորը, ինչքանով ես եմ տեղյակ, հրաժարվել են դրանից»,- ասուլիսում ասել էր Մանե Գևորգյանը: Մինչդեռ Factor.am-ը հրապարակել էր, որ իր նկարահանող խմբի անդամների մասով, վարչապետի խոսնակի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ պետական կառավարման համակարգը սխալ ինֆորմացիա է մշակել ու նաև վարչապետի խոսնակն է սխալ ինֆորմացիա ստացել: «Եվս մեկ օրինակ, թե ինչպես է իշխանությունն անում սխալ քայլեր, որոնց արդյունքում իր հրապարակած տեղեկատվությանը չեն վստահում»:

Դանիել Իոաննիսյանը հույս հայտնեց, որ այս սահմանափակումները չեն բերի կամայական գործելաոճի: «Այս պահին ես ավելի շատ մտահոգված եմ նրանով, որ հասարակությունը կսկսի չվստահել իշխանության տրամադրած տեղեկություններին, ինչի համար պետք է ձևակերպումները հստակեցվեն գոնե ԱԺ կողմից ընդունվելիք օրենսդրական փաթեթների առումով և ինչի համար իշխանությունը չպետք է տարածի սխալ տեղեկություններ»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ, անդրադառնալով արտակարգ դրության որոշմամբ ԶԼՄ հրապարակումների սահմանափակումներին, նշեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կկիրառվեն փաստաթղթի դրույթները: Ըստ նրա՝ արտակարգ դրության պայմաններում որոշ սահմանափակումներ պետք է լինեն, այն միջոցառումները, որոնք նախատեսվել են մեծ հաշվով տրամաբանական են: «Ամեն դեպքում դա պետք է չխաթարի լրատվամիջոցերի գործունեությունն այն առումով, որ նրանք ազատ լինեն տեղեկություն փնտրել և հրապարակել նաև այլ աղբյուրներից մի կարևոր պայմանով, որ նրանք էլ ավելի պատասխանատու պետք է մոտենան այդ աշխատանքին, քան առօրյայում, քանի որ ցանկացած չճշտված տեղեկատվություն կարող է ավելորդ խուճապ առաջացնել բնակչության շրջանում և այս առումով շատ կարևոր է, որ նյութերը հիմնված լինեն բացառապես ճշտված տեղեկությունների վրա: Ըստ Մելիքյանի՝ եթե լրագրողը հանրային կարևոր նշանակություն ունեցող փաստ է ձեռք բերել, հնարավոր է դրա վերաբերյալ ստանալ նաև պաշտոնական մեկնաբանություն, հրապարակել և ձեռք բերված փաստը, և պաշտոնական դիրքորոշումը: ԽԱՊԿ նախագահը կոչ արեց կառավարությանը և պարեկային խմբին առավելագույն հանդուրժողականություն ցուցաբերել, լրատվամիջոցներին էլ՝ առավելագույն պատասխանատվություն:

Մեդիա կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031