Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիից հեռացան՝ արտասվելով․ Եվրամիության երկրներն ու ԱՄՆ-ը հետ են կանչել իրենց կամավորներին

Մարտ 17,2020 22:50

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ն, որը վեց միջազգային կամավոր-աշխատակիցներ ուներ Եվրամիության տարբեր երկրներից ու ԱՄՆ-ից, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ ստիպված է եղել մեկ օրվա մեջ հրաժեշտ տալ բոլորին․ ուղարկող կառույցները հետ են կանչել նրանց։ Եվ սա այն ժամանակ, երբ Հայաստանում դեռ արտակարգ դրություն չէր մտել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանը։

«Խուճապ մենք ավելի շատ զգացինք օրեր առաջ եվրոպական երկրների մեր գործընկերներից․ կարծես սա ազդակ էր հասկանալու, որ Հայաստանում ևս պետք է նմանատիպ դրություն մտցվի», -ասաց մեր զրուցակիցը։

Հետկանչն այնքան հրատապ է եղել, որ աշխատակիցներից շատերը չեն հասցրել հրաժեշտ տալ կամավորներին։ «Անձինք, ում հետ աշխատել ես 8-9 ամիս, ճանապարհորդել ես, գործուղումների ես եղել Հայաստանում և Հայաստանից դուրս, ընդամենը մեկ գիշերում հետվերադարձի հրահանգ են ստանում իրենց ուղարկող կազմակերպություններից և չես հասցնում անգամ հաջողություն ասել։ Մինչ այդ, իմանալով, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանը փակվելու է, հրատապ կազմակերպեցինք Վրաստանում վերապատրաստման մեկնած մեր միջազգային կամավոր-աշխատակիցների տեղափոխությունը Հայաստան՝ Գյումրի, որտեղ իրենք ապրում էին։ Սակայն մինչ մեր կամավորները Վրաստանից վերադառնում էին Գյումրի, Եվրոպական Միության մեր գործընկերները ծանուցումներ ուղարկեցին՝ խնդրելով կազմակերպել կամավորների հետվերադարձը իրենց երկրներ»,-պատմեց Արթուր Նաջարյանը։

Մեր հարցին՝ մի՞թե Հայաստանում ավելի ապահով չէր, քան իրենց երկրներում, այս հարցը չի քննարկվե՞լ ուղարկող կառույցների հետ, մեր զրուցակիցն ասաց․ «Միանշանակ քննարկել ենք այդ հարցը, այստեղ խոսքը Հայաստանում ապահով լինել-չլինելու մասին չէ, ինչպես իրենք են նշում, ավելի շատ գերադասեցին իրենց ընտանիքի անդամների հետ լինել։ Չնայած որ ունեինք գործընկերներ Եվրոպայից, մասնավորապես Գերմանիայից, որոնք ավելի շատ ապահով համարում էին իրենց երկիրը, չնայած որ այդ ժամանակահատվածում մենք ընդամենը մեկ հաստատված դեպք ունեինք, իսկ Գերմանիայում 2000-ից ավելի էր։ Այնուամենայնիվ, իրենց համար Հայաստանը ոչ ապահով էր, և իրենք գտնում էին, որ եթե որևէ բան պատահի իրենց քաղաքացու հետ, միգուցե իրենք համապատասխան աջակցություն և ծառայություններ չստանային»։

Նշենք, որ Հայաստանը լքող կամավորները շատ են տխրել և հուզվել, անգամ չեն ցանկացել մեկնել։

Հիշեցնենք, որ Գյումրու ԵՆԿ ՀԿ հյուրընկալված կամավորները, որպես կանոն, կարճ ժամանակահատվածում սովորում են հայերեն ու յուրատեսակ սիրով կապվում մեր երկրի հետ։ Նրանք անգամ մեծ դերակատարություն են ունենում Հայաստանում տուրիզմի զարգացման գործում՝ իրենց եվրոպացի ընկերներին և գործընկերներին հյուրընկալելով Հայաստան ու տեսարժան վայրերը ցուցադրելով։

«Ասես չգրված օրենք լինի մեր կամավորների համար․ բոլորն, առանց բացառության, առաջին շաբաթների կրիզիսային շրջանը, մշակութային շոկն անցնելուց հետո, սիրահարվում են մեր երկրին, մեր ժողովրդին, մասնավորապես Շիրակի դաշտավայրի բնակչությանը, որոնք հյուրընկալ են ու շատ ջերմ։ Կամավորները մտերմացել էին մեր համաքաղաքացիներից շատերի հետ և անգամ կամավորներից երկուսը՝ մեր էստոնացին ու գերմանացին ասում էին, որ մեր երկրում հստակ նախաձեռնություններ պետք է իրականացնեին և իրենց կամավորական ծառայությունն ավարտելուց հետո, հետ են ուզում գալ Հայաստան։ Իսկ մեր ամերիկացի և իռլանդացի կամավոր-աշխատակիցներն առաջին օրերին ընդհանրապես հրաժարվում էին հետ վերադառնալ՝ համարելով, որ իրենք ամենաապահով երկրում են գտնվում։

Ամերիկացի կամավորին այսօր առավոտյան ենք ճանապարհել․ հուզվել էր, երբեք չէր պատկերացնում, որ երբևէ իր երկիր գնալու պատճառով պիտի արտասվեր։ Ինչպես մեր կամավորներից երկուսն էին ասում՝ այստեղ իրենց համար ոչ թե վիրուսն է վախենալու, այլ իրենց երազանքը և պլանները, որոնք անկատար են մնալու։ Ցավոք, կամավորներից երկուսի ծրագիրը վաղաժամ դադարեցվեց՝ առանց երկարացման հնարավորության, արդյունքում իրենք չեն վերադառնա Հայաստան ծրագրի շրջանակներում, բայց հույս ունենք, որ հետ կգան արդեն իրենց անձնական բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար, քանի որ կամավորներից մեկը ցանկություն ուներ ներդրում կատարել Գյումրիում, և հնարավորության դեպքում փոքրիկ ձեռնարկատիրական գործունեություն ծավալել։ Կամավորներից 3 դեպքում ծրագիրը դադարեցված չէ, ժամանակավոր կասեցվել է՝ հույս ունենալով, որ գոնե մայիսից սկսած կվերսկսենք և Գերմանիայի ու Իռլանդիայի կամավորները հետ կվերադառնան Հայաստան։

Իռլանդիայի կամավորի համար էր շատ բարդ, ընդամենը երկու շաբաթ էր՝ ինչ Հայաստանում էր, մեկ տարով պետք է մնար, ամեն ինչ թողել էր իր երկրում․ լիքը ծրագրեր ուներ մեզ մոտ, ամենամեծ դժվարությամբ ինքը որոշեց հետ վերադառնալ։ Անգամ, երբ մյուս կամավորների հետկանչը տեղի ունեցավ, ընտանիքի անդամները սկսեցին ճնշել, որ պահանջում ենք ձեզ, իրենք չէին ուզում գնալ, իռլանդացի մեր աղջիկը հրաժարվեց վերադառնալ մինչև այն պահը, երբ Հայաստանում սկսեց վարակվածների թիվն ավելանալ»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Նշենք, որ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ն «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի շրջանակներում շուրջ 7 ամիս է՝ հյուրընկալել էր կամավորների թե՛ Եվրամիության երկրներից՝ կոնկրետ Էստոնիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, և թե՛ ԱՄՆ-ից։ Ըստ ծրագրի` 18-30 տարեկան երիտասարդ մասնագետները մեկ տարվա կտրվածքով կարող են պրակտիկա անցնել և կամավորական աշխատանք իրականացնել։ Կամավորներն էլ Գյումրիում աշխատել են պատանիների ու երիտասարդների հետ, կրթական ու մշակութային ծրագրեր են իրականացրել՝ պատանիներին ծանոթացնելով տարբեր երկրների մշակույթին, խոհանոցին, երաժշտական խմբակներ են վարել, նպաստել պատանիների անհատական զարգացմանը։ Իսկ վերջին ժամանակահատվածում կամավորներից մեկի հետ, որը Էստոնիայում հայտնի օճառագործի դուստր էր, օճառի արտադրությամբ էին զբաղվում։

Այս ծրագիրը, որը պիտի ավարտվեր հունիսի վերջին, այս պահին ևս դադարեցվել է։ Ծրագրերից մեկն էլ իրականացրել է ԱՄՆ «Խաղաղության կորպուս»-ի կամավորներից մեկը «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում։ Այն շրջակա միջավայրի ու արևից էներգիա ստանալու ծրագիր էր, ամերիկացի կամավորը մեկ տարի է, ինչ Հայաստանում էր, մեկ տարի ևս պետք է մնար, այսօր անսպասելիորեն նրան ճանապարհել են։

«Եթե Եվրամիության կամավորների պարագայում մեզ նախապես ծանուցում եղավ, որ հնարավոր է ծրագրերը դադարեցվեն և հետ կանչվեն, և մենք կարողացանք նախապատրաստվել, երբ վիրուսի տարածման մասին տեղեկությունը սկսեց շրջանառվել, ամերիկացի մեր կամավորի դեպքում շատ հրատապ եղավ, ընդամենը մեկ գիշերվա մեջ ծանուցում եկավ և տեղեկացրեցին, որ ամբողջ խումբը՝ շուրջ 30 հոգի, որոնք Հայաստանի տարբեր մարզերում էին ծառայություն իրականացնում, հրատապ մեկնելու են ԱՄՆ», -ասաց Արթուր Նաջարյանը։

Նա նաև հավելեց՝ այն կրթական և համայնքային զարգացման ծրագրերը, որոնք աջակցվում էին Եվրամիության կողմից, ժամանակավորապես են դադարեցվել, դրանք, բնականաբար, կունենան իրենց շարունակությունը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր Նաջարյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031