Այսօր ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Վերջին տվյալներով ունենք եւս 6 հաստատված դեպք, որոնք կապված են արտադրամասում հայտնաբերված դեպքի հետ: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 78-ն է: Սակայն, այս դեպքերից 18-ը փաստացի եղել են ընդհանրապես առանց ցուցումների հետազոտված՝ կարանտինում գտնվող քաղաքացիների մոտ եւ կարելի է նույնիսկ դրանք թեստ չհամարել, որովհետեւ եթե նույնիսկ նրանց չհետազոտեինք, հնարավոր էր նրանց մոտ վիրուսը չհայտնաբերեինք: Հավանականություն կար, որ եթե 14-րդ օրը հետազոտեինք, նրանք նույնիսկ չէին ունենա այդ վիրուսը, ինչպես շատ քաղաքացիներ հնարավոր է ունեցած եւ բուժված լինեն ու իմացած չլինեն»,- ասաց Թորոսյանը:
Նախարարն ասաց՝ պացիենտների 90 եւ նույնիսկ ավելի տոկոսը որեւէ սիմպտոմ չունեն.«Ջերմություն են ունեցել, այդ առիթով են հետազոտվել, ինչպես նաեւ շփում են ունեցել հաստատված վարակակրի հետ կամ այն երկրից են եկել, որտեղ այդ երկիրը տարածված է եղել, բայց ջերմությունը հիվանդության սկիզբ ցույց տալով՝ անհետացել է,հիմա փաստացի նրանցից որեւէ մեկը ջերմություն չունի: Համաշխարհային փորձն ուսումնասիրելով՝ տեսնում ենք՝ երկրներ կան, որ ջերմություն չունեցող, բայց կորոնավիրուսով հաստատված դեպք ունեցող քաղաքացիներին չեն հոսպիտալացնում, հսկում են տնային պայմաններում եւ միայն սիմպտոմների ի հայտ գալուց են հոսպիտալացնում ու բժշկական օգնություն ցուցաբերում: Մենք դեռեւս շարունակում ենք մեր բոլոր հաստատված դեպքերին պահել հիվանդանոցային պայմաններում, նրանց հետ շփված անձանց էլ՝ իզոլացված, որպեսզի կարողանանք տարածման շղթաները կոտրենք: Օրվա ավարտին կունենանք մեկուսացված մոտ 600 քաղաքացի: Հնարավոր է մի քանի հարյուր էլ կմեկուսացվեն, դրանից հետո կկիրառվի ինքնամեկուսացումը»:
Նախարարը հիշեցրեց՝ 1 դեպքն արդեն բուժված է համարվում, դեպքերի մեծ մասը ջերմություն չունի, նրանք, ովքեր ունեն, շատ ցածր է, մոտ 37, 2-ն ունեն թոքաբորբ:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ