«Այսօր արձանագրել ենք, որ Հայփոստի միջազգային բեռնափոխադրումների հետ կապված լոգիստիկ խնդիրներ կան, չվերթները դեպի Հայաստան, եւ ոչ միայն դեպի Հայաստան, որոշակի սահմանափակումներ ունեն: Այն մարդիկ, որոնք որոշ ապրանքներ են սպասում այս օրերին, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ: Դրանք ներքին լոգիստիկ խնդիրներ չեն, այլ՝ միջազգային: Հնարավոր է այս կամ այն օդանավակայանում այդ բեռներն արգելափակված լինեն: Կարծում եմ հետագայում այդ հոսքերը ակտիվանան»,-այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կոչ է արվել հնարավորինս խուսափել ֆիզիկական շփումներից, օգտվել առցանց գնումներից եւ վճարումներից:
Էլեկտրոնային գնումների անվտանգության մասին նախարարն ասաց՝ յուրաքանչյուր կայքէջ, որտեղից կարելի է էլեկտրոնային գնումներ իրականացնել, առկա է քաղաքացիների հետադարձ կապ(feedback), որի շնորհիվ գնահատականներ են տրվում.«Խորհուրդ եմ տալիս ուղղակի դրանք կարդաք, եթե հայկական կայքեր են՝ մեկնաբանություններում գրում են սպասարկման որակի մասին»:
Ինչ վերաբերում է առցանց վճարային համակարգերին, ապա նախարարը խորհուրդ տվեց՝ ուղղակի ուշադիր եղեք, որպեսզի այն կայքը, որն ուղղորդում է վճարահաշվարկային համակարգը, վիզա(visa)քարտերով առեւտուր անելուն, լինի որեւէ բանկի կայքը կամ վերիֆիկացված լինի ԿԲ-ի կողմից:
Կարդացեք նաև
Առցանց վճարումների համար Արշակյանը հորդորեց օգտվել հետեւյալ կայքերից՝
https://cabinet.arca.am/hy/՝ բոլոր տեսակի կոմունալ վճարումներ:
https://www.e-payments.am/hy/ ` պետական վճարումների էլեկտրոնային համակարգ:
https://www.police.am/` Ճանապարհատրանսպորտային վճարումների հարթակ:
https://www.e-cadastre.am/` կադաստրի պետական կոմիտե՝ առցանց դիմումներ ներկայացնելու հարթակ:
https://www.e-register.am/am/՝ կազմակերպություն գրանցելու առցանց հարթակ
http://e-civil.am/` ամուսնության, ամուսնալուծության, ծնունդի, մահվան, որդեգրման, հայրության ճանաչման, անվանափոխության առցանց գրանցումներ
http://e-permits.am/՝ շինարարական թույլտվության առցանց համակարգ
telcell, esaypay, mobidram, idram՝ վճարումների տերմինալներ
Նելլի ԲԱԲԱՅԱՆ