Այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ գիտնականների, տվյալագետների, ՏՏ ոլորտի մասնագետների ներգրավմամբ, նրանք կորոնավիրուսի մասին ամբողջական տեղեկատվություն են հավաքագրելու, մշակելու, եւ հանրայնացնելու:
Նախարարն ասաց՝ հիմա ակտիվ աշխատում են առողջապահության նախարարության հետ. «Այստեղ նույնպես խումբ է ստեղծվել՝ տվյալների մշակման եւ վերլուծության, տվյալների վերլուծաբանների, արհեստական բանականության մասնագետների խումբը ակտիվ մասնակցում է այն ուղղությամբ, որտեղ հնարավոր է համաճարակի հետ կապված տվյալների հավաքագրում անել, մշակել, հետագայում որոշակի կանխատեսումներ անել, գնահատել եւ հաշվարկներ անել: Հիմա լուրջ մասնագիտական աշխատանք է տարվում: Առաջիկա օրերին արդյունքները լինելու դեպքում՝ կկիսվենք»:
Սրա նպատակն այն է, ինչպես նախարարն ասաց, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ վարակի օջախների քարտեզագրում անել, մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրել, կորոնավիրուսի տարածման գոտիների եւ այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի հավանական տարածման մոդելավորումն իրականացնել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ