Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կարող գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել առնվազն ոչ իրավաբանի». Հրայր Թովմասյան

Մարտ 17,2020 21:35

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 17-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում (ՍԴ) անցկացվեցին նիստեր` քննելու մի շարք օրենքների հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Մասնավորապես քննարկվեց ՀՀ նախագահի դիմումի հիման վրա՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի և 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2 և 3-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը (բանավոր ընթացակարգով):

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Լիլիթ Երեմյանը պարզաբանեց, թե ինչն է նախագահի դիմումի հիմքում: Նա հայտարարեց. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և դրան համակցված վիճարկվող մյուս օրենքներում բացակայում է համապատասխան պաշտոնատար անձի ժամանակավոր պաշտոնակատարի՝ ՀՀ նախագահի կողմից նշանակելու կարգը, մինչդեռ նման կարգ օրենքով սահմանելը հանդիսանում է Սահմանադրության 158-րդ հոդվածի ուղիղ պահանջ: Մյուսը ժամկետների խնդիրն է ԲԴԽ անդամի ժ/պ նշանակման համար օրենքով նախատեսվածը 15-օրյա ժամկետն է, ինչը չի կարող ողջամիտ դիտարկվել: Այն հանգամանքը, որ Սահմանադրության 138-րդ հոդվածով նախատեսված մի շարք պաշտոնատար անձանց և մարմինների ժ/պ նշանակելու ժամկետները բացակայում են: Թերևս իրավունքի գերակայության տեսանկյունից կարևորագույն խնդիր է այն հանգամանքը, որ անկախ սահմանադրական կարգավիճակ ունեցող մարմինների և պաշտոնատար անձանց ժ/պ անկախության երաշխիքները օրենքներով նախատեսված չեն: Խոսքը ինստիտուցիոնալ, գործառնական և տնտեսական երաշխիքների բացակայության մասին է»:

Ժամանակավոր պաշտոնակատար եզրույթի մասին ՀՀ նախագահի օգնականն ասաց. «Մեր տպավորությամբ՝ այս եզրույթն առավելապես լեզվաբանական, քերականական մեկնաբանություն է ստանում, քանի որ ժամանակավոր պաշտոնակատար է, բայց օժտված է ճիշտ նույն լիազորություններով,  ինչ ԱԺ կողմից ընտրված ԲԴԽ անդամը: Եվ ժամկետը, թե որքան է այդ ժ/պ-ն պաշտոնավարելու բացարձակ այս տեսանկյունից նշանակություն չունի: Հակառակ մեկնաբանությունը կարող է հանգեցնել ինստիտուտի նշանակության արժեզրկմանը, կարող է հանգեցնել այն իրավիճակին, երբ տվյալ ժ/պ-ն չունի այն անկախության երաշխիքները, որոնք ուղղակի նախատեսում են ԲԴԽ անդամներին հավասարեցված անձ հանդիսացող անձի պարագայում: Եթե մի կողմից ժ/պ-ի լեզվական մեկնաբանությունն է մյուս կողմից իրավունքի գերակայությունից բխող անկախության երաշխիքների գերակայությունը, ապա պետք է գերակայությունն իրավական ինստիտուտին տրվի»:

Լիլիթ Երեմյանն ասաց, որ իրենց դիմումի մեխը ՀՀ նախագահի կողմից դիմումի 10-օրյա ժամկետն է, որը ոչ մի կերպ համադրելի չէ 15-օրյա ժամկետի հետ. «Առաջին պարագայում վերջնարդյունքին հասնելու համար նախատեսված ժամկետը եռամսյա ժամկետն է ԱԺ պարագայում: Մենք ամենևին չենք պնդում, որ ՀՀ նախագահի պարագայում 15-օրյա ժամկետը պետք է դառնա եռամսյա ժամկետ: Ամենևին չենք պնդում, որ երեք ամիսն է սահմանադրական կամ ողջամիտ ժամկետը: Օրինակ՝ նախորդ ՍԴ որոշմամբ գտել են մեկամսյա ժամկետը, որպես ողջամիտ»:

Նա հռետորական հարց հնչեցրեց. «Եթե անկախության հարցն այդքան էլ կարևոր չէ, եթե պաշտոնավարման նվազագույն ժամկետը չի հանդիսանում ինստիտուցիոնալ և գործառնական անկախության պարտադիր տարր ու նախապայման, ո՞րն է տրամաբանությունը, որ ամբողջ Սահմանադրության տեքստում անկախ պետական մարմինների պարագայում սահմանված է այդ անկախության երաշխիքը: Այսպիսի փաստարկը նրան, որ օրենքով կարող է նախատեսված չլինել անկախ երաշխիքները, նույնպես չենք համարում վերաբերելի»:

Հրայր Թովմասյանն արձագանքեց՝ ՍԴ-ը կորոշի, թե առկա են անկախության երաշխիքներ, թե ոչ, իսկ հռետորական հարցի մասին ասաց. «Ձեր հռետորական հարցին ՍԴ-ն կպատասխանի իր որոշմամբ»:

Հրայր Թովմասյանը բարձրացրեց ՀՀ նախագահի արձագանքի ժամկետների հարցը և ասաց. «Ինչո՞վ է պայմանավորված, որ երկու դեպքում մենք սահմանում ենք հնգօրյա, տասնհինգօրյա ժամկետ, մյուսում չենք սահմանում: Ինչո՞վ է պայմանավորված, քանի որ տրամաբանական կլիներ միանձնյայի դեպքում ավելի շուտ անել, քան կոլեգիալ մարմնի դեպքում: Մենք տեսնում ենք ԿԸՀ դեպքում հինգ օր, ինչո՞ւ ԿԲ-ի դեպքում ոչ տասնհինգ օր, ինչո՞վ է պայմանավորված այս տարբերակված մոտեցումը»: ՀՀ ԱԺ աշխատակազմի Իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի ներկայացուցիչ Հովակիմյանն արձագանքեց. «Տրամաբանությունը կապված է այդ մարմինների գործունեության և անդամի ընտրության հետ: ԲԴԽ անդամի կարգը ավելի բարդ է և պահանջում է ոչ ավել, քան տասնհինգօրյա ժամկետը»:

Հրայր Թովմասյանը հարցրեց՝ ինչո՞վ պայմանավորված մի դեպքում ասվում է դրա մասին, որ պետք է համապատասխանեն, մյուս դեպքում չի ասվում. «Ինչո՞ւ չի ասվում գլխավոր դատախազի ժ/պ-ին ներկայացվում են Սահմանադրական դատարանին ներկայացվող պահանջները, նույնը վերաբերում է ԿԸՀ անդամին և ընդհանրապես մնացածին»: ԱԺ ներկայացուցիչը պատասխանեց՝ կոնկրետ անդամին նշանակվող ցենզը ինքնանպատակ չէ. պետք է համապատասխանի որոշակի պահանջների: Հրայր Թովմասյանն ասաց. «Իմ դիրքորոշումն այն է, որ բոլոր դեպքերում նա պետք է համապատասխանի: Չենք կարող գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել առնվազն ոչ իրավաբանի, ստաժն ու այլը մի կողմ: Ինչո՞վ է պայմանավորված, որ դիմող կողմն էլ է ուշադրություն  հրավիրել դրա վրա: Մի դեպքում ասում ենք, որ պիտի համապատասխանի, մյուսում չենք ասում: Երբ դատախազին օրինակ չլիներ այդ պահանջը, կասեինք ընդհանուր սկզբունք է գործում, որ ժ/պ ներկայացուցիչների պահանջները նույնն են, ինչ այն հիմնական պահանջները տվյալ պաշտոնատար անձի համար: Շփոթ է առաջանում: Փաստորեն, գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար կարող են նշանակել միջնակարգ կրթություն ունեցող ոչ իրավաբանին, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատախազի գործառույթները: Կամ պետք է դատական օրենքից դա հանել կամ բոլոր մնացածում այս նորմն ավելացնել: Մի տեղ այդ դրույթը կա, մյուսում՝ չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031