Մարտի 17-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը։
Տիգրան Ավինյանը ասել է. «Օրակարգում ունենք մի քանի կարևոր հարցեր և, մասնավորապես, առաջինը զուտ գործընթացային խնդիրներին վերաբերող հարցեր են: Ես պետք է խնդրեմ, որ բյուրոկրատական բոլոր ընթացակարգերի վերաբերյալ մենք ունենանք մի փոքր ավելի ճկուն մոտեցում: Ես տեսնում եմ, որ որոշակի խնդիրներ առկա են ու նույնիսկ արտակարգ դրության ռեժիմում մենք ունենում ենք որոշումների կայացման ֆորմալիզացման հետաձգումներ կան: Պետք է խնդրեմ, որպեսզի մեր իրավաբանները մի փոքր ավելի կոնկրետ ու ճկուն համակարգ առաջարկեն, որով մենք առաջ կշարժվենք, որովհետև ինձ մոտ մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ արտակարգ դրության ռեժիմում մենք ավելի քիչ ճկունություն ունենք քան մինչ այդ ունեինք: Եվ պետք է խնդրեմ, որ ձեր ուշադրության կենտրոնում պահեք այս հարցը:
Պարոն Թորոսյանին խոսքը կփոխանցեմ անպայման, որպեսզի ներկայացնի ընդհանուր իրավիճակը թե ինչ նորություններ ունենք:
Հետագայում նաև կքննարկենք մի քանի կարևոր այլ հարցեր, որոնք վերաբերում են հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներին ՀՀ ամբողջ տարածքում և թե ինչպես իրականացնել վերահսկողությունը դրա նկատմամբ: Մենք երեկ երեկոյան պարոն Սարգսյանի հետ խոսել ենք ու որոշակի պայմանավորվածություն ունենք թե ինչ է պետք անել: Կարծում եմ բոլոր սահմանափակող միջոցառումները պետք է ուղեկցվեն հստակ մեթոդական ցուցումներով, որպեսզի յուրաքանչյուր իր պարտականությունները կատարող պաշտոնյա իմանա թե ինչ է պետք անել ու ինչ քայլերի հերթականություն ինքը ունի անելու և այդ ամեն ինչը պետք է շատ հստակ լինի:
Կարդացեք նաև
Քննարկելու ենք միասնական թեժ գծի գործարկման հարցերը: Կրկին ունենանք բոլոր այն պոտենցիալ հարցերը ու պատասխանները, որոնք թեժ գծին կարող են ուղղվել: Եվ այդ հարցերին պետք է հստակ պատասխաններ տրվեն:
Ֆինանսական հարցեր ունենք քննարկելու, հաղորդակցման ուղիներին վերաբերող հարցեր, սահմանափակումների վերաբերյալ՝ նաև ԶԼՄ-ների մասով»:
Այնուհետև Առողջապահության նախարարը ներկայացրել է հանրապետությունում իրավիճակը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ կապված: Ի լրումն պարետատան իրականացրած միջոցառումների նիստի մասնակիցները կարևորել են քաղաքացիական գիտակցության ու զգոնության դերը ու լրացուցիչ անվտանգության միջոցառումները:
Նիստի ընթացքում քննարկվել է պարետի ընդունած որոշումը հանրային միջոցառումների սահմանափակումների մասին։ Կարևորվել է Ոստիկանության դերը հանրային միջոցառումների արգելքի ռեժիմը վերահսկելու գործում: Վերահսկողական միջոցառումների վերաբերյալ տրվել են համապատասխան մեթոդական ցուցումներ: Առանձնացվել է մարզերում ու Երևան քաղաքում տարբեր գերատեսչությունների ներգրավմամբ վերահսկողական գործողությունների կոորդինացման գործում մարզպետների ու Երևանի քաղաքապետի դերը։
Նիստի մասնակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական անհրաժեշտ միջոցառումները տնտեսությունը ակտիվացնելու ու կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու համար։
Անդրադարձ է կատարվել նաև մի շարք երկրների հետ հաղորդակցության ու վիզային ռեժիմներին վերաբերող հարցերի։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ