Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամի ավարտից հետո նոր հնարավորություններ կունենա ՏՏ ոլորտը. Աշոտ Խուրշուդյան

Մարտ 17,2020 18:06

Մարտի 16-ից ուժի մեջ է արտակարգ դրությունը: Առողջապահական մեծ ճգնաժամին զուգահեռ՝ բախվում ենք նաև տնտեսական ճգնաժամի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով տնտեսական ճգնաժամին, նկատեց. «Անխուսափելիորեն համաշխարհային շուկայում վերադասավորումներ են տեղի ունենալու և կարծում ենք, որ այդ վերադասավորումները ՀՀ տնտեսության համար բացելու են նաև նոր հնարավորություններ: Չնայած, պարզ է, որ կարող են առաջանալ նաև խնդիրներ»:

Տնտեսական կորուստների ի՞նչ մասշտաբ է հնարավոր, ո՞ր ոլորտների վրա նախևառաջ կազդի ճգնաժամը:

Ըստ Աշոտ Խուրշուդյանի՝ արտակարգ դրություն մտցնելով՝ ավելի կարճ ու հեշտ կհաղթահարենք խնդիրը: Նման կտրուկ մեխանիզմներ մտցվում են, որպեսզի մարդկանց անխոհեմ քայլերը սահմանափակեն: Որոշ ոլորտներ արդեն իսկ խնդիրներ ունեն այսօր, հետագայում էլ կունենան: Խոսքը նախևառաջ մարդկանց հետ անմիջական շփում ունեցող ծառայություններն են՝ հյուրանոցային բիզնես, ռեստորաններ, այլ ծառայություններ:

Ճգնաժամի ավարտից հետո, ըստ տնտեսագետի, նոր հնարավորություններ կունենա ՏՏ ոլորտը. «Որքան էլ հաճելի չէ արձանագրելը, սակայն հնարավորությունների առումով կարող է շահել ՏՏ ոլորտը, քանի որ մեծանում է պահանջարկը՝ ինչպես մարդիկ միմյանց հետ աշխատեն՝ միմյանց հետ քիչ շփվելով: Զարգանալու մեծ հնարավորություններ ունեն առողջապահության գիտահետազոտական ոլորտը, կենսաբանությունը»:

Պանդեմիան  աննախադեպ էր, բյուջետային ծախսեր այս ուղղությամբ նախատեսված չէին: Ինչպե՞ս է հնարավոր արդյունավետ կառավարել ֆինանսները՝ նվազ կորուստներ ունենալու համար: «Լավն այն է,-նկատեց տնտեսագետը,- որ տարվա սկիզբ է, և բյուջեն ամբողջությամբ չի  ծախսվել: Չի բացառվում եկամուտների անկում, դեֆիցիտի մեծացում: Նման դեպքերում ստանդարտ լուծումներ չեն կիրառվի, պետք է ստեղծագործական մոտեցում: Մեր բյուջեում ազատ տեղաշարժն այնքան չէ, որ կարողանանք գումարն այսկողմ-այնկողմ անել: …Կտուժի, հավանաբար, շինարարարությունը, կարող եմ ենթադրել: Բյուջեի վրա լրացուցիչ, չնախատեսված բեռ չպետք է դրվի, մյուս կողմից՝ ռիսկը նվազեցնելու սցենարի վրա պետք է աշխատեն, քան օգուտներ քաղելու ուղղությամբ: Ոչ թե տնտեսական աճի վրա աշխատենք, այլ անկումը նվազեցնելու: Տնտեսությունը մեկից երեք ամսի տնտեսական շոկ է ապրելու»:

-Տնտեսական, առողջապահական ճգնաժամն իր հետ խուճապ, վաղվա օրվա հանդեպ անորոշություն է բերում, այդ առումով՝ քաղաքացիներից շատերը չգիտեն՝ իրենց դրամային խնայողություններն ինչ անել:

-Իմ դրամային խնայողությունները պահել եմ դրամային: Տնտեսական նախկին ճգնաժամի ժամանակ այն մարդիկ, որոնք դրամը արտարժույթ դարձրեցին, որոշ ժամանակ անց հակառակն արեցին՝ արտարժույթը դարձրեցին դրամ: Այսինքն՝ շուկան ալիքաձև է: Ինչ-որ մի պահի նորից հավասարակշռվելու է: Ամբողջ հարցն այն է՝ այդ պիկն անիմաստ չմեծացնենք, որովհետև որոշ մարդիկ, հատկապես խուճապի տրվողները, կարող է տուժեն: Ընդհանուր կայուն է վիճակը:

Հարցազրույցն՝ ամբողջությամբ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031