Կառավարությունը չի քննարկում ազատազրկված վայրերում կորոնավիրուսի դեպքերի տարածումը կանխարգելու նպատակով ազատ արձակել կալանավորներին: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները:
Փոխնախարարը տեղեկացրեց՝ նման հարց չի քննարկվել, բայց արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ արդեն սահմանվում է, որ ազատազրկման վայրերում, ինչպես նաեւ զորամասերում հանձնուքների եւ տեսակցությունների սահմանափակումներ կան, ինչը լիարժեք ապահովում է այս անձանց անհրաժեշտ մեկուսացումը եւ կորոնավիրուսի տարածման դեպքերի կանխումը:
Դանիելյանը նաեւ վստահեցրեց՝ գրեթե պատրաստ է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումների, ասենք՝ կարանտինի պայմանների խախտման դեպքում պատասխանատվություն ենթարկելու մասին նախագիծը: Այն շուտով շրջանառության մեջ կդրվի, սրանով սահմանվում է ե՛ւ վարչական, ե՛ւ քրեական պատասխանատվություն՝ կախված վտանգավորության աստիճանից:
Հարցին՝ մարզերում ինչպես է վերահսկվում իրավիճակը, օրինակ՝ Շիրակի մարզում շարունակում են հանրային միջոցառումները՝ հարսանիքները, փոխնախարարը պատասխանեց՝ որոշ սահմանափակումներ գործում են ՀՀ ամբողջ տարածքում եւ դրանք գործում են համապատասխան որոշման հիման վրա, որոշ սահմանափակումներ պարետի ցուցմամբ կարող են կիրառվել եւ եթե որոշվի,որ բոլոր համայնքներում արգելվում են նման միջոցառումները՝ կգործի: Ըստ փոխնախարարի, եթե կարիքից ելնելով այնպիսի միջոցառումներ լինեն, որոնց 20-ից ավելի անձինք պետք է մասնակցեն, ապա նրանց կտրամադրվի հատուկ մեթոդոլոգիա, որպեսզի խախտում չլինի:
Կարդացեք նաև
Հարցին՝ ԶԼՄ-ների հրապարակումների սահմանափակումների դեպքում միջազգային լրահոսին արձագանքելու կարգն ինչպիսի՞ն է, սկսած ԱՀԿ-ի եւ արագ ամփոփող կայքերի տեղեկատվություններից մինչեւ տարբեր երկրներում կորոնավիրուսի դեպքերի հետ կապված իրադարձությունները լուսաբանելը, Դանիելյանը պատասխանեց՝ եթե խոսքը վերաբերում է առհասարակ տեղեկատվություն ստանալուն, ապա ցանկացած վայրից կարող են ստանալ, եթե հրապարակման մասին է խոսքը, ապա նկատի ունենալով որոշման համաձայն սահմանափակումները, ապա վարակակիրների, նրանց առողջական վիճակի եւ շփված անձանց մասին տեղեկություն չի կարելի հրապարակվել:
Դանիելյանի ներկայացմամբ՝ չի կարելի նաեւ գիտական ամսագրերի, ապացուցողական գիտության ոլորտում հայտնի փորձագետներին ու գիտնականերին, այլ երկրների առողջապահության համար պատասխանատու անձանց կարծիքներին հղում անելով նյութեր հրապարակել, միայն ՀՀ պաշտոնական տեղեկություններին ու պաշտոնատար անձանց հղում անելով տեղեկատվությունն է թույլատրվում հրապարակման:
«Առհասարակ, տեղեկատվությունը եթե կապված չէ կորոնավիրուսի հետ, բայց կարող է խուճապ առաջացնել, ապա չի կարելի հրապարակել: Օրինակ՝ եթե անձինք նշեն՝ պարենային լուրջ խնդիր ունենք, ապա սա հղի է խուճապ առաջացնող հանգամանքով, ու կարեւոր չէ, որ լրատվականին են հղում արել»,-ասաց փոխնախարարը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ