Մարտի 16-ի ուշ երեկոյան ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Ներկա էին կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների պետեր և ծառայությունների ղեկավարներ։
Խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ոստիկանության գործողություններն ու պարտականություններն էին։
Արման Սարգսյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ հանցավորության դեմ պայքարին զուգահեռ ոստիկանները ներգրավված են նաև կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում։
Քննարկվեցին արտակարգ դրության ընթացքում հանրապետությունում ոստիկանության պահակետերի տեղաբաշխման մասին հարցեր։ Որոշում կայացվեց աշխատանքը համակարգելու համար ոստիկանությունում ստեղծել աշխատանքային խումբ։
Կարդացեք նաև
Նշվեց, որ հանրապետության բուժաշխատողներին կաջակցի ոստիկանության բժշկական վարչության անձնակազմը։ Ցուցումներ տրվեցին նաև զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքների կարգավորման ուղղությամբ։
Քննարկվեց նաև ծառայության ընթացքում ոստիկանության ծառայողների համաճարակից պաշտպանվածության հարցը։ Այդ ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ ծառայությանը զուգահեռ ոստիկանությունը պետք է լիարժեք իրականացնի օրենքով սահմանված լիազորությունները, և հանցավորության դեմ պայքարի շրջանակներում տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև արտակարգ դրության ընթացքում ոստիկանությանը վերաբերող այլ հարցեր։
ՀՀ ոստիկանություն