Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը ոստիկանապետ Լևոն Մնացականյանի, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանի, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ուղեկցությամբ մարտի 17-ին աշխատանքային այցով եղել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում՝ ծանոթանալու վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահության նախարարության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից իրականացվող շուրջօրյա հսկողական աշխատանքներին:
Ոլորտի պատասխանատուները և աշխատակիցները պետական նախարարին են ներկայացրել նախապես հանձնարարված ցուցումների կատարման ընթացքը և հաջորդականությունը:
«Պետք է Արցախ մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ գործել համապատասխան հրահանգների, հստակեցնել աշխատանքների կազմակերպման բաշխվածությունը և դրանք կատարել սահմանված պահանջներին համապատասխան: Բացի ջերմաչափում իրականացնելուց՝ նրանց իրազեկել վարակի ախտանիշների մասին: Հորդորել 14-օրյա ժամկետում, կասկածելի ախտանիշների դեպքում, ինքնամեկուսանալ և անպայման դիմել մոտակա բուժհիմնարկ: Անհրաժեշտություն կա լրացուցիչ պատասխանատվությամբ մոտենալ անհատական քարտերի գրանցման գործընթացին՝ բացառելով որևէ քաղաքացու մասին տեղեկության բացակայությունը»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել:
Կարդացեք նաև
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին