Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորոնավիրուսից հետո կյանք կա». Սյուզաննա Ազոյան

Մարտ 17,2020 15:54

Զբոսաշրջային ընկերությունները իրավիճակից նվազագույն վնասներով դուրս գալու փաթեթ են ներկայացրել կառավարությանը: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանի հետ: Ասոցիացիան միավորում է Հայաստանի առաջատար զբոսաշրջային ընկերությունները:

– «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան նամակով դիմել է վարչապետին եւ կառավարությանը, ի՞նչ անդրադարձեր կունենա ոլորտի ճգնաժամը ՀՀ տնտեսության վրա:

– Զբոսաշրջության ոլորտն իսկապես ճգնաժամի առաջ է կանգնած, այս մասին մենք ահազանգել էինք դեռևս մարտի սկզբին՝ դիմելով փոխվարչապետին և Զբոսաշրջության կոմիտեին` իրավիճակից բխող քայլերի առաջարկով: Խնդիրն այն է, որ զբոսաշրջության ոլորտը մեծ մուլտիպլիկացիոն էֆեկտ ունի տնտեսության, տնտեսական ակտիվության վրա ընդհանրապես. հյուրանոցներ, ռեստորաններ, հուշանվերային արտադրություն, զբոսավարներ, զբոսաշրջային կենտրոններ, թանգարաններ և այլն: Արդեն հայտնի է, որ համատարած չեղարկումներ ու սահմանափակումներ են:

Բնականաբար, այս ամենը հանգեցնում է աշխատատեղերի կրճատման ու եկամուտների, հարկերի նվազման: Այս պահին վտանգն այն է, որ զբոսաշրջային ընկերությունները ստիպված են արդեն աշխատատեղերի կրճատումների գնալ, մարդկանց արձակուրդի ուղարկել անորոշ ժամկետով, գրասենյակների աշխատանքը սառեցնել: Այս ամենի հետևանքով 2021 թվականին էլ խնդիրներ կունենանք, եթե անհապաղ քայլեր չձեռնարկենք:

Այսօր այս ճգնաժամի հետևանքով երկրները զբոսաշրջային հոսքերի համար մրցակցության մեջ են մտնում արդեն 2021 թվականի համար, ու, եթե այսօր մենք թույլ ենք տալիս աշխատատեղերի ու գրասենյակների կրճատում, Հայաստանը 2021 թվականի հոսքերը կորցնելու վտանգի տակ է հայտնվում:

Զբոսաշրջային հոսքերի համար պայքարը աշխատանք է, որ ընկերությունները կատարում են ամեն տարի` մեծ ներդրումներ անելով, երկիրը արտերկրյա շուկաներում ներկայացնելով, որը տեսանելի չի զբոսաշրջիկի համար: Այս իրավիճակում չի կարելի զբոսաշրջային ընկերություններին մենակ թողնել այդ պայքարում, այն էլ այն դեպքում, որ մյուս երկրների  իրենց գործընկերներին օգնության են հասել կառավարությունները, իսկ այդ դեպքում պայքարն անհավասար կլինի հայաստանյան ընկերությունների համար, եթե մեր կառավարությունն էլ չաջակցի մասնավորին:

– Ի՞նչ քայլեր են ակնկալվում ՀՀ Կառավարությունից, եւ ի՞նչը կարող է տեղայնացվել միջազգային փորձից:

-Մենք այս հարցում հաշվի ենք առնում նաև Եվրոպական և հարևան երկրների փորձը, որոնք աննախադեպ միջոցներ են ձեռնարկում՝ ուղիղ սուբսիդավորումից մինչև հարկային պարտավորությունների հետաձգում: Քանի որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության ՀՆԱ-ի մեջ ծանրակշիռ բաժին ունի, անհրաժեշտ է այստեղ նույնպես աջակցող լինել: Բիզնես համայնքն իր փորձով, մասնագետներով կառավարության տրամադրության ներքո են` խնդիրը համատեղ քննարկելու և ամբողջ ինդուստրիայի համար միասնական լուծումներ գտնելու նպատակով: Մեր ասոցիացիան արդեն համապատասխան առաջարկների փաթեթ է ուղարկել  վարչապետին, փոխվարչապետին և էկոնոմիկայի նախարարին: Ընդ որում, լուծումները ոչ միայն ասոցիացիայի անդամներին են վերաբերում, այլ ոլորտի բոլոր տիպի կազմակերպություններին:

Առաջարկների փաթեթը ներառում է

«Ընկերությունների աշխատակիցների աշխատավարձային ֆոնդի 2/3-ի չափով գումարի սուբսիդավորում 4 աﬕս ժամկետով՝ 2019թ. տվյալ կազմակերպության վճարած շահութահարկի հաշվին (առանց գերազանցելու 2019թ. վճարված/վճարվելիք շահութահարկի տարեկան գումարը, ինչը նաև կհանդիսանա խրախուսման ﬕջոց արդյունավետ և բարեխիղճ աշխատող ընկերությունների համար),

Հարկային օրենսգրքով սահմանված ս.թ. ապրիլի 20-ին վճարման ենթակա շահութահարկի գումարի վճարման վերջնաժամկետի հետաձգում (առնվազն 4 աﬕս ժամկետով), կամ ժամանակացույցի կնքում` հետաձգելով հարկերի վճարման վերջանաժամկետը,

Ինպես նաև խնդրում ենք ձեր ﬕջնորդությունը բանկային և վարկային կազմակերպություններին վարկային պարտավորությունների վճարման ժամանակացույցի հետաձգման հարցում (ﬕնչև 4 աﬕս ժամկետով)»:

Զրույցը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031