Այսօր ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի՝ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը:
Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ եթե բանկում պարտապանը չի վճարում մասնակի կամ ամբողջությամբ իր պարտավորությունը, պահանջ է ներկայացվում միաժամանակ իրեն եւ երաշխավորին՝ առանց սպասելու, որ պարտապանը կարող է մարել պարտքը: Արգելանքի տակ կարող է դրվել նրա գույքը: Երաշխավորի ինստիտուտն իրավական հետեւանքների առումով համավարկառուին հավասարեցված է, դա, ինչպես նաեւ ֆինանսական գիտելիքների պակասը, այդ թվում՝ մարզերում բնակվողների, բերում է նրան, որ առանց իրավական հետեւանքների մասին հասկանալու՝ իր ամբողջ գույքով մարդը դառնում է պարտական՝ ընդամենը երաշխավոր լինելով. «Գյուղերում ասում են՝ արի ստորագրի, որ համաձայն ես, որ հարեւանդ վարկ վերցնի կամ տուն սարքելու համար պարտք վերցնի ու նման պատրվակներով շատ ժամանակ անբավարար գիտելիքներ ունենալու պատճառով մարդիկ ստորագրում են ու հայտնվում ծանրագույն վիճակում: Ունենք գյուղեր, որ ամբողջությամբ գրավադրված են»:
Ըստ նախագիծը ներկայացնողի՝ վարկային այսպիսի պատմություն ձեւավորելով՝ երաշխավորները շատ ժամանակ իրենք են զրկվում իրենց տնտեսությունը զարգացնելու համար վարկ վերցնելու հնարավորությունից: Դրա համար գյուղատնտեսական վարկային ծրագրերը շատ ժամանակ արդյունավետ չեն, որովհետեւ մարդիկ վարկունակ չեն:
Հիմա նախագծով երաշխավորության ինստիտուտը սուբսիդիալ են դարձնում: Պետք է նախ գրավի առարկան իրացվի, ու եթե գումարը չբավարարի, նոր պահանջ ներկայացվի երաշխավորի նկատմամբ:
Կարդացեք նաև
Քաղաքացին կարող է տալ երաշխավորություն 1 մլն դրամ վարկի համար, տարիներ հետո պարզվի, որ այդ գումարը բազմապատիկ մեծ է, որովհետեւ տույժ ու տուգանքներ են գումարվել: Իր համար տեսանելի չի եղել, ու մարը չի պատկերացրել, թե ինչքան դա կարող է ավելանալ: Պետք է հատուկ կետ ամրագրվի, որ երաշխավորը համաձայնություն է տալիս հետագայում առաջացող պարտավորությունների համար: Ընդ որում, մարդը պետք է գրավոր համաձայնություն տա դրա համար: Սա գործող պայմանագրերի վրա չի տարածվում եւ վերաբերում է միայն երաշխավոր կանգնած ֆիզիկական անձանց:
Հանձնաժողովի նախագահ Մանե Թադիլյանն ասաց, որ տեղին նախագիծ է, եթե մեկը անպարտաճանաչ վարկառու է, նրա պատճառով երաշխավորը չպետք է տուժի, մանավանդ, որ առաջնային վարկառու չէ:
Նախագիծը քննարկվեց, բայց քվեարկությունը հետաձգվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ