«Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեցել են սերտ շփումներ վարակակիրների հետ, մեկուսացվել են եւ անցել են 14-օրյա կարանտինային ռեժիմի»,-այսօր կառավարությունում կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ի պատասխան այն հարցի, թե ինչ աշխատանքներ են կատարվել Շենգավիթում գտնվող արտադրական ձեռնարկության այն աշխատողների մասով, որոնք վարակված են կորոնավիրուսով:
Ըստ նրա. «Այս պահի դրությամբ հայտնի դեպքերից կեսից ավելին Էջմիածնի նշանադրության մասնակիցներն են եղել: Բայց ցանկացած դեպքում, երբ եղել է դրական դեպք եւ մարդիկ շփում են ունեցել նրանց հետ, հայտնաբերվում ու մեկուսացվում են, որպեսզի մենք կարողանանք կանխարգելել: Սակայն ունենալ սերտ շփում՝ չի նշանակում, թե իրենք վարակվել են»։
Փոխնախարարի խոսքով՝ ասուլիսի պահին հայտնի 52 դեպքից միայն 2 քաղաքացու մոտ է գրանցվել թոքաբորբ: Ըստ նրա՝ մնացած հիվանդների մոտ վիճակը լավ է. «Գիտեք, որ ունենք նաեւ մեկ առողջացած հիվանդ: Մարտի 1-ից մինչեւ հիմա 14 հազար զանգ է ստացվել թեժ գծին եւ պարզաբանվել»:
Մինչ օրս իրականացվել է 700-ից ավելի հետազոտություն։ Լենա Նանուշյանը նշեց, որ մինչեւ այս շաբաթվա վերջ ՀՀ կներմուծվի կորոնավիրուսը բացահայտող 5 հազարից ավելի թեստ։
Կարդացեք նաև
«Բազմիցս հեռախոսազրույցներ ենք ունեցել, զանգերի միջոցով մասնակցել ենք քննարկումների ԵՏՄ երկրների հետ, մասնակցել ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված քննարկումներին։ Խոսել ենք այն երկրների դեսպանների հետ, որոնք անմիջական հետաքրքրություն էին ներկայացնում մեզ համար տարածաշրջանային առումով եւ համաճարակի առումով»,-ասաց փոխնախարար Նանուշյանը՝ նշելով, որ ամենօրյա ռեժիմով շփվում են իրենց միջազգային գործընկերների հետ՝ նոր տեղեկատվություն լինելու դեպքում այն վերցնելու եւ անհրաժեշտության դեպքում, եթե այն արդյունավետ է, կիրառելու Հայաստանում:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ աշխատանքներ են իրականացվում պետական սահմանի անցման կետերում ջերմող հիվանդներին հայտնաբերելու, հոսպիտալացնելու նպատակով «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը առանձնացվել եւ վերապրոֆիլավորվել է միայն կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, որպես կլինիկա»։
Լենա Նանուշյանի խոսքով, կարեւորն այն է, որ վաղ հայտնաբերենք կոնտակտ ունեցող անձանց եւ մեկուսացնելով՝ վիրուսի տարածման շղթան ընդհատենք, չթողնենք, որ կոնտակտավորված անձը, եթե նրա մոտ հանկարծ զարգանա հիվանդություն, հետագայում տարածի այլ մարդկանց մեջ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ