Այսօր ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ներկայացրեց «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Ընդլայնում են հաշտարարին դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը: Գործող օրենքով կարող էին դիմել միայն ֆիզիկական անձինք, որոնք ֆինանսական ծառայություններից են օգտվում, իսկ այս նախագծով կարող են դիմել նաեւ անհատ ձեռնարկատերերը, կազմակերպությունները, որոնք միկրոձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում՝ մինչեւ 24 մլն դրամի շրջանառություն ունեն: Բացի այց, երբ հաճախորդը նախքան հաշտարարին դիմելը պետք է ֆինանսական կազմակերպությանը դիմի, համաձայն չլինելու դեպքում նոր հաշտարարին դիմի: Հիմա նախագծով առաջարկվում է, որ եթե հաճախորդը լիազորում է, ֆինանսական հաշտարարի գրասենյակն ինքը կարող է դիմել տվյալ ֆինանսական կազմակերպությանն ու պատասխան ստանալ:
ՊԵԿ-ից պետք է ճշտեն՝ եթե դեմ չեն, նախագծում կարող են ներառել նաեւ այն դրույթը, որ ֆինանսական հաշտարարի գրասենյակը օնլայն տարբերակով՝ էլեկտրոնային համակարգով հարցում անեն ՊԵԿ-ից ու ստանան տեղեկատվություն հաճախորդի՝ միկրոձեռնարկատեր լինելու վերաբերյալ:
Արկադի Խաչատրյանն ասաց, որ հաշտարարի գրասենյակի դիմումների քանակն օրեցօր աճում է, գրասենյակի նկատմամբ վստահությունը՝ եւս:
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից նույն նախագծի փոփոխության երկու նախագիծ էր բերվել: Երկրորդի հեղինակը հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն էր: Սա հարուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի դժգոհությունը, թե հանրային ռեսուրսներ ենք ծախսում, ժամանակ, հնարավոր չէ՞ր ներդաշնակեցնել, մի նախագծով բերել քննարկման: Մանե Թանդիլյանն ասաց, որ օրինագծերն արագ կյանքի կոչելու մարտավարություն ունեն ու դա արդարացված է, բացի այդ, երկու նախագծերը բովանդակային էական տարբերություններ ունեն:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համաձայնեց՝ Համազասպ Դանիելյանի դիտողությունը ճիշտ է, բայց երկակի ստանդարտներով պետք չի առաջնորդվել, հիշեցրեց, որ իմքայլականներն էլ են ամեն շաբաթ մի փոքր փոփոխությամբ նախագծեր բերում:
Ֆինանսական հաշտարարի գրասենյակից պահանջներ ընդունող եւ քննող խմբի ղեկավար Աշոտ Ղոչիկյանն ասաց, որ վերջին 3 տարվա ընթացքում գրասենյակի կողմից արձանագրվել է բողոքների ու պահանջների թվի կտրուկ աճ. «2018-ից գրասենյակի կողմից ստացվել են բազմաթիվ ոլորտներ, մի քանի անգամ գերազանցել են գրասենյակի կանխատեսումները: 2018-ին եղել է մոտ 50 տոկոս բողոքների աճ ու մոտ 80 տոկոս պահանջ-դիմումների աճ, այն դեպքում, երբ նախորդ տարիների ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 15-20 տոկոս: 2019-ին դինամիկան նույնն է եղել, աճել է»: Ղոչիկյանը նախագծի հետ կապված ասաց, որ գրասենյակի կողմից գործառույթները կավելանան ու միջոցները կօգտագործվեն հաճախորդներին պատշաճ սպասարկելու համար:
Վարկային կազմակերպությունների դեմ ներկայացրած բողոքների վիճակագրությունը ներկայացնելով՝ Ղոչիկյանն ասաց. «Բողոքների քանակը 2019-ին 2017-ի համեմատ հնգապատկվել է: Վերջին ժամանակահատվածում հաշտարարին դիմած բողոքների հիմնական մասը եղել է ապահովագրական ընկերությունների դեմ՝ ԱՊՊԱ-ի գործառույթների հետ կապված, 2019-ին այդ ցուցանիշը նվազել է: Հիմա հստակ դինամիկ աճ ունենք վարկային կազմակերպություններին ուղղված դիմումների մասով: Մարդը անձնագիրը կորցնում է, անձնագրով երրորդ անձը կարողանում է վարկավորվել օնլայն, սրա հետ կապված անելիքներ ունենք»: Ղոչիկյանն ասաց, որ օրենքի փոփոխությունների հետ համաձայն են:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ