Ալյուրի, ձեթի, թթվասերի, շաքարավազի, կարագի խնդիր չկա Հայաստանում: Օճառը, զուգարանի թուղթը, անձեռոցիկը Հայաստանում չեն վերջանա. անհանգստանալու կարիք չկա։ Այսօր այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում:
«Մենք շուկայում 44 անուն ապրանք ենք մոնիթորինգ անում, եւ այս պահին անհանգստացնող ոչինչ չկա։ Ամենաշատն այս օրերին նպարեղեն են գնել, սակայն մեր պահեստներում դեռ կա նպարեղեն, ինչպես նաեւ նպարեղենի պաշար կա, որն առաջիկայում կստանանք»,–ասաց նա։
Ըստ «ՏՄՊՊՀ ղեկավարի ամենաշատ խոսվող թեման սպիրտի թանկացումն է: Սակայն կա օրենք, որն ուժի մեջ է հունվարի 1-ից եւ կապ չունի համաշխարհային պանդեմիայի հետ. «Ուզում եմ հերքել բոլոր հայտարարությունները, թե սպիրտի գինը թանկացել է : Խոշոր առեւտրի կետերում մոնիթորինգ ենք իրականացրել եւ սպիրտի գնի թանկացում չի արձանագրվել»:
ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց` ալյուրի գնի թանկացում նույնպես չի եղել, սակայն որոշ ապրանքներ թանկացել են դոլարի, ռուբլու գների տատանումներով պայմանավորված. «Երբ քաղաքացիներն ահազանգում են գների բարձրացման մասին, ցանկալի է, որ խանութների տեղն էլ ասեն»։
Կարդացեք նաև
Այդուհանդերձ հանձնաժողովն այսօր երկու վարույթ է հարուցել ալկոգելի վաճառքի հետ կապված. երկու դեպքում էլ ինտերնետ տիրույթում բարձր գնով ալկոգել են վաճառել, սակայն ոչ գործարանային արտադրության: Ըստ Գեղամ Գեւորգյանի, ալկոգելի արտադրությամբ զբաղվող 3 խոշոր ընկերությունները վերջին 3 ամիսների ընթացքում այդ ապրանքի գինը չեն բարձրացրել։ Փոխարենը դիմակների շուկայում կա գնաճ:
ՏՄՊՊՀ ղեկավարը նաեւ հայտնեց, որ հանձնաժողովում ստեղծված է շուրջօրյա աշխատանքային խումբ. «Գների մոնիթորինգ իրականացվում է հետեւյալ կերպ. ՊԵԿ-ից եւ տնտեսվարողներից տվյալներ ենք ստանում եւ մոնիթորինգ անում խոշոր խաղացողներին: Նաեւ մարզպետարանների մեր գործընկերն են օժանդակում մեզ: Մենք կհորդորենք դրսեւորել պատշաճ վարքագիծ: Մոնիթորինգ ենք անում նաեւ պաշարները: Այս պահին կարող եմ արձանագրել, որ անհանգստացնող երեւույթներ չենք նկատում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ