Լրահոս
Օրվա լրահոսը

«35 մլն ծախսել եք գործուղումների համար, արդյունվե՞տ է, թե՞ գնացել եք ուղղակի Ամերիկա տեսնելու կամ հաճույքներ վայելելու». Սերգեյ Բագրատյանը բարկացավ

Մարտ 17,2020 13:30

Այսօր ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ներկայացրեց «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ֆինանսական հաշտարարի գրասենյակից պահանջներ ընդունող եւ քննող խմբի ղեկավար Աշոտ Ղոչիկյանին հարցրեց, թե իրենց գրասենյակը 2018-ին, օրինակ, աշխատավարձի ի՞նչ ֆոնդ է ունեցել, բյուջեն ինչքա՞ն է կազմել. «Հասկանանք՝ ինչքանո՞վ եք արդյունավետ աշխատում, արդյունավետ օգտագործում միջոցները, գործուղումներին ինչքա՞ն եք հատկացրել»:

Պարզվեց, որ հասույթը 2018-ին կազմել է 717 մլն դրամ, որից աշխատավարձի գծով ծախսերը կազմել են 272 մլն դրամ, կրթական ծրագրեր՝ 27 մլն դրամ, գովազդ՝ 40 մլն դրամ, կոնֆերանսների կազմակերպում՝ 18 մլն, վարձակալություն՝ 64 մլն, գործուղում ու վերապատրաստում՝ 35 մլն, ներկայացուցչական ծախսեր՝ 13 մլն, աուդիտ, խորհրդատվություն՝ 37 մլն, գրասենյակային պահպանություն՝ 25 մլն, այլ ծախսեր՝ 12 մլն:

Արդյունքում` շահույթ՝ 155 մլն:

Բագրատյանն ասաց, որ ռիսկեր է տեսնում այս գործընթացի մեջ. «Ասեմ` իմանաք: Այս կառույցը, որ ստեղծվել է, կոնկրետ կադրային խնդիրներ լուծելու նպատակ է եղել նաեւ: Ինքը խնդրահարույց կառույց է եւ պետք է շատ ուշադիր նայենք այս պրոցեսներին: Աղվեսը պոչին վկա բերելը պետք է դադարեցնենք: Պետք է լուրջ աուդիտ անենք գրասենյակի 9 տարվա գործունեությունը՝ հասկանալու համար, թե ինչ նպատակների համար են ծախսվել միջոցները: Անհասականալի՝ 35 մլն՝ գործուղումների համար: Այդ գործուղման արդյունքները ինչո՞վ եք հիմնավորում, արդյունվե՞տ է, թե՞ գնացել եք ուղղակի Ամերիկա տեսնելու կամ հաճույքներ վայելելու: Ու այնպես չի, որ դեմքի արտահայտություններ եք ընդունել, մենք էլ ասենք՝ քանի որ դժգոհ եք, էլ հարցեր չտանք: Ուրեմն լիագումար նիստին 25 հատ հարց ու ելույթ եմ պատրաստելու այս հարցով: Ուրեմն ուշադիր լսեք ինչ եմ ասում՝ այս կառույցի աշխատանքի ողջ ընթացքը քննարկելու ենք մանրամասնությամբ: Որեւէ մեկը քիթ ու մռութ որ արեց՝ պրոբլեմ է ունենալու: ԱԺ պատգամավորները չեն եկել այստեղ քիթ ու մռութ տեսնելու, եկել են քննարկում անելու: Ու այդ քննարկումը պիտի լինի այնպես, ոնց ուզում է պատգամավորը, ոչ թե՝ ոնց ուզում է ինչ-որ մեկը»:

Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն էլ հիշեցրեց, որ ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեությունը վերահսկում է ԿԲ-ն: ԿԲ ներկայացուցիչ Ներսես Երիցյանը պատասխանեց, որ բավականին լուրջ թիմ է ձեւավորվել գրասենյակում, իրենք տեղում հարցեր են լուծում՝ առանց դատարաններ գնալու: Մարդկանց մատից փուշ են հանում: Ինչ վերաբերում է կառավարմանը, ծախսերը հաստատվում են հոգաբարձուների խորհրդի կողմից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031