ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է «Նավագնացության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը զեկուցեց, որ համաձայնագիրը 2019թ.-ին ստորագրվել է ԵՏՄ երկրների ղեկավարների միջեւ. «Համաձայնագիրը սահմանում է ԵՏՄ երկրների ներքին ջրային ուղիներում նավարկության կարգը, դյուրացնում երկրների նավերի մուտքը ջրային տարածքներ, բեռների փոխադրումը»:
Հավելենք, որ առաջիկայում համաձայնագիրը պետք է ներկայացվի ԱԺ լիագումար նիստում՝ քվեարկությամբ վավերացվելու նպատակով:
Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը Արմեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ «նախորդիվ զրուցել էինք այն մասին, որ ՀՀ-ն լաստանավ պետք է ձեռք բերի՝ հաշվի առնելով Լարսի խնդիրը: Նորություն կա՞»:
Կարդացեք նաև
Փոխնախարարը պատասխանեց. «Ռուսական կողմի հետ քննարկում ենք լաստանավի աշխատանքի հարցը: Երկու լաստանավ կա, որոնք մեզ առաջարկել են: Բայց դրանք այնքան էլ լավ վիճակում չեն, խորհուրդ չեն տվել դիտել դրանք»:
Արմեն Սիմոնյանի խոսքով՝ գործարար ոլորտի որոշ ներկայացուցիչներ ապրիլի մեկից ուզում են լաստանավային փոխադրումներ իրականացնել, իսկ թե որքանով է դա իրատեսական, քննարկման փուլում է:
Միքայել Մելքումյանը նաեւ բարձրաձայնեց՝ եղանակի պատճառով Լարսը փակ է, բեռնափոխադրողները շատ են ահազանգում: Փոխնախարարն արձագանքեց, որ պատճառը բացառապես եղանակն է. ձնահոսքի վտանգ կա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ