Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպիրտի գնի աճը կորոնավիրուսի հետ կապ չունի, իսկ սուպերմարկետների առեւտուրն աճել է 30 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

Մարտ 17,2020 12:52

«Երեկ կորոնավիրուսի միանգամից 22 դեպք եղավ: Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը 52-ն, է որոնցից 32-ը հայտնի նշանդրեքի մասնակիցներն են, իսկ 11-ը կապված է արտադրամասի հետ, որի մասին արդեն խոսել ենք»,- «Արտակարգ դրություն. Օր 1» վերնագրված ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ երեկ դեպքերն այդքան շատացել են, քանի որ առողջապահության նախարարությունը որոշել է մեկուսացված անձանց ուղղակի թեսթ անել, եւ յոթը հաստատվել է: Ի դեպ, վարչապետն ասաց, որ այդ յոթ անձինք որեւէ ախտանշան չեն ունեցել: Վարչապետն ասաց, որ 52 հաստատված դեպքերից երկուսը հիվանդ են թոքաբորբով եւ առողջապահության նախարարությունը երաշխավորում է, որ նրանք բուժվում են: Միայն նրանք ունեն ջերմություն: Մյուս հիվանդները ջերմություն չունեն:

Հիվանդության հաղթահարման համար, ռազմավարական առումով, վարչապետը կրկին շեշտեց`կարեւոր է յուրաքանչյուրի անհատական եւ սոցիալական պատասխանատվությունը: Կառավարության ներկայիս ռազմավարությունը հետեւյալն է`հետեւել եւ մեկուսացնել դրական ախտորոշված մարդկանց հետ շփում ունեցած մարդկանց. «Բայց հիմա փաստն այն է, որ մենք հիվանդանոցներում պահում ենք մարդկանց, ովքեր բուժման կարիք չունեն: Այստեղ մենք պետք է հասկանանք`որքանո՞վ է նպատակահարմար հիվանդանոցում պահել մարդկանց, ովքեր բուժում չեն ստանում»: Այդ մարդիկ, ըստ վարչապետի, կարող են իրենց տանն ապրել`պայմանով, որ այլ մարդկանց հետ պետք է շփում չունենան կամ շփումների սահմանափակում ունենան: «Եթե այսպես ենք նայում հարցին, հասկանում ենք, որ կորոնավիրուսը իրականում այնքան էլ սարսափելի չէ, ինչքան իր մասին ընդունված է ասել, երբ խոսքը գնում է 70-ից ցածր եւ խրոնիկ հիվանդություններ չունեցող մարդկանց»,- ասաց վարչապետը` հավելելով, որ այս առումով ռազմավարությունը պետք է վերանայել, այժմ քննարկումներ են ընթանում:

Նա կարծում է, որ եթե կարողանանք քաղաքացիական գիտակցության աստիճանն այնքան բարձրացնել, որպեսզի հասկանանք` կորոնավիրուսով կարելի է վարակվել տարեկան մեկ-երկու անգամ ու բուժվել, լարվածությունն ու կորոնավիրուսային իրավիճակը միանգամից կնվազեն: Քանի որ մենք մեկ հանրություն եւ ընտանիք ենք, վարչապետը կարծում է, որ չնայած արտակարգ դրությանը, ավելի լավ է ոչ թե ոստիկաններ կանգնեցնել դռների առջեւ, այլ հարցի նկատմամբ վերաբերմունքը փոխել. «Փառք Աստծո, այս պահին կորոնավիրուսային վարակը մեզ մոտ ընթանում է իբրեւ սովորական վիրուսային հիվանդություն»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ սպիրտի գնի աճին, ինչի մասին երեկ նաեւ խորհրդարանում հարց հնչեց: Վարչապետն ասաց` իրեն զեկուցել են, սպիրտի գնի աճը կապված է բացառապես Հարկային օրենսդրության փոփոխության հետ: Փոխվել է սպիրտի նվազագույն գինը:

Նիկոլ Փաշինյանին նաեւ զեկուցել են, որ ալկոգելի գնային փոփոխություն կորոնավիրուսի հետ կապված չի եղել: Կա գնաճ նպարեղենի հետ կապված, ինչը վարչապետն ասում է՝ պայմանավորված է մարդկանց խուճապային եւ ճգնաժամային գնումներով: Նա կոչ արեց հանդարտվել, քանի որ խանութները որեւէ ապրանքի պակաս չունեն. «Ինձ ասում են, որ խոշոր սուպերմարկետների ցանցերի առեւտուրն աճել է միջինը 30 տոկոսով, փոխարենը նվազել է փոքր ու մանր խանութների առեւտուրը»: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց`չմոռանալ փոքր եւ միջին բիզնեսի մասին, թեեւ հասկանում է, որ սուպերմարկետից հարմար է առեւտուր անելը:

Վարչապետն ասում է`կայուն է նաեւ ֆինանսական համակարգը:

Տնտեսական քաղաքականության մասին խոսելով էլ, Նիկոլ Փաշինյանն ասաց`շտապողական քայլեր կառավարությունը չի ցանկանում անել: Տնտեսական նպաստի գաղափարին վարչապետը դեմ է: Ամեն ծախսվող լումայի հիմքում, կարծում է, պետք է զարգացման ծրագիր դնել, որպեսզի ընկերություններն այս իրավիճակից դուրս գան ավելի ուժեղացված: Վարչապետը շարունակում է պնդել, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք տնտեսապես ավելի հզորացած: Օրական մի քանի քննարկումներ են տեղի ունենում եւ կառավարության ռազմավարական պլանը շուտով կհրապարակվի: Պատկերացումները արդեն հստակ են, վերջին ճշգրտումներն են արվում, որ ՀՀ տնտեսությունը թե երկարաժամկետ, թե կարճաժամկետ հատվածում շահած դուրս գա:

«Փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը կառավարելի է, կարող է կառավարելի լինել նաեւ երկարաժամկետ հատվածում, իհարկե, հաշվի առնելով բոլոր ռիսկերը: Ի վերջո, սա դառնալու է այնպիսի հիվանդություն, ինչպիսին է սովորական հարբուխը եւ գրիպը: Դրանք անվտանգ հիվանդություններ չեն, բայց կարեւոր է մեր վերաբերմունքը դրանց նկատմամբ: Մեզ կորոնավիրուսով չեն վախեցնի, մեզ կորոնավիրուսը չի վախեցնի: Լավ եղեք ժողովուրդ ջան: Դուխով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա կրկին կոչ արեց առիթն օգտագործել եւ առցանց ծառայություններից օգտվելու կուլտուրան բարձրացնել: Վարչապետը վստահ է, որ այս իրավիճակից դուրս ենք գալու ավելի գրագետ, ամրացած, թե որպես պետություն, թե որպես ազգ:

Շնորհակալություն հայտնեց թե բուժաշխատողներին, ոստիկանության աշխատողներին: Ասաց`այս ամենում կարեւորն այն է, որ քաղաքացին զգում է հարգանքն ի նկատմամբ:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/631692500709077/?__tn__=%2Cd%2CP-R&eid=ARAeIXZIGB0RiVMUyUdly363m6Q4tFbl_mJ3Q1S6oJt9ZZRGDV-w9a47RCav1nYuukZZwba_8NorGNry

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031