Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախում համաճարակի էպիկենտրոն առաջանալու պարագայում կստեղծվեն պաշտպանական-անվտանգային սպառնալիքներ. Ժամ առաջ Արցախում հայտարարել արտակարգ դրություն. «Սասնա Ծռեր»

Մարտ 17,2020 12:37

Ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը երեկ՝ 2020 թ. մարտի 16-ին, վերջապես արտակարգ դրություն հայտարարեց կորոնավիրուսի վարակի տարածման հնարավորինս կանխարգելման և դրա հետևանքների չեզոքացման նպատակով։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ձեռնարկվող միջոցառումները խիստ անբավարար են:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Սասնա Ծռեր» համահայկական շարժումը պատրաստակամ է իր բոլոր կարողություններով նպաստելու արտակարգ դրության ռեժիմի արդյունավետ գործադրմանը և առաջիկայում հանդես կգա նաև արտակարգ դրության ռեժիմի խստացման և կենսապահովման բավարար մեխանիզմների ներդրման վերաբերյալ առաջարկություններով:

Սակայն խիստ մտահոգիչ է, որ Արցախում արտակարգ դրության ռեժիմ չի հայտարարվում: Արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը նվիրված ՀՀ կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունից պարզ դարձավ, որ ընդամենը քաղաքացիներին կոչ է արվում, որ նրանք, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ ուղևորվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում, իսկ վարակի տարածումը կանխելու համար երկու ուղղություններով անցագրային կետերում ընդամենը կչափեն քաղաքացիների ջերմությունը և ջերմություն ունենալու պարագայում նրանց կխնդրեն վերադառնալ իրենց բնակության վայրեր:

Մինչդեռ Արցախը ՀՀ տարածքի և կյանքի մի մասն է, սոցիալ-տնտեսական ինտեգրվածության և փոխտեղաշարժի ինտենսիվության առումներով որևէ տարբերություն չկա Արցախի և ՀՀ մեկ այլ մարզի միջև: Արցախում ապրում են ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիներ, ուստի ՀՀ-ն պարտավոր է առանց խտրականության երաշխավորել նաև նրանց առողջության ու կյանքի իրավունքը:

Տեղին է մատնացույց անել, որ այսպիսի արտակարգ իրավիճակներում է շատ ցայտուն կերպով երևում, թե Արցախի կեղծ անկախությունն ինչպիսի սպառնալիք է ամբողջ Հայաստանի Հանրապետության համար, թե ինչպիսի ողբերգություն է Հայաստանի Հանրապետության արհեստական մասնատվածությունը, քանի որ դրա տրամաբանությանը հետևելու դեպքում ականատես ենք լինում ազգային անվտանգության համակարգի խափանման փաստին:

Արցախի տարածքում արտակարգ դրություն չհայտարարելու և պատշաճ վերահսկողություն չսահմանելու պարագայում, Արցախը կդառնա համաճարակի օջախ, ինչի պատճառով գրեթե կիմաստազրկվեն Երևանի և ՀՀ մյուս մարզերի տարածքում իրականացվող միջոցառումները:

Արցախում համաճարակի բռնկման ամենամեծ աղբյուրը և վտանգն այնտեղ անցկացվող ընտրություններն են, որոնք ուղեկցում են նաև բացօթյա և դահլիճային բազմամարդ հավաքներով՝ նաև Երևանից ու ՀՀ այլ մարզերից ժամանող քաղաքացիների մասնակցությամբ, իսկ վերջում եզրափակվելու են մեծ հանրահավաքներով և մարդկային հոծ կուտակումներ ենթադրող քվեարկությամբ:

Ի դեպ՝ մի շարք զարգացած ժողովրդավարական երկրներ, ընտրությունները դիտելով որպես համաճարակի բռնկման աղբյուր, արդեն հայտարարել են դրանք հետաձգելու մասին:

Գաղտնիք չէ, որ Արցախում համաճարակի էպիկենտրոն առաջանալու պարագայում կստեղծվեն ոչ միայն հավելյալ առողջապահական-անվտանգային, այլև պաշտպանական-անվտանգային սպառնալիքներ, հնարավոր է նաև՝ ճգնաժամ:

Այս վերահաս մարտահրավերից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ժամ առաջ արտակարգ դրություն հայտարարել նաև Արցախում և դրա ռեժիմի ապահովումն իրականացնել ամբողջ ՀՀ տարածքի համար միասնական կառավարման համատեքստում:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Արցախում ձեզ վաղուց են մերժել, հերիք մեջ ընկնեք անկապ առաջարկություններով:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031