Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:
Բարձր գնահատելով հայ-իռլանդական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանն իռլանդացի իր գործընկերոջն ուղղված՝ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքերի հետ մեկտեղ, անդրադարձել է տարիներ առաջ ունեցած իրենց հանդիպմանը: «Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը որպես Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պաշտոնավարելուս տարիներին և մեր զրույցը մշակույթի, պատմության և հայկական մանրանկարչության մասին»,-մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:
Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի վրա խարսխված հայ-իռլանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ, իսկ երկկողմ համագործակցության օրակարգը կհամալրվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով:
Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել համագործակցության նոր ուղղություններ նախանշել՝ հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում Իռլանդիայի հաջողությունները: Որպես այդպիսին՝ նախագահ Սարգսյանը առանձնացրել է ATOM (Advanced TOMorrow) նախագահական նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել բազմաֆունկցիոնալ գիտական և կրթական միջավայր, առաջարկելով բացառիկ փորձառություն տարբեր խմբերի համար՝ երեխաներից մինչև առաջատար կորպորացիաների հետազոտական բաժինների գիտնականներ:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ