Ի՞նչ է լինելու հանրաքվեի հետ, երբ արտակարգ ռեժիմն ավարտվի, ամեն ինչ սկսվում է նորի՞ց։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո, և ողջ գործընթացը նորից է սկսվում։
Տիկին Մելոյանը մեկ նրբություն ևս ընդգծեց. օրենքում հստակ սահմանված չէ, որ նոր հանրաքվե է նշանակվելու, արձանագրված է ընդամենը, որ այն հետաձգվում է, իսկ այս հանգամանքը տարբեր մեկնաբանությունների հիմք կարող է դառնալ։ Հնարավո՞ր է, որ այդ սողանցքը հաշվի առնելով, հանրաքվեն չեղարկվի. այս դիտարկմանն ի պատասխան սահմանադրագետը պարզաբանեց, որ եթե ՀՀ նախագահն անգամ եռօրյա ժամկետում հրամանագիր չստորագրի, իրավունքի ուժով հանրաքվե նշանակվելու է։ Ի դեպ, նախկինում էլ էր այս կարգավորումը գործում։
«Պիտի նկատի ունենալ, որ այս պարագայում հանրաքվեն չեղարկելու հիմք նախատեսված չէ։ Չեղարկելու համար լրացուցիչ այլ հիմքեր պիտի ունենալ, որոնք հետագայում կներկայացնեմ»,- ընդգծեց Գոհար Մելոյանը։ Իսկ առայժմ, ըստ մեր զրուցակցի, պետք է առաջնորդվել այն կանխավարկածով, որ հանրաքվեն ընդամենը հետաձգվում է, ոչ թե չեղարկվում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ