Ճարտարապետ, պատմաբան Սերգո Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս Երեւան այցելած ռուս բլոգեր Իլյա Վառլամովն իր հայտնի գրառումներում հատուկ ուշադրություն էր դարձրել մեր մայրաքաղաքի շենքերի արտաքին տեսքին, այն զարդարող տուֆին եւ դրա տարատեսակներին: Ցավոք, համապատասխան գերատեսչությունները նույն ուշադրությամբ եւ խնամքով չեն մոտեցել կառավարության շենքի արտաքին ճակատների որոշ հատվածների վերանորոգման աշխատանքներին: Համացանցում արդեն տարածվել են մի քանի գրառում եւ լուսանկար «դեպքի վայրից», եւ հայտնի է, որ աշխատանքներն այս պահին դադարեցված են: Մինչ դրանց վերսկսումը, փորձենք հասկանալ, թե որն է մտահոգության եւ հերթական ահազանգի առիթը:
Հավանաբար, ամենավիճելին՝ քարի ընտրության հարցն է: Համաձայն Կառավարության պաշտոնական կայքէջի (https://www.gov.am/am/building/)՝ շենքը կառուցված է վարդագույն ֆելզիտային տուֆով՝ բազալտե գետնախարիսխի վրա:
Շինարարական աշխատանքներն իրականացնողներն ու վերահսկողներն, առաջին հերթին, պետք է պատասխանեն հետեւյալ հարցին՝
-արդյո՞ք ընտրված քարը նույն հանքից է:
Թվում է թե ավելորդ բծախնդրություն է, սակայն ծանոթանալով տուֆի կամ ֆելզիտի բազմազան տարատեսակներին՝ յուրաքանչյուրը կհամոզվի, որ նմանօրինակ կարեւոր շենքի ռեստավրացիայի պարագայում անթուլյատրելի պետք է համարվեր նույնիսկ փոքրիկ շեղումը: Շատ հավանական է, որ ժամանակին շինարարները օգտվել են ոչ թե մեկ, այլ մի քանի տարբեր հանքերից, կամ առնվազն՝ օգտագործել են նույն հանքի քարի տարբեր տարատեսակներ: Դժվար չէ նկատել, որ ներկայումս օգտագործվել է ընդամենը մեկ տեսակ:
Մյուս՝ աչք ծակող տարբերությունը, քարի ծակոտկենությունն է: Տուֆն ունի բարձր դեկորային որակներ, եւ ծակոտկենության աստիճանը կարեւոր առանձնահատկություն է այս դեպքում:
Կարդացեք նաև
Բնական է, որ մեր օրերում սղոցով կտրած, սրբատաշ տուֆի տեսքը միանգամայն տարբերվում է տասնամյակներ առաջ կատարած մշակումներից: Բայց ռեստավրացիայի իմաստն էլ հենց այն է, որ տարբերությունը լինի աննշան, այլ ոչ թե աղաղակող:
Եթե ենթադրենք, որ քարի ընտրության հարցում եղել են բարդություններ, անհնար էր գտնել համապատասխան գույների եւ ձեւի քար, ապա ի՞նչն էր խանգարում նոր շարվող քարերի չափերի հարցում առաջնորդվել նույն՝ որոշակի անկանոնության սկզբունքով, այնպես ինչպես արված է ամբողջ շենքի ճակատների երկայնքով: Եթե սրան էլ հավելենք, օրինակ՝ անկյան հանգույցի մշակման բացակայությունը, պարզ է դառնում, որ ներկայումս ոչ թե վերականգնման աշխատանքներ են իրականացվում, այլ գործ ունենք սովորական «աբլիցովկա» կոչված երեւույթի հետ:
Հետաքրքիր է, որ տարիներ առաջ նույն շենքի վրա արդեն իսկ կատարվել են նման աշխատանքներ:
Քանի դեռ շինարարությունը դադարեցված է լավ կլիներ, որ համապատասխան գերատեսչությունները հաշվետվություն կամ ուսումնասիրություն ներկայացնեին թե՛ նախկինում կատարած աշխատանքների որոշ մանրամասների (օրինակ՝ ով է եղել վերականգնող ճարտարապետը, շինարարը, որ հանքից են օգտվել եւ այլն), թե՛, բնականաբար, ներկայումս կատարվողի վերաբերյալ:
Այնպես չէ, որ նախկինում արածը ակնառու թերություններ չունի:
Բայցեւայնպես, քարի մշակման (ծեծման) տեսակետից՝ ներկայիս համեմատ, շահեկանորեն տարբերվում է:
Բոլոր այս հարցերն, իսկապես, մտորելու տեղիք են տալիս: Ավելորդ է խոսել կոնկրետ այս շենքի պատմամշակութային արժեքի մասին, բայց դրա պահպանությանը պետք է լրջորեն մոտենալ: Քայքայված, վնասված հատվածները շատ են, եւ եթե դրանց վերականգնման մոտեցումը այսօր չփոխվի, տարիների ընթացքում վերոհիշյալ արժեքից ոչինչ չի մնա:
Իսկ վերջում, միամիտ հարց է ծագում. եթե մենք այսօր պատրաստ չենք այս հուշարձան շենքի առանձին դետալների մշակումը, վերականգնումը հավուր պատշաճի կազմակերպելու, ի՞նչ գործ ունենք հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքում, ի՞նչ ենք ուզում փորել, վերհանել այնտեղից եւ ի ցույց դնել»: