Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին պետք է լինեն սահմանափակումները ԶԼՄ-ների համար, որպեսզի դրանք չվերածվեն գրաքննության։
«Սահմանափակումները, որոնք նախատեսված են, ամենևին էլ չպետք է խաթարեն լրատվամիջոցների գործունեությունը։ Այն, ինչ վերաբերում է կորոնավիրուսին և դրա հետ կապված իրադարձությունների զարգացմանը, ապա այս դեպքում գերազանցապես պետք է ապավինել պետական, պաշտոնական տեղեկատվությանը։ Դա, սակայն, չի նշանակում, որ չի կարող հրապարակվել այլ տեղեկատվություն, եթե ԶԼՄ-ն կամ լրագրողը ձեռք են բերել այնպիսի փաստեր կամ տվյալներ, որոնք ունեն հանրային կարևոր նշանակություն։ Հաշվի պետք է առնել, որ այդ տեղեկությունները հիմնված են ստույգ, ճշգրտված փաստերի վրա։ Այս պայմաններում ուղղակի ավելի մեծ պատասխանատվությամբ պետք է աշխատեն ԶԼՄ-ները և դադարեն չճշտված տեղեկություններ հաղորդել, որոնք վերաբերում են կորոնավիրուսին և համաճարակին։ Եթե տեղեկությունը ճշգրիտ է և ունի հանրային մեծ նշանակություն, և դա որոշել է ԶԼՄ-ն, ապա այն անպայման պետք է հրապարակվի»,- ասաց Աշոտ Մելիքյանը։
Հետաքրքրվեցինք, թե անցած օրերի ընթացքում որոնք են եղել խուճապ առաջացնող կեղծ տեղեկությունները, որոնք ավելի ուշ հերքվել են։
««Ֆեյսբուք»-ում եղել են չճշտված տեղեկություններով գրառումներ, որոնք միտված են եղել խուճապային տրամադրություններ առաջացնելուն։ ԶԼՄ-ները, կարծես թե, ավելի պատասխանատու են մոտենում այդ խնդրին։ Կառավարության ընդունած որոշումը նախատեսում է ինքնին սահմանափակումներ, և այդ սահմանափակումները վերաբերում են նաև ԶԼՄ-ների գործունեությանը։ Կարծում եմ, որ այդ սահմանափակումները չպետք է խաթարեն ԶԼՄ-ների գործունեությունը, նրանք պետք է իրենց գործունեությունն իրականացնեն՝ հիմնվելով բացառապես ճշգրտված փաստերի վրա»,- նշեց Աշոտ Մելիքյանը։
Կարդացեք նաև
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում