Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ եւ վատ սովորությունների մասին

Մարտ 17,2020 10:00

Պետք է խոստովանեմ, որ, հասնելով բավականին պատկառելի տարիքի, ես չգիտեի, թե ինչպես է իրականում պետք լվանալ ձեռքերը՝ դրանցից բոլոր ախտերը վերացնելու համար: Վերջերս մի բժիշկ (բնականաբար՝ կորոնավիրուսի առիթով) դա ինձ եւ հեռուստադիտողներին մանրամասնորեն ցույց տվեց: Եվ ահա, արդեն չորրորդ օրն է, որ ես հենց այդպես էլ լվացվում եմ: Եվ դա անում եմ ավելի հաճախ, քան առաջ: Համաճարակը կանցնի, բայց երկու-երեք շաբաթների ընթացքում ինձ մոտ կձեւավորվի լավ սովորություն, որն ինձ պետք կգա հետագա կյանքի ընթացքում:

Սա համոզիչ օրինակ է, թե ինչպես վատ իրադարձությունները կարող են նպաստել լավ, ապրելու համար օգտակար սովորությունների ձեւավորմանը: Երբ վրա է հասնում համաճարակը, մարդիկ մտածում են, որ չի կարելի նստել ձեռքները ծալած: Ոմանց մոտ, սակայն, գործելու ցանկությունը ձեռք է բերում անհեթեթ, զավեշտալի դրսեւորումներ: Օրինակ, արկղերով մակարոն կամ զուգարանի թուղթ ձեռք բերելու տեսքով:

Բայց կարելի է գործել նաեւ ռացիոնալ ուղղությամբ՝ պահպանել հիգիենայի կանոնները, սահմանափակել շփումները, հավաքույթներ չկազմակերպել եւ դրանց չմասնակցել, աջուձախ համբույրներ չշռայլել: Իսկ ընդհանուր, սկզբունքային լուծումը գրիպի եւ այլ հիվանդությունների դեմ պայքարում իմունային համակարգն ուժեղացնելն է՝ մարզվելը, կոփվելը, մաքուր օդին հնարավորինս շատ մնալը: Դրանք լավ սովորություններ են, որոնք կարելի է զարգացնել ցանկացած տարիքում եւ սոցիալական ցանկացած վիճակում:

Իսկ թե որոնք են վատ սովորությունները՝ բոլորին քաջ հայտնի է: Օրինակ՝ չարախոսելն ու բամբասելը իրական կամ վիրտուալ տարածքում: Վատ սովորություն է նաեւ րոպեն մեկ համացանց մտնելն ու տագնապալի լուրեր որսալը՝ հաշվի չառնելով, որ դրանց մեծ մասը կեղծ են:

Եթե խոսենք ներկայիս ժամանակահատվածի մասին, ապա եկեք պարզենք՝ ի՞նչ կլինի օրինակ, եթե դուք Հայաստանում եւ աշխարհում վարակվածների թիվն իմանաք ոչ թե հինգ րոպեն մեկ, այլ, ասենք, երեք կամ անգամ վեց ժամը մեկ: Ի՞նչ է դա փոխելու ձեր կյանքում: Օրուգիշեր սոցցանցերում ապրելն ընդամենը վատ սովորություն է, որը դարձյալ կարելի է հաղթահարել ցանկացած տարիքում եւ անկախ նյութական կարգավիճակից:

Դրա փոխարեն՝ օգտվելով իրավիճակի առանձնահատկություններից, փորձենք բարձրաձայն գիրք կարդալ մեր հարազատների համար: Սա լավ սովորություն է, որը, ցավոք, վերացել է մեր կյանքից՝ հեռուստատեսության, իսկ այնուհետեւ համացանցի զարգացմանը զուգահեռ:

…Ըստ որոշ հետազոտողների՝ Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոնի» նովելների մեծ մասը գրվել է 1348թ. ժանտախտի ժամանակ, երբ գրողը հնարավորություն ուներ կատարելապես «ինքնամեկուսանալու» աշխարհից: Ինչպես հայտնի է՝ գրքի սյուժետային գծերից մեկն այն է, որ երեք ազնվական երիտասարդներ եւ յոթ տիկնայք, փախչելով ժանտախտից, մեկուսանում են Ֆլորենցիայի արվարձանում եւ սկսում են իրար հետաքրքիր պատմություններ պատմել: Եվ ես հիմա մտածում եմ՝ քանի որ կորոնավիրուսի ազդեցության տակ մարդիկ ավելի շատ պիտի նստեն տանը՝ նրանք ավելի շատ ժամանակ կանցկացնեն հարազատների հետ: Այդ դեպքում դա կլինի համաճարակի արդյունքում ձեւավորված եւս մի լավ սովորություն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Էն օրը Նիւ-Եօրք Փրեսբիթերիանում ձեռքերս եմ լուանում, կողքիս տղէն թէ բա «լաւ էլ մանրամասն ես լուանում»: Ասի «տղայ ջա՛ն, սաղ կեանքս մանրէների հետ եմ գործ ունեցել, ներառեալ լենտիվիրուսները»:

    Իրականում մեր լաբերում որ նոր ուսանող է գալիս առաջին մի քանի օրը/շաբաթը սովորեցնում ենք մաքուր աշխատել: Ճիշտ է՝ երբեմն ձանձրալի է, բայց այլ տարբերակ չկայ: Ցողունային բջիջների, մանրէաբանական կամ կլոնաւորման փորձեր կան, որ 2-6 ամիս են տեւում ու եթէ մաքուր չաշխատես, ամբողջը կէս վայրկեանում ջուրը կը լցուի:

    Բայց ինձ մի ուրիշ բան է զարմացնում: Թէ՛ Ամերիկայում, թէ՛ Գերմանիայում եւ թէ՛ Հայաստանում, ժողովուրդը խանութներից զուգարանի թուղթ է կրում: Առանց կատակի կամ հեգնանքի եմ հարցնում՝ ԻՆՉՈ՞Ւ 🙂

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031