«Ինձ ուղարկել են 30 լուսանկարներ եւ տեսանյութեր՝ ապրանքը լիքն է, գնորդ չկա»,-կառավարության կողմից ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցադրումներին, որ կորոնավիրուսի պատճառով խանութները դատարկվում են, մարդիկ մեծաքանակ գնումներ են կատարում:
Փաշինյանը հակադարձեց, որ իրեն ուղարկած լուսանկարներն այս պատկեր են ցույց տալիս: ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը չհամաձայնեց՝ ասելով, որ իրեն այլ լուսանկարներ են ուղարկել՝ գնորդներով լիքը սուպերմարկետներ: Փաշինյանը խորհուրդ տվեց Կոմիտասի պողոտայի սուպարմարկետներ այցելել, որտեղ հերթեր չկան:
Ապա ասաց. «Դավթաշենի սուպերմարկետի հերթում կանգնածներին կոչ եմ անում գնալ Գյուլբենկյան փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետը, որտեղ աշխատողները ձանձրանում են, մարդ չկա: Ում հարմար չի, նույն փողոցի Արեւ սուպերմարկետ գնացեք: Ինձ նոր նկարներ ուղարկեցին, դատարկ է, ապրանքները՝ լիքը: Ասում էիք, թե հերթ է, աժիոտաժ է…Դավթաշենի «Ծիրան» խանութում եւս դատարկ է»: Պատգամավորների մի մասը, սակայն, տեղից պնդեցին, որ այլ սուպերմարկետներում պատկերը հակառակն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ